Հայաստանի փոքր բիզնեսը չի հասնում մրցակցության բարձր մակարդակի

14.12.2010 15:06
Հայաստանի փոքր բիզնեսը չի հասնում մրցակցության բարձր մակարդակի

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոքր բիզնեսը չի հասնում մրցակցության առանձնապես բարձր մակարդակի, այն այսօր այնքան ցածր է, որ թույլ է տալիս վաճառքներ իրականացնել և «ծայրը ծայրին հասցնել» միայն ներքին շուկայում, ասաց Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը։

«Փոքր բիզնեսի միայն 9 տոկոսը հնարավորություն ունի արտահանել իր արտադրանքը, իսկ բիզնեսի այդ հատվածի մնացած արտադրանքը, հիմնականում, սպառվում է առանձին շրջանների, քաղաքների կամ համայնքների տեղական շուկաներում կամ լավագույն դեպքում դուրս է գալիս ներհանրապետական մակարդակ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։

Մակարյանը նշեց նաև անհավասար մրցակցության խնդիրը, որի լուծումը նա տեսնում է փոքր և միջին բիզնեսի ներքին սեփական ռեսուրսների օպտիմալացման մեջ։

Իր հերթին Բիզնեսի աջակցության կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը ոչ պակաս կարևոր համարեց Երևանի և երկրի մարզերի միջև տնտեսական անհավասար զարգացման խնդիրը։ «Արտադրական բոլոր հզորությունները, մտավոր ներուժը և աշխատուժը կենտրոնացված են Երևանում, իսկ մարզերը բավականին հետ են մնում այս հարցում»,- ասաց նա։

Այս համատեքստում Գևորգյանը մատնանշեց այն բացը, որը գոյություն ունի և մշտապես մեծանում է Հայաստանի և արտաքին աշխարհի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և մրցունակ արտադրանքի ու ծառայությունների տրամադրման հարցում։ «Մենք ավելի դանդաղ ենք արձագանքում մարտահրավերներին, օրենսդրական և այլ բարեփոխումներ կատարում և խնդիրների լուծումներ գտնում»,- ասաց նա։

Էական այլ խնդիրների թվում կենտրոնի տնօրենը նշեց նաև այն, որ հայկական բիզնեսի արտադրանքը չի կարող մրցակցել օտարերկրյա արտադրանքի հետ ոչ գնով, ոչ էլ որակով։

«Զարգացած երկրները և մրցունակ բիզնեսները կարող են ավելի արագ արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և կարող են ավելի արագ մրցունակ արտադրանք տալ, ինչի հետ հայկական բիզնեսը մրցակցել չի կարող»,- ասաց նա, հավելելով, որ բացի այդ, հայ ձեռնարկատերերն արտադրողականության շատ ցածր մակարդակ ունեն։

Խոսելով վերոնշյալ խնդիրների հնարավոր լուծումների մասին՝ Գևորգյանը նշեց մարզերի զարգացմանը լուրջ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, որոնք պատմականորեն ձևավորված տնտեսական ուղղություններ ունեն։

Այս կապակցությամբ խոսելով զբոսաշրջության ոլորտի մասին՝ նա նշեց, որ տվյալ ոլորտի լիարժեք զարգացման համար պետք է ոչ միայն զարգացնել Հայաստանի կոնկրետ ենթակառուցվածքներ, այլ նաև ապահովել զբոսաշրջիկների համար նախատեսվող ծառայությունների ողջ շղթայի որակյալ մակարդակ՝ սկսած գրասենյակներից և ավիատոմսերի վաճառքից մինչև տուրգործակալությունների և հյուրանոցների մարքեթինգը տեղերում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև