Հայաստան. արժութային շուկայի մեկ շաբաթվա ամփոփումը

13.12.2010 18:42
Հայաստան. արժութային շուկայի մեկ շաբաթվա ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,09 տոկոսով՝ հասնելով 360,43 դրամի: Առուվաճառքի ծավալը նախորդ շաբաթվա համեմատ կրճատվել է 17,97 տոկոսով և կազմել 10,50 միլիոն ԱՄՆ դոլար:

Հերթական անգամ 360 դրամի հոգեբանական արգելքն անցնելու շուկայի փորձը պսակվեց անհաջողությամբ՝ այդ մակարդակից ավելի ցածր իջնելուց անմիջապես հետո ԱՄՆ դոլարը վերականգնեց իր դիրքերը: Ըստ մեզ, նախորդ շաբաթ դեպքերն անմաս չմնացին Հայաստանի ԿԲ միջամտությունից, որը զսպեց ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելի լուրջ անկումից:

Մենք ենթադրում ենք, որ դեկտեմբերին Հայաստանում դոլարի փոխարժեքը կնվազի երկիր իրականացվող փոխանցումների ավելացման ֆոնի ներքո, որն ավանդաբար գրանցվում է տոնական օրերին:

Նախորդ շաբաթ ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 0,05 տոկոսով և շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, կազմել 362,10 դրամ: Մեր գնահատականների համաձայն, այն սահմանը, որում հաջորդ շաբաթ կտատանվի ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը, կկազմի 359,5-363,5 դրամ:

Հայկական արժութային շուկայում օտարերկրյա այլ արժույթի՝ մասնավորապես եվրոյի դինամիկան սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով: Այսպես, նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն ավելացել է 1,35 տոկոսով՝ հասնելով 1,3230 մակարդակի:

Նախորդ շաբաթվա սկզբին եվրոն գտնվում էր ճնշման տակ կիրակի օրը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեի ելույթի ֆոնի ներքո, ով հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում ԴՊՀ-ն կարող է ավելացնել քանակային մեղմացման ծրագրերի ծավալը ռեցեսիայի վերսկսումը կանխելու նպատակով: Դոլարին հաջողվեց էլ ավելի ամրացնել սեփական դիրքերը ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության մեծացման և ևս երկու տարով հարկային արտոնությունների երկարաձգման մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշման պատճառով:

Եվրոն շարունակում էր կորցնել դիրքերը դոլարի նկատմամբ նաև նախորդ շաբաթվա ավարտին ԱՄՆ մակրոտնտեսական բարենպաստ վիճակագրության ֆոնի ներքո, որտեղ նոյեմբերին առևտրային դեֆիցիտը վերլուծաբանների ակնկալիքներից մի փոքր ավելի կրճատվեց, բացի այդ, Միչիգանի համալսարանի վստահության ինդիկատորը դեկտեմբերի համար նույնպես ցույց տվեց աճ մինչև 74,2՝ կանխատեսված 72,5-ի փոխարեն:

Այս կապակցությամբ, կանխիկ եվրոյի վաճառքի փոխարժեքը Հայաստանում նախորդ շաբաթ կրճատվեց 0,14 տոկոսով մինչև 481,83 դրամ: Հաջորդ շաբաթ եվրոյի արժեքն աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում կորոշվի FOREX միջազգային շուկայի նորություններով: Մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ ԴՊՀ-ի տոկոսադրույքին նվիրված նիստը, սակայն այն պատճառով, որ ԴՊՀ-ն դժվար թե բարձրացնի տոկոսադրույքները, մասնակիցներն ուշադիր կհետևեն ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի ելույթին:

Հաջորդ շաբաթ սպասվում է նաև ԱՄՆ մակրոտնտեսական կարևոր վիճակագրության հրապարակումը՝ նոր տների կառուցման տվյալները նոյեմբերի համար, սպառողական գնաճի և արտադրողական հատվածի տվյալները նոյեմբերի համար: Եվրոպական նորություններից հարկ է նշել ZEW գերմանական ինստիտուտի կողմից հրապարակվող գործարար միջավայրի ցուցիչի հրապարակումը դեկտեմբերի համար: Հայաստանում կանխիկ եվրոյի միջին փոխարժեքը հաջորդ շաբաթ կլինի 475,0-492,0 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթվա ընթացքում ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,6 տոկոսով՝ հասնելով 11,8 դրամի: Այս ամենը պայմանավորված է նավթի արժեքի բարձրացման ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի բարձրացմամբ և Ռուսաստանի բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման ակնկալիքով:

Ռուսական ռուբլին հաջորդ շաբաթ, հավանաբար, կշարունակի ամրանալ դոլարի և դրամի նկատմամբ նավթի կայուն բարձր գների և Ռուսաստանում ռուբլու արժեքի աջակցության քաղաքականության պատճառով նախընտրական շրջանի նախաշեմին: Ռուսական ռուբլու կանխիկ վաճառքի միջին փոխարժեքը հաջորդ շաբաթ, մեր կարծիքով, կլինի 11,75-11,95 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում միայն դոլարով կատարված գործարքներ են գրանցվել, եվրոյով և ռուսական ռուբլով գործարքներ չեն իրականացվել:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև