Հայաստանի քաղաքացիները կկարողանան ԱՊՊԱ ձևակերպել մի քանի ամսվա համար

17.12.2010 13:53
Հայաստանի քաղաքացիները կկարողանան ԱՊՊԱ ձևակերպել մի քանի ամսվա համար

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ստացել ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն կատարել ոչ թե տարվա կտրվածքով, այլ տրանսպորտային միջոցի շահագործման ժամկետով:

Ինչպես հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, հաշվի առնելով այն, որ մի շարք ավտոսեփականատերեր օգտագործում են իրենց տրանսպորտային միջոցները տարվա մեջ միայն մի քանի ամիս, որոշում է ընդունվել նրանց համար դյուրացնել ապահովագրության պայմանները:

Կառավարության համապատասխան որոշման մեջ մտցված փոփոխությունների արդյունքում Հայաստանում հանվել են 5 հազար դրամի չափով պետական տուրքերը, որոնք գանձվում էին ավտոմեքենան հաշվառելու և հաշվառումից հանելու համար:

Սարգսյանի խոսքերով՝ այս փոփոխությունը վերաբերում է հիմնականում Հայաստանի գյուղական համայնքների բնակիչներին, ովքեր օգտագործում են իրենց տրանսպորտային միջոցները տարվա մեջ միայն երկու-երեք ամիս բերքահավաքի ժամանակ:

«Քաղաքացիները կարող են առանց մեքենան ներկայացնելու և տուրքը վճարելու ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և հանձնել համարանիշերը, իսկ անհրաժեշտության դեպքում կրկին հաշվառել մեքենան, այսինքն ստանալ պետհամարանիշեր և առանց տուրք վճարելու հաշվառել տրանսպորտային միջոցը առանց բյուրոկրատական քաշքշուկների», - ասաց նա:

Միաժամանակ ոստիկանապետն ընդգծեց, որ ոչ միայն գյուղական համայնքների բնակիչները, այլև Երևանի բնակիչները, ինչպես նաև թանկարժեք մեքենաների սեփականատերերը կկարողանան առանց պետական տուրքը վճարելու ներկայացնել փաստաթղթերն ու հանձնել պետհամարանիշերը, եթե նրանք չեն օգտվում իրենց ավտոմեքենայից կամ պատրաստվում են երկար ժամանակով բացակայել երկրից:

«Նույն մեխանիզմով նրանք կարող են վերականգնել մեքենայի հաշվառումը, և այդ պահից սկսած նրանց հետ ԱՊՊԱ պայմանագիր կկնքվի», - պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ եթե մեքենայի սեփականատերը մտադիր չէ օգտագործել մեքենան, օրինակ, տասնմեկ ամսվա ընթացքում, ապա տրանսպորտային միջոցը կհաշվառվի և կապահովագրվի մեկ ամսով:

Սարգսյանը նշեց նաև, որ ապահովագրական ընկերության հետ պայմանագիրը կկնքվի միայն այն ժամանակահատվածով, որի ընթացքում տրանսպորտային միջոցը հաշվառման մեջ է:

Նա ասաց, որ նման կերպով գյուղական համայնքների բնակիչների համար ապահովագրավճարը կրճատվում է 60 տոկոսով:

«Գյուղական համայնքներում հիմնականում օգտագործում են խորհրդային և ռուսական արտադրության ավտոմեքենաներ, և ապահովագրությունը կարժենա շուրջ 8-8,5 հազար դրամ՝ 30 հազար դրամի փոխարեն», - ասաց նա:

Ինչպես կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երկրում ԱՊՊԱ ներդնելու կապակացությամբ կառավարություն էին դիմում քաղաքացիներ, ովքեր զբաղված են գյուղատնտեսության ոլորտում՝ խնդրելով իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծել:

Նրա խոսքերով՝ գյուղացիները խնդրում էին իրենց հնարավորություն ընձեռել ավտոմեքենաներն ապահովագրել երկու-երեք ամսով, որպեսզի իրենց ուսերին լրացուցիչ ֆինանսական բեռ չծանրանա ավտոմեքենաների հաշվառման առումով:

«Այս որոշմամբ մենք հազարավոր մարդկանց համար դյուրացված ռեժիմ ենք ստեղծում», - ասել է վարչապետը:

Հայաստանում գրանցված է շուրջ 430 հազար տրանսպորտային միջոց:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև