Կոնվերսբանկը 2010թ.-ի վերջին նպատակ ունի շահույթի մակարդակով գերազանցել 2 միլիարդ դրամը

18.11.2010 14:49
Կոնվերսբանկը 2010թ.-ի վերջին նպատակ ունի շահույթի մակարդակով գերազանցել 2 միլիարդ դրամը

Կոնվերսբանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Տիգրան Դավթյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ». Պրն Դավթյան, Կոնվերսբանկը 2010 .-ի ինը ամսվա արդյունքում շուրջ 1,5 միլիարդ դրամի շահույթ է ստացել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,4 միլիարդ դրամ վնասի փոխարեն, ինչպե՞ս դա ձեզ հաջողվեց:

Տ. Դավթյան. Նախորդ տարվա վնասի հիմնական պատճառը համաշխարհային ճգնաժամի պատճառով ի հայտ եկած «վատ» վարկերն էին, որոնցից մի քանիսը մենք ստիպված եղանք դուրս գրել: Մեզ մոտ նման վատ վիճակ ստեղծվեց այն պատճառով, որ փորձեցինք մաքրել պորտֆելը բոլոր «վատ» վարկերից և հասկանալ, թե իրականում ինչ ունենք: Բանկը վնաս կրեց նաև նախորդ տարվա մարտին դրամի կտրուկ արժևորման հետևանքով: Այս իրավիճակում մենք իրավիճակի կայունացման նպատակով որոշ քայլեր ձեռնարկեցինք: Առաջին հերթին, մենք ճգնաժամի պատճառով փոքր-ինչ փոխեցինք վարկային քաղաքականությունը և սկսեցինք աշխատել զգույշ և ավելի պահպանողական: Բացի այդ, 2010թ.-ի սկզբին ստեղծեցինք «վատ» ակտիվների հետ աշխատանքի հատուկ բաժին: Մեզ հաջողվեց վերադարձնել դուրս գրված ակտիվներից շատերը, ինչպես նաև դասակարգել «վատ» ակտիվները՝ քայլ առ քայլ աշխատելով «վատ» հաճախորդների հետ:

Թիմն այս տարի լավ աշխատեց: Բանկը լավ արդյունքներ է ցույց տալիս ոչ միայն վերադարձի, այլև գործառնական շահույթի տեսակետից: Մենք մտադիր ենք մինչև տարեվերջ պլանային ցուցանիշն ապահովել շուրջ 2 միլիարդ դրամի չափով և անգամ հույս ունենք գերազանցել այն:

«ԱՌԿԱ». Վարկային պորտֆելում ի՞նչ մասնաբաժին էին կազմում «վատ» վարկերը նախորդ տարի և այսօր:

Տ. Դավթյան. 2009 թ.-ի սեպտեմբերի դրությամբ «վատ» վարկերը կազմում էին վարկային պորտֆելի 18 տոկոսը: Այսօր այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 7,7 տոկոսի: Միաժամանակ բանկում ստեղծված բաժինը շարունակում է ակտիվորեն աշխատել վարկային պորտֆելի որակի բարելավման ուղղությամբ:

«ԱՌԿԱ». Առաջիկայում բանկը տնտեսության ո՞ր ոլորտների վարկավորումն է նախատեսում զարգացնել:

Տ. Դավթյան. Հաշվի առնելով այսօր բանկի կողմից ռիթեյլ-բանկինգի և post-banking շրջանակներում անցկացվող քաղաքականությունը՝ հիմնական շեշտը դրվելու է ռիթեյլ-բանկինգի վրա: Ուշադրության կարժանանա փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը, զուգահեռաբար կանցկացվի անհատական վարկավորում: Մենք շատ ակտիվ զարգացնում ենք այս երկու ուղղությունները և դրանց հետ ենք կապում բանկի ապագան:

Լինելով ունիվերսալ բանկ՝ մենք պահպանում ենք գոյություն ունեցող կորպորատիվ պորտֆելը, սակայն չենք փորձում ավելացնել այն: Եվ առաջիկայում հիմնական շեշտը կդրվի հենց փոքր և միջին բիզնեսի, ագրոֆինանսավորման, էներգետիկայի ոլորտի վարկավորման վրա, այդ թվում նաև՝ փոքր ՀԷԿ-ի գծով, ինչպես նաև՝ անհատական, հիփոթեքային վարկավորման և ավտովարկավորման վրա:

Կոնվերսբանկը 20 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ: Մենք պայմանավորվածություն ունենք, որ այդ միջոցների տեղաբաշխման դեպքում կկարողանանք ստանալ լրացուցիչ միջոցներ:

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն կլինի Կոնվերսբանկի տոկոսադրույքների ռազմավարությունը, և ո՞ր տոկոսադրույքներն են ավելի օպտիմալ Հայաստանի համար:

Տ. Դավթյան. Մենք արդեն վերանայել ենք մեր տոկոսադրույքները: Հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները սկսվում են տարեկան 12 տոկոսից, ավտովարկավորման տոկոսադրույքները՝ շուրջ 14 տոկոսից, փոքր և միջին բիզնեսի վարկավորման տոկոսադրույքները՝ 14-16 տոկոսից, իսկ ագրոֆինանսավորման տոկոսադրույքները՝ սկսած 12 տոկոսից: Ամենաբարձր տոկոսադրույքները «գրավատների» վարկերի գծով են՝ 22 տոկոս:

Միաժամանակ մենք պատրաստ ենք նվազեցնել դեպոզիտների տոկոսադրույքները, քանի որ եթե ներգրավված և տրամադրված միջոցների միջև մարժան շատ մեծ լինի, ապա մենք չենք կարող ցածր տոկոսադրույքներով վարկավորում իրականացնել, եթե դեպոզիտային տոկոսադրույքը շատ բարձր լինի: Օրինակ, այսօր մենք դոլարային դեպոզիտները ներգրավում ենք 7 տոկոսով և չենք կարող նույն տոկոսադրույքով վարկեր տրամադրել:

Մենք նվազեցրել ենք մեր տոկոսադրույքները, և այսօր մեր դեպոզիտային տոկոսադրույքները շուկայում գոյություն ունեցող ամենացածրերից մեկն են: Կարծում եմ, որ մոտ ապագայում դրանք ավելի կնվազեցնենք, եթե նույնիսկ այլ բանկերը շարունակեն պահպանել իրենց տոկոսադրույքները:

Իմ կարծիքով՝ Հայաստանի համար այսօր վարկավորման իրական տոկոսադրույքը կազմում է տարեկան 10-12 տոկոս: Վարկառուները համաձայն են նաև, որ դա նորմալ տոկոսադրույք է վարկի համար: Շատ բանկեր հնարավորություն ունեն մայր բանկերից 3-4 տոկոսով միջոցներ ներգրավել, իսկ այն բանկերը, որոնք չունեն նման հնարավորություն, ստիպված են ներգրավել հայկական շուկայից:

«ԱՌԿԱ». Իսկ ի՞նչ միտումներ են սպասվում վարկավորման շուկայում՝ հաշվի առնելով դոլարի և ռուբլու արժեզրկումը:

Տ. Դավթյան. Վերջին տարվա ընթացքում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, վարկունակ հաճախորդների թիվը պակասել է: Եթե մի քանի տարի առաջ հաճախորդները վազում էին բանկերի հետևից, ապա այսօր բանկերն իրենք են վազում հաճախորդների հետևից, ավելին՝ գրավում են նրանց այլ բանկերից:

Սա նորմալ մրցակցություն է, երբ հաճախորդին առաջարկում են տեղափոխվել այլ բանկ ավելի լավ պայմաններով: Միտումն այնպիսին է, որ բանկերը նվազեցնեն տոկոսադրույքները վարկունակ հաճախորդների համար՝ նրանց պահելու նպատակով: Ռիսկային հաճախորդների համար տոկոսադրույքները կպահպանվեն բարձր մակարդակի վրա, այսինքն` քաղաքականությունը ճկուն կլինի:

Այժմ շուկայում ֆոնդավորման հետ կապված խնդիր չկա: Գրեթե բոլոր բանկերը լիկվիդայնության ավելցուկ ունեն և պատրաստ են ֆինանսավորել: Իսկ տնտեսության օրենքի համաձայն, երբ ցածր պահանջարկի դեպքում առաջարկ կա, տոկոսադրույքները պետք է նվազեն: Այդ պատճառով ես կարծում եմ, որ նման միտում է սպասվում:

«ԱՌԿԱ». Իսկ այսօր բանկում ինչպիսի՞ն է դրամային և արժութային ներդրումների հարաբերակցությունը, և ի՞նչ գործոններով են դրանք պայմանավորված:

Տ. Դավթյան. Դրամային և դոլարային ներդրումների հարաբերակցությունն այսօրվա դրությամբ կազմում է մոտավորապես 25-ը 75-ի: Այս ամենի պատճառը 2009թ.-ի մարտն էր: Կար պահ, երբ մեզ մոտ հարաբերակցությունը 50-50 էր: Սակայն նախորդ տարվա մարտից հետո կշեռքի նժարը 20 տոկոսով թեքվեց դեպի դոլարային դեպոզիտներ, մարդիկ սկսեցին զանգվածաբար դրամային դեպոզիտները վերածել դոլարայինի:

Այժմ հարաբերակցությունը փոքր-ինչ հավասարվում է, քանի որ բնակչությունը կրկին սկսեց հավատալ ազգային արժույթին: Կոնվերսբանկը վերջերս դրամային դեպոզիտների ներգրավման ակցիա անցկացրեց, և մեզ հաջողվեց դրամով զգալի գումար հավաքել: Մարդիկ կատարում են դրամային ներդրումներ, չնայած ոչ այդքան պատրաստակամորեն:

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս կզարգանա Post Bank նախագիծը:

Տ. Դավթյան. Նախագիծը մեկնարկել է Բաղրամյանի վրա գտնվող 19-րդ փոստային բաժանմունքից: Ասեմ, որ այսօր մենք մասնաճյուղերի գծով բաժանում ենք կատարել. Կոնվերսբանկի մասնաճյուղեր, որոնք առաջարկում են ավանդական բանկային ծառայություններ և փոստային բաժանմունքներում գտնվող Կոնվերսբանկի մասնաճյուղեր:

Converse Post Bank ապրանքանիշի ներքո մենք աշխատում ենք գրեթե բոլոր փոստային բաժանմունքներում, որտեղ բացվում է Կոնվերսբանկի մասնաճյուղ, որպեսզի մարդիկ իմանան, որ այդ մասնաճյուղում սահմանափակ թվով ծսռայություններ են մատուցվում: Օրինակ, իրավաբանական անձը չի կարող գալ այնտեղ և վարկ խնդրել կամ հաշիվ բացել, քանի որ այդ մասնաճյուղերը նախատեսված են միայն ֆիզիկական անձանց համար:

Երկու մասնաճյուղ ենք բացել Կապանում, որոնցից առաջինը տրամադրելու է բոլոր տեսակի ծառայություններ, իսկ փոստբանկը ծառայություններ է տրամադրելու ֆիզիկական անձանց: Բացի այդ, մենք տարածքային back office ենք բացել, որը օժանդակ ծառայություններ է մատուցել Հայաստանի հարավային մարզերի համար՝ Post Bank-ի հետագա զարգացման հեռանկարով:

Մենք պայմանագիր ունենք «Հայփոստի» հետ, որի համաձայն՝ ամենուր, որտեղ կարդիականացվեն փոստային բաժանմունքները, կբացվեն նաև մեր մասնաճյուղերը: Համապատասխան ցանկը համաձայնեցվում է աշխատանքային խմբի շրջանակներում, որն աշխատում է այդ ծրագրով: Կոնվերսբանկում գործում է post banking-ի բաժին, որը մեխանիզմներ է մշակում, աշխատում է փաստաթղթերի և գործառնությունների հետ:

Մենք հինգ տարվա ընթացքում նախատեսում ենք 250 բաժանմունք բացել, իսկ դա տարեկան շուրջ 50 բաժանմունք է: Այժմ մենք ունենք երկու մասնաճյուղ, երեքն արդեն ներկայացված են գրանցման, պատրաստվում է ևս տասը մասնաճյուղ, և մենք աստիճանաբար բացելու ենք արդիականացված բաժանմունքներ ոչ միայն Երևանում, այլև ողջ Հայաստանում:

Այս պահին բաժանմունքում ֆիզիկական անձանց վարկավորում չի իրականացվում, սակայն մոտ ապագայում բանկային ծառայության այս տեսակը ևս կտրամադրվի: Այսօր մենք առաջարկում ենք հաշվի բացման, տարադրամի փոխանակման, դեբետային քարտերի, դրամական փոխանցումների հետ կապված ծառայություններ:

Այս ծրագիրը բավականին հետաքրքիր է ոչ միայն Կոնվերսբանկի կամ փոստի, այլև Հայաստանի բնակչության համար: Մարդիկ կկարողանան գալ փոստային բաժանմունքներ և օգտվել փոստային-բանկային ծառայությունների ողջ շրջանակից: Դա գրավիչ կլինի մասնավորապես թոշակառուների համար, քանի որ 2011 թ.-ից նախատեսվում է թոշակները տրամադրել բանկերի միջոցով:

«ԱՌԿԱ». Կոնվերսբանկը մտադի՞ր է դուրս գալ ԱՊՀ երկրների շուկաներ:

Տ. Դավթյան. Դեռ նման ծրագրեր չունենք: Բանն այն է, որ փոստային բանկի նախագիծը բավականին ծավալուն է, դժվար և պատասխանատու, և մենք ցանկանում ենք կենտրոնանալ այդ նախագծի վրա, իսկ հետո մտածել այլ շուկաներ դուրս գալու մասին:

«ԱՌԿԱ». Նախատեսվու՞մ են, արդյոք, փոփոխություններ բանկի կապիտալում:

Տ. Դավթյան. Նախորդ ամիս մենք սեփականատերերի ուղիղ ներդրումների միջոցով կապիտալն ավելացրեցինք 1,4 միլիարդ դրամով: Կարծում եմ, որ հետագա ավելացում ևս ծրագրվում է:

«ԱՌԿԱ». Կոնվերսբանկը մտադի՞ր է շուկայում որևէ նոր առաջարկներ ներկայացնել:

Տ. Դավթյան. Մենք բանկային համակարգում նորարար դիրքորոշում ունենք և փորձում ենք նոր ծառայություններ ներդնել: Այսպես, մենք բանկի հաճախորդներին առաջարկել ենք աննախադեպ ծառայություն՝ «ոսկե հաշվի» բացում: Սա ֆիզիկական անձանց համար նախատեսված ներդրում է, առարկայազուրկ մետաղական հաշիվների տեսակ, երբ հաճախորդը կարող է որոշակի գումարի ոսկի գնել, հաշիվ բացել և բոլոր օպերացիաներն իրականացնել առարկայազուրկ ձևով: Հետագայում նման ներդրումը կարող է գործել որպես սովորական բանկային հաշիվ: Այն կարող է համալրվել, հաճախորդը կարող է հաշվից ոսկու գրամին համարժեք միջոցներ հանել: Հնարավոր է նաև հանել «կանխիկ»՝ այս կամ այն զանգվածի ոսկե ձուլակտոր:

Սա, իրականում, շատ լավ այլընտրանք է: Մենք դեպոզիտներ ենք առաջարկում դրամով, եվրոյով, դոլարով, ներդրումային ծառայություններ արժեթղթերի մեջ ավանդ կատարելու տեսքով, և «ոսկե ավանդը» ևս մեկ այլընտրանք է:

«ԱՌԿԱ». Ձեր կարծիքով՝ Հայաստանում այս ծառայությունը պահանջարկ կունենա՞:

Տ. Դավթյան. Կարծում եմ՝ այո: Եթե նայենք վերջին 40 տարվա վիճակագրությանը, ապա ոսկու գինն ավելացել է 1400 անգամ, ինչը կազմում է 3500 տոկոս: Վերջին տարվա ընթացքում ոսկու գինն ավելացել է 20 տոկոսով, արծաթի գինը՝ 40 տոկոսով:

Բացի այդ, համոզված եմ, որ խնայողությունները հարկավոր է պահել դիվերսիֆիկացված տեսքով՝ դրամային և դոլարային դեպոզիտներով, իսկ ինչ-որ մաս կարելի է պահել ոսկու տեսքով: Մենք չենք կարծում, որ ծառայության այս տեսակը կդառնա մեր դեպոզիտների հիմնական մրցակիցը, որտեղ առաջին տեղում դոլարով, այնուհետևով եվրոյով և դրամով դեպոզիտներն են, ինչպես նաև արժեթղթերը: Սակայն որպես այլընտրանքային ներդրում՝ այս ծառայությունն աշխատում է, և ես խորհուրդ կտայի հենց նման ձևով դիվերսիֆիկացնել խնայողությունները:

«ԱՌԿԱ». Որքա՞ն է ոսկու ձուլակտորի նվազագույն զանգվածը, որ կարելի է գնել այս ծառայության միջոցով:

Տ. Դավթյան. Հաշվի վրա կարող է լինել, օրինակ, 115,56 գրամ՝ սկսած 4 գրամից: Ոսկու ձուլակտորները սկսվում են մեկ գրամից և հասնում շուրջ 12 կգ-ի: Բանկն արդեն ներդրել է այս ծառայությունը, և արդեն հաճախորդներ ունենք: Բացի այդ, մենք առաջարկել ենք ևս մեկ նմանատիպ ծառայություն՝ «Ոսկե երեխա» դեպոզիտը: Ծնողները «ոսկե հաշիվ» են բացում և ավանդ են ներդրում երեխայի անունով: Երբ երեխան դառնա 16 տարեկան, նա կկարողանա օգտվել այդ ոսկուց: Այս դեպքում դեպոզիտի տոկոսները չեն ավելանում, և ավելի լավ է, երբ ծնողները պարբերաբար ոսկու ինչ-որ քանակություն են դնում հաշվի վրա:

Երկրորդ ապրանքը ARCA DIRECKT-ն է, որը մենք ստեղծել ենք Armenian Card վճարային համակարգի միջոցով, և այսօրվա դրությամբ միակն ենք, որ նման բան է առաջարկում:

Տեխնոլոգիական և նորարար ապրանքների տեսակետից մենք ևս փորձում ենք շուկայից հետ չմնալ: Վերջերս մենք մեր հաճախորդներին առաջարկել ենք Ինտերնետ-բանկինգ, ինչպես նաև SMS-բանկինգ ծառայությունը, երբ բանկային որոշ ծառայություններից կարելի է օգտվել բջջային հեռախոսի միջոցով:

Բացի այդ, մենք ներդրել ենք հայկական բանկային համակարգում այսօրվա դրությամբ ամենամեծ դիսկոնտային համակարգը: Մենք պայմանագրեր ունենք ավելի քան 260 առևտրային կետերի հետ, և նրանց թիվն ավելանում է: Սա հնարավորություն է տալիս մեր քարտապաններին Հայաստանում զեղչեր ստանալ անկանխիկ վճար կատարելու դեպքում:

Մենք նաև պայմանագիր ունենք VISA International-ի հետ, որի համաձայն, 50 հազար առևտրային կետերում առաջարկվում է մինչև 75 տոկոս զեղչ, եթե վճարումը կատարվում է մեր VISA քարտերով: Այսպիսով, շատ կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվել է դառնալ ամենամեծ բանկը առևտրային կետերի թվով, որոնք զեղչեր են տրամադրում մեր պլաստիկ քարտերով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև