HSBC Բանկ Հայաստանը և «Կասկադ Ինշուրանս» ընկերությունն ապահովագրական պոլիսների համատեղ վաճառք կսկսեն

02.12.2010 15:08
HSBC Բանկ Հայաստանը և «Կասկադ Ինշուրանս» ընկերությունն ապահովագրական պոլիսների համատեղ վաճառք կսկսեն

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը «Կասկադ Ինշուրանս» ընկերության հետ սկսել է ապահովագրական պոլիսների համատեղ վաճառքը: Բանկի և ապահովագրական ընկերության միջև ռազմավարական գործընկերության մասին համապատասխան պայմանագիրը հաստատվել է ՀՀ ԿԲ-ի կողմից, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր-գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

«Ռազմավարական գործընկերության շրջանակներում մեր բանկն իր մասնաճյուղերում կսկսի վաճառել ապահովագրական պոլիսներ: Մենք իրականացնելու ենք անշարժ գույքի, ավտոմեքենաների  ապահովագրում, այդ թվում նաև՝ ԿԱՍԿՈ և ԱՊՊԱ, ինչպես նաև դժբախտ պատահարների ապահովագրում, տուրիստական և բժշկական ապահովագրում», - ասաց Քլիֆորդը:

Նրա խոսքերով՝ այս ամենի արդյունքում բանկի հաճախորդներին մեկ վայրում կտրամադրվեն և ապահովագրական, և բանկային ծառայություններ՝ ստեղծելով նրանց համար լրացուցիչ հարմարություններ:

Բանկի ղեկավարը նաև նշեց, որ ևս մեկ կարևոր հանգամանք է, որ «մենք պատրաստվում ենք առաջարկել մրցունակ սակագներ և ծառայությունների բարձր որակ»:

«Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանն իր հերթին ընդգծեց, որ նման համագործակցությունն առաջինն է Հայաստանում:

«Մեր կարծիքով՝ բանկային և ապահովագրական համակարգերի միջև նման սերտ համագործակցությունը թույլ կտա նոր մակարդակի վրա բարձրացնել ֆինանսական ծառայությունների որակը», - ավելացրեց նա:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որը «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995թ.-ի սեպտեմբերի 25-ին։ ««HSBC Europe BV» հոլդինգային ընկերությունը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«Կասկադ Ինշուրանս» ՓԲԸ-ն գրանցվել է 2004 թ.-ի հոկտեմբերի 13-ին: Այժմ ապահովագրական ընկերության բաժնետերերն են «Կասկադ Ինշուրանս Հոլդինգ» ՓԲԸ-ն՝ 65 տոկոս մասնաբաժնով և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որին պատկանում է բաժնետոմսերի 35 տոկոսը: Ընկերության կանոնադրական կապիտալը 1,2 միլիարդ դրամ է: (1 դոլարը 358,73 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
Ասթրիդ Քլիֆորդ 2012-02-15 17:18:08 Ասթրիդ Քլիֆորդ