ԿԲ արժութային քաղաքականությունը լրջորեն վնասել է Հայաստանի տնտեսությանը. Աղանբեգյան

07.12.2010 13:40
ԿԲ արժութային քաղաքականությունը լրջորեն վնասել է Հայաստանի տնտեսությանը. Աղանբեգյան

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի ազգային արժույթի քաղաքականությունը մինչև ճգնաժամը ծայրահեղ վնասակար էր հայկական տնտեսության համար, հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեգյանը «168» ժամ թերթին տված հարցազրույցում։

Ըստ նրա` դրամի գերարժևորման ակնհայտ փաստը հանգեցրեց նրան, որ երկրում արդյունաբերությամբ զբաղվելը դարձավ ոչ շահավետ։

«Հայաստանից դուրս եկան ամբողջական ոլորտներ։ Հայաստանում բավականին զարգացած էր ադամանդագործությունը։ Հայաստանը կարող էր զարգանալ որպես ոսկերչական իրերի, ալմաստի մշակման կենտրոն, Հայաստանում անգամ ցանկանում էին ալմաստի բորսա բացել, սակայն դա տեղի չունեցավ փոխարժեքի պատճառով»,- կարծում է Աղանբեգյանը։

Որպես խնդրի լուծում՝ հայտնի տնտեսագետը խորհուրդ տվեց դրամավարկային այնպիսի քաղաքականություն որդեգրել, որի դեպքում արդյունաբերությամբ զբաղվելը ձեռնտու կդառնա, իսկ ներկրումը հնարավոր կլինի փոխարինել տեղական արտադրանքով։

«Երբ ներմուծումը գերազանցում է արտահանումը, ապա բացասական սալդո է առաջանում։ Իսկ մասնավոր տրանսֆերտները չեն կարող ծածկել այդ դեֆիցիտի նույնիսկ կեսը»,- նշեց Աղանբեգյանը՝ հավելելով, որ արդյունքում ներմուծման աճը հանգեցնում է Հայաստանի պարտքի ավելացմանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև