ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 7,25 տոկոսի սահմանում

07.12.2010 18:15
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 7,25 տոկոսի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն որոշում է ընդունել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2010 թ. նոյեմբերին` նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.6% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն ավելացել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 9.6%:

ԿԲ-ից նշում են, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել գյուղատնտեսական և միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճով. պարենային ապրանքների 12-ամսյա գնաճը կազմել է 7.5%: Ընդ որում, մրգի և բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի, հացամթերքի գների աճի ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է շուրջ 6.7 տոկոսային կետ:

ՀՀ ԿԲ Խորհուրդը գտնում է, որ արտաքին հատվածի գերակա ազդեցությունների պահպանման ներքո ուժեղանում են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի երկրորդային ազդեցությունները և գնաճային սպասումները, որոնք առաջիկա ժամանակահատվածում գնաճային միջավայրի ձևավորման առումով կարող են էական դառնալ:

Չնայած ՀՀ տնտեսության ներքին զարգացումներով պայմանավորված համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի ստեղծում, խորհուրդը միակարծիք է, որ տնտեսության զարգացումների նկարագրված հեռանկարում և նախանշված ռիսկերի նույն տեմպերով դրսևորման պարագայում էապես փոքրանում է հավանականությունը, որ գնաճը կանխատեսվող ժամանակային հորիզոնում կգտնվի նպատակային միջակայքի սահմաններում:

Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների և դրանց երկրորդային ազդեցությունների ուժգնացման պարագայում ԿԲ խորհուրդն ավելի հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը:

2010 թ.-ի ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է հինգ անգամ՝ 5,0 տոկոսից հասնելով 7,25 տոկոսի (հունվարի 21-ին, փետրվարի 16-ին, մարտի 9-ին և ապրիլի 13-ին՝ 0,5 տոկոսային կետով, մայիսի 11-ին՝ 0,25 տոկոսային կետով):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև