ՀԲ-ն «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» ծրագրով 24 մլն դոլար կտրամադրի Հայաստանին

01.12.2010 15:45
ՀԲ-ն «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» ծրագրով 24 մլն դոլար կտրամադրի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն նոյեմբերի 30-ին հաստատել է «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագիրը` 24 միլիոն ԱՄՆ դոլարի չափով,  չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀԲ-ի երևանյան ներկայացուցչությունից։

«Այս խիստ նորարարական ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարության` Հայաստանում մրցունակ էլեկտրոնային հասարակության և ձեռնարկությունների համար նորարարության սահմանափակումների խնդրի լուծմանն ուղղված ընթացիկ ջանքերին` ամրապնդելով   ենթակառուցվածքներն ու նպաստավոր միջավայրը: Ծրագիրը լիովին համահունչ է Կառավարության` ներառական էլեկտրոնային հասարակության տեսլականին, որն ուրվագծված է ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես ասվում է մամլո հաղորդագրության մեջ, ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 30 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 6 միլիոն ԱՄՆ դոլարը Հայաստանի կառավարությունը կֆինանսավորի իր սեփական միջոցներով: ՎԶՄԲ-ի 24 միլիոն ԱՄՆ դոլար գումարով հատուկ ներդրումային վարկը ունի 25 տարվա մարման ժամկետ, այդ թվում` 10 տարի արտոնյալ ժամկետ:

Ծրագիրը հատուկ նախագծված է Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի բազմաթիվ մարտահրավերները դիմագրավելու և ձեռնարկություններում նորարարությունը խթանելու նպատակով: Այն օժանդակում է  քաղաքացիների, ձեռնարկությունների և պետական հաստատությունների համար լայնաշերտ ինտերնետային կապի մատչելի ծառայություններից օգտվելու հնարավորության ավելացմանը (ազգային ինտերնետային լայնաշերտ հիմնացանցի և կառավարական ցանցի ստեղծման միջոցով), քաղաքացիներին և ձեռնարկություններին էլեկտրոնային գործարքների իսկությունը ստուգելու գործիքով ապահովմանը («Թվային քաղաքացի» ծրագիր) և քաղաքացիների համար մատչելի համակարգիչների, ինչպես նաև էլեկտրոնային ծառայությունների հասանելիության բարձրացմանն («Համակարգիչ բոլորի համար» ծրագիր) ուղղված միջոցառումներին:

«Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» ծրագիրը կխթանի նաև գիտելիքով ու տեխնոլոգիայով առաջնորդվող ձեռնարկությունների ստեղծումը, աճն ու մրցունակությունը` միաժամանակ ավանդական ճյուղերում խրախուսելով նոր տեխնոլոգիաների որդեգրումը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, նման միջոցառումները թույլ կտան  ներդնել մասնավոր հատվածում տեխնոլոգիաների յուրացման, նորարարության և առևտրայնացման տեմպը, խթանել  հետազոտությունների և արտադրության միջև համագործակցությունը, նպաստել Հայաստանում գիտելիքով և տեխնոլոգիայով առաջնորդվող ընկերությունների ձևավորմանը: Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը ընկերությունների և ձեռնարկությունների համար հասանելի կդարձնի նոու-հաուն, ծառայություններն ու հնարավորությունները, որոնք ներկայումս մատչելի չեն այս մարզում:

«Այս նորարարական ծրագրով փորձ է արվում զարկ տալ ՏՀՏ-ին` որպես Հայաստանում աճի և աշխատատեղերի ստեղծման նոր շարժիչ։ Համակարգիչներից օգտվելու հնարավորության բարելավումը և բարձր արագությամբ ինտերնետ կապը կօգնեն տնտեսության արտադրողականության բարձրացմանը, կխթանեն նորարարությունը, կավելացնեն ընտանիքների և փոքր ձեռնարկությունների եկամուտները և կօգնեն աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց Ասադ Ալամը` Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրենը:

Ինչպես կարծում է ՀԲ նախագծային խմբի ղեկավար Խուան Նավաս-Սաբաթերը, չնայած վերջին մի քանի տարիների խոստումնալից զարգացումներին, ոլորտում շարունակում են պահպանվել լուրջ մարտահրավերներ։

«Ինտերնետի ներթափանցումը կամ լայնաշերտ ինտերնետային կապի մատչելիությունն այժմ անբավարար մակարդակի վրա  է գտնվում` արդի տեղեկատվական հասարակության մասով կառավարության ձգտումներին հասնելու համար»: «Արդի ՏՀՏ-ներից օգտվելու հնարավորությունների առումով մայրաքաղաքի և գյուղական վայրերի միջև անհամաչափություններն աճում են առաջնակարգ ծառայությունների բարձր գների հետևանքով` պայմանավորված հեռահաղորդակցության միջազգային ցանցերից օգտվելու համար մրցակցության բացակայությամբ և ներքին հիմնացանցում ներդրումների պակասով»,- ասաց նա։

Հաղորդագրության համաձայն՝ կառավարության, մասնավոր հատվածի և Համաշխարհային բանկի թիմի համատեղ ջանքերով իրականացման ողջ ընթացքում, ծրագիրը նպատակաուղղվելու է նաև այլ խոչընդոտների հաղթահարմանը, որոնց թվում են` ՏՀՏ վրա հիմնված զարգացման գործողություններում համակարգված աշխատանքի բացակայությունը, համակարգչային ներթափացման ցածր մակարդակը, որով Հայաստանը զիջում է տարածաշրջանի մյուս երկրներին, անգամ ցածր տեխնիկական հնարավորություններով համակարգիչների ոչ մատչելի գները, երիտասարդ տաղանդների միգրացիան, տեղական թույլ ձեռնարկատիրությունը, վարկավորման և առևտրային ներդրումների ցածր մատչելիությունը:

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանին տրամադրված ընդհանուր միջոցները կազմում են մոտավորապես 1, 389, 600 միլիոն ԱՄՆ դոլար:

Ինչպես ավելի վաղ հատյնել էր արդեն ՀԲ երևանյան գրասենյակի նախկին ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության»  ծրագիրը գերարագ Ինտերնետի համար մալուխների տեղադրում է նախատեսում և նպատակադրված է պետության և մասնավոր հատվածի  համագործակցությանն այն մասնավոր ընկերությունների աջակցության հարցում, որոնք նույնիսկ ՀՀ առանձին մարզերում մոլուխների տեղադրումն իրենց վրա կվերցնեն։

Ծրագիրը կոչված է նաև նպաստելու մի շարք կառավարական նախագծերին, մասնավորապես՝ «Համակարգիչը բոլորի համար» նախագծին, որը ոչ թանկ համակարգիչների հասանելիություն է ապահովում բավական լայնաշերտ բնակչության համար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև