Ամերիաբանկն ամփոփել է «Հայաստանի բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները

23.12.2010 17:30
Ամերիաբանկն ամփոփել է «Հայաստանի բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի Երևանում ամփոփվել են Ամերիաբանկի կողմից կազմակերպված «Հայաստանի բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով ուսանողական շարադրությունների մրցույթի արդյունքները:

«Ամերիաբանկի հիմնական արժեքներից է այն, որ մենք փորձում ենք իրագործել երազանքները, քանի որ մարդու գործունեության հիմնական իմաստը երազանքների իրականացումն է», - մրցույթի արդյունքները ներկայացնելիս ասաց Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Նշելով, որ աշխարհն ուղղորդում են այն մարդիկ, ովքեր կարողանում եմ երազել և տեսնել ապագան՝ նա նշեց, որ ժամանակակից կյանքում երազելու, երազանքներին հավատալու և դրանց իրագործման համար աշխատելու ունակության պակաս է զգացվում:

«Մեր երիտասարդները կարողանում եմ երազել, ինչը բավականին զարմանալի է ժամանակակից կյանքում, երբ մարդիկ չեն կարողանում պլանավորել իրենց մեկ տարվա կյանքը», - ասաց նա:

Միաժամանակ նա ավելացրեց, որ մրցույթի մասնակիցների բոլոր աշխատանքներում մասնագիտական մոտեցում է նկատվում, բոլոր մասնակիցները հստակ պատկերացնում են, թե ինչի մասին են գրում:

Մրցույթի արդյունքներով երրորդ տեղն է զբաղեցրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ուսանող Մանուկ Խուդոյանը, երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի Լենա Հովհաննիսյանը, առաջին տեղն է զբաղեցրել ԵՊՀ-ի նույն ֆակուլտետի ուսանող Էդգար Հովհաննիսյանը:

Հաղթողներն արժանացել են, համապատասխանաբար, 100 հազար դրամ (շուրջ 278 դոլար), 200 հազար դրամ (շուրջ 557 դոլար) և 300 հազար դրամ (շուրջ 835 դոլար) մրցանակի, ինչպես նաև հնարավորություն են ստացել Ամերիաբանկում երկարաժամեկտ ստաժավորում անցնել աշխատանքի տեղավորվելու հետագա հնարավորությամբ:

Ինչպես նշեց Ամերիաբանկի կադրերի բաժնի ղեկավար Արմինե Ղազարյանը, Էդգար Հովհաննիսյանի աշխատանքը գրվել է թվային տեխնոլոգիաների թեմայով, այն անդրադարձել է 100 տարի անց հոլոգրամ միկրոհամակարգչի և կանխիկ դրամին փոխարինող էլեկտրոնային դրամական միջոցների դերին և կիրառմանը:

Նա տեղեկացրեց, որ մեկ ամիս տևած մրցույթին մասնակցել է 52 ուսանող հայկական հինգ բուհերից՝ ԵՊՀ-ից, Երևանի պետական տնտեսական համալսարանից, Ռուս-հայկական սլավոնական համալսարանից, «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամից և Հայաստանի ամերիկյան համալսարանից:

Նրա խոսքերով՝ մրցույթն անցել է երկու փուլով, քվեարկությունն իրականացվել է հատուկ կոդավորված համակարգով: Որոշ աշխատանքներ ներկայացվել են ոչ միայն տեքստային տեսքով, այլև ուղեկցվել են տեսանյութերով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (ավելի վաղ «Հայիմպեքսբանկ», որը վերանվանվել է 2008 թ.-ի մայիսին) հիմնադրվել է 1992 թ.-ի հուլիսին ԽՍՀՄ-ի Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի բազայի հիման վրա, 1992 թ.-ի սեպտեմբերի 8-ին ստացել է բանկային գործունեություն վարելու ՀՀ ԿԲ-ի արտոնագիրը: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերում ռուսաստանյան խոշորագույն ներդրումային ընկերության` «Տրոյկա Դիալոգ» խմբի հետ փոխկապակցված «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև