Ամերիաբանկը Virtual banking առցանց համաշխարհային մրցույթի եզրափակիչ փուլ է դուրս եկել

01.12.2010 18:24
Ամերիաբանկը Virtual banking առցանց համաշխարհային մրցույթի եզրափակիչ փուլ է դուրս եկել

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի ակտիվների և պարտավորությունների կառավարման թիմը ֆինանսավարկային կազմակերպությունների միջև անցկացվող ակտիվների և պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային  մրցույթում /virtual Banking/ դուրս է եկել եզրափակիչ փուլ, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա 2011թ.-ի հունվարի 19-21-ը Փարիզում, բացի Ամերիաբանկից, ևս հինգ կազմակերպություն է դուրս եկել՝  Lanka ORIX (Շրի Լանկա), FINCA TEAM 2 (Ռուսաստան և Ղրղզստան), Eastern Bank  (Բանգլադեշ), ProCredit Bank (Բուլղարիա), Fidelity Bank (Գանա):

Մրցույթին մասնակցել է 24 երկրից 28 ֆինանսավարկային կազմակերպություն, այդ թվում` 6 կազմակերպություն ԱՊՀ երկրներից: Մրցույթը, որ տևել է 2.5 ամիս, ընդգրկում է 6 փուլ:

Չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվող այդ մրցույթը միջազգային լայն ճանաչում ունի:

Մրցույթը կազմակերպվել է SimArc NV ընկերության կողմից, ֆինանսաբանկային ուսումնական պորտալի շրջանակներում և ֆինանսավորվել է FMO-ի` Նիդերլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի` KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամի և PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:

Մրցույթը վերաբերում է ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև ռիսկերի կառավարման, կազմակերպության ռազմավարության և բաժնետերերի ներդրումների արդյունավետ կառավարման խնդիրներին: Այն նպատակ ունի նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, ֆինանսական հաստատությունների ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:

Նշենք, որ SimArc NV ընկերությունը ֆինանսավարկային հատվածում ներկայացնում է նոր և առաջատար մոտեցումներ` ստեղծելով ֆինանսավարկային կազմակերպությունների համար կրթական մեծ հնարավորություններ: Մի շարք հայտնի կազմակերպություններ /ABN AMRO Bank, ING Bank, FirstRand Bank, Dexia Bank/ պրակտիկ ուսուցում են ստացել  SimArc NV ընկերության կողմից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև