ՀՀ բանկերի կողմից III եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 10,5%

26.11.2010 14:32
ՀՀ բանկերի կողմից III եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 10,5%

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կողմից երրորդ եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 10,5 տոկոսով՝ հասնելով շուրջ 516,7 միլիարդ դրամի (2010 թ.-ի երկրորդ եռամսյակում գրանցվել է 467,6 միլիարդ դրամ):

Բանկերի 2010 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է շուրջ 854 միլիարդ դրամ՝ հունիսի 30-ին գրանցված 804,1 միլիարդ դրամի համեմատ: Փաստորեն, մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը բաժին է հասել բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 60,5 տոկոսը:

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծությունը, 2010 թ.- սեպտեմբերի վերջի դրությամբ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի կողմից շուկայի այդ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 14,6 տոկոս: Ամերիաբանկի վարկային ընդհանուր պորտֆելում 83,12 տոկոսը կամ 75,2 միլիարդ դրամը բաժին է հասնում մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը (60,8 միլիարդ դրամ հունիսի 30-ի դրությամբ):

Մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում պետք է նշել նաև HSBC-Հայաստան բանկին (61,1 միլիարդ դրամ), Հայբիզնեբանկին (շուրջ 58 միլիարդ դրամ), Յունիբանկին (շուրջ 42 միլիարդ դրամ) և Արդշինինվեստբանկին (35,8 միլիարդ դրամ): Այս բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 73,55, 75,7, 56,19 և 59,75 տոկոս:

Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ գրանցված է 21 առևտրային բանկ և 399 մասնաճյուղ: (1 դոլարը 360,3 դրամ է): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև