Կոնվերսբանկը Հայաստանի համար աննախադեպ՝ «ոսկե հաշվի» բացում ծառայություն է ներդրել

19.11.2010 15:30
Կոնվերսբանկը Հայաստանի համար աննախադեպ՝ «ոսկե հաշվի» բացում ծառայություն է ներդրել

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է աննախադեպ ծառայություն՝ «ոսկե հաշվի» բացում, ասել է բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Տիգրան Դավթյանը:

«Սա ֆիզիկական անձանց համար նախատեսված ներդրում է, առարկայազուրկ մետաղական հաշիվների տեսակ, երբ հաճախորդը կարող է որոշակի գումարի ոսկի գնել, հաշիվ բացել և բոլոր օպերացիաներն իրականացնել առարկայազուրկ ձևով», - ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Դավթյանի խոսքերով՝ հետագայում նման ներդրումը կարող է գործել որպես սովորական բանկային հաշիվ: Այն կարող է համալրվել, հաճախորդը կարող է հաշվից ոսկու գրամին համարժեք միջոցներ հանել: Հնարավոր է նաև հանել «կանխիկ»՝ այս կամ այն զանգվածի ոսկե ձուլակտոր:

«Սա, իրականում, շատ լավ այլընտրանք է: Մենք դեպոզիտներ ենք առաջարկում դրամով, եվրոյով, դոլարով, ներդրումային ծառայություններ արժեթղթերի մեջ ավանդ կատարելու տեսքով, և «ոսկե ավանդը» ևս մեկ այլընտրանք է», - պարզաբանել է նա:

Միաժամանակ Դավթյանը կարծում է, որ Հայաստանում բանկային ծառայության այս տեսակը պահանջարկ կունենա, քանի որ վերջին 40 տարվա վիճակագրությամբ ոսկու գինն ավելացել է 1400 անգամ, ինչը կազմում է 3500 տոկոս:

Վարչության նախագահը տեղեկացրել է նաև, որ ոսկու ձուլակտորները սկսվում են մեկ գրամից և հասնում շուրջ 12 կգ-ի: Նա նշել է, որ բանկն արդեն ներդրել է այս ծառայությունը, և «մենք արդեն հաճախորդներ ունենք»:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 20-ին, 2007 թ.-ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատերն է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը: Մնացած հինգ տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև