Հայաստան. նախորդ շաբաթ դոլարը, եվրոն և ռուսական ռուբլին անկում են ապրել

20.12.2010 12:56
Հայաստան. նախորդ շաբաթ դոլարը, եվրոն և ռուսական ռուբլին անկում են ապրել

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ-ի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,4 տոկոսով՝ հասնելով 359,0 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առուվաճառքների ծավալը կազմել է 11,0 մլն ԱՄՆ դոլար, ինչը 4,76 տոկոսով շատ է նախորդ շաբաթվանից: Առուվաճառքի ծավալի աճը պայմանավորված է նախորդ շաբաթ համեմատման ցածր բազայով:

Անցած շաբաթվա ընթացքում շուկայի մասնակիցները սպասողական դիրք էին զբաղեցրել, բացառություն էր չորեքշաբթին, երբ ԱՄՆ դոլարի համեմատաբար բարձր միջին կշռված փոխարժեքի պատճառով (361,47 դրամ) նկատվեց մասնակիցների ակտիվության ավելացում: Դեկտեմբերի 15-ին առուվաճառքների ծավալը կազմեց 7,3 մլն ԱՄՆ դոլար:

Շուկայում տիրող անորոշությանը նպաստեց մի քանի գործոն՝ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի փոխարժեքի 360 դրամ հոգեբանական մակարդակին մոտ գտնվելը, երկրորդը՝ շուկայի մասնակիցները սպասում էին ուրբաթ ՀՀ ԿԲ խորհրդի վերջին նիստում ընդունված տոկոսադրույքների մասին արձանագրության հրապարակմանը:

Արձանագրության մեջ ՀՀ ԿԲ խորհուրդը նշեց դրամավարկային քաղաքականության խստացման հավանականությունը, ինչը միջնաժամկետ հեռանկարում կաջակցի ազգային արժույթի արժեքին:

Նախորդ շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,35 տոկոսով և շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, կազմեց 360,87 դրամ: Մեր գնահատականների համաձայն, արտասահմանից Հայաստան կատարվող փոխանցումների կայուն հոսքի ֆոնի ներքո կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հաջորդ շաբաթ կգտնվի 358,5-362,5 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի փոխարժեքը սահմանվեց FOREX արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազեց 0,35 տոկոսով՝ հասնելով 1,3183-ի:

Շաբաթվա սկզբից եվրոյին հաջողվեց կանխել դոլարի հարձակումը ԱՄՆ ԴՊՀ-ի նիստի սպասումների ֆոնի ներքո, եվրոյի փոխարժեքի ավելացմանը նպաստեց նաև ԱՄՆ-ի գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության նվազումը: Այս ամենի արդյունքում երեքշաբթի եվրոյին հաջողվեց FOREX շուկայում հասնել շաբաթվա առավելագույն կետին՝ 1,3498:

Սակայն շաբաթվա երկրորդ կեսին իրավիճակը փոխվեց ԱՄՆ դոլարի օգտին: S&P գործակալության կողմից Բելգիայի վարկանիշի հնարավոր անկումը թուլացրեց եվրոյի նկատմամբ մասնակիցների հետաքրքրությունը: Եվրոյի համար լրացուցիչ բացասական միտում դարձավ Moody’s վարկանիշային գործակալության տեղեկատվությունն այն մասին, որ այն վերանայում է Իսպանիայի վարկային վարկանիշը դեպի նվազում: ԱՄՆ-ից ստացված դրական մակրոտնտեսական լուրերը, նոյեմբերի ընթացքում մանրածախ առևտրի և արտադրողների գների գնաճի մասին լավ տվյալները կրակի վրա յուղ լցրեցին, ինչի հետևանքով FOREX արժութային շուկայում եվրոպական միասնական արժույթը մինչև շաբաթվա վերջ անկում ապրեց:

Այս բոլոր իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը ևս նվազեց 0,3 տոկոսով՝ հասնելով 480,38 դրամի:

Չնայած, որ գալիք շաբաթը տոնական է, կարևոր նորությունների թիվը զգալի կլինի: Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սպասվում է կարևոր մակրոտնտեսական վիճակագրության հրապարակումը՝ երրորդ եռամսյակի ընթացքում ՀՆԱ-ի ծավալի փոփոխությունը, նոյեմբերի ընթացքում Չիկագո-ԴՊՀ-ից տնտեսական ակտիվության ցուցանիշը, դեկտեմբերի ընթացքում Միչիգան համալսարանից վստահության ինդիկատորը, նոյեմբերի ընթացքում սկզբնական շուկայում բնակարանների վաճառքի ծավալի փոփոխությունը:

Եվրոպական լուրերի թվից հարկավոր է նշել նոյեմբերի ընթացքում Գերմանիայի արտադրողների գների ցուցանիշի հրապարակումը, ԵԿԲ-ի տվյալների համաձայն, հոկտեմբերին եվրագոտու ընթացիկ գործառնությունների հաշիվների սալդոն և դեկտեմբերին եվրագոտու սպառողական վստահության ինդիկատորը: Հաշվի առնելով հաջորդ շաբաթ սպասվող նորությունների մեծ քանակը՝ FOREX շուկայում եվրոն, հնարավոր է, շարունակի տատանվել 1,3000-1,3400 սահմաններում:

Այս ամենի կապակցությամբ հաջորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կտատանվի 470,0-485-0 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը կրճատվել է 0,4 տոկոսով՝ հասնելով 11,76 դրամի: Այս ամենը պայմանավորված է հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժեքի նվազմամբ:

Գալիք շաբաթ նավթի կայուն բարձր արժեքի և ընտրական փուլի նախաշեմին Ռուսաստանում ուժեղ ռուբլու քաղաքականության մեկնարկի ֆոնի ներքո ռուսական ռուբլին կարող է շարունակել իր դիրքերի ամրապնդումը ԱՄՆ դոլարի նկատմամբ: Սակայն հաշվի առնելով ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի աճի հնարավոր շարունակությունը՝ Հայաստանում հաջորդ շաբաթ ռուսական ռուբլու արժեքը կայուն կլինի: Կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 11,70-11,85 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում գործարքներ են կատարվել միայն ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուբլով գործարքներ չեն իրականացվել:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև