Մրցունակության բարձրացումը Հայաստանի տնտեսական աճի կարևորագույն երաշխիքն է. նախարար

24.12.2010 15:20
Մրցունակության բարձրացումը Հայաստանի տնտեսական աճի կարևորագույն երաշխիքն է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մրցունակության բարձրացումը հանրապետության տնտեսական զարգացման կարևորագույն երաշխիքն է, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Մենք մեծապես կարևորում ենք այս զեկույցը, քանի որ Հայաստանի մրցունակության բարձրացումը երկրի տնտեսական զարգացման կարևորագույն խնդիրն է: Կարծում եմ, որ այս զեկույցը մտորումների առիթ կտա,  մենք պետք է քննարկենք մրցունակության բարձրացման խնդիրները, ճշտենք մոտեցումները, որոնց հիմնական նպատակը կդառնա ապագա զարգացման կողմնորոշիչների սահմանումը», - ուրբաթ Հայաստանի ազգային մրցունակության 2010 թ.-ի զեկույցի ներկայացման ժամանակ ասաց Դավթյանը:

Նրա խոսքերով՝ այդ միջոցառումներն անհրաժեշտ են գործնական քայլեր իրականացնելու համար: Ինչպես կարծում է Դավթյանը, Հայաստանում պետք է տնտեսական զարգացում իրականացվի պրակտիկ գործողությունների և իրական արդյունքների միջոցով:

Նախարարը ապագա զարգացման համար չափազանց կարևոր է համարում հասկանալ, թե որ փուլում է գտնվում Հայաստանը, ինչպիսինն են ապագայում զարգացման հեռանկարները, ուժերի և ներուժի գնահատականները: ՀՀ էկոնոմիկայի նախարարն ավելացրեց, որ հարկավոր է կարողանալ սահմանել թույլ կողմերն ու փորձել առաջ շարժվել համատեղ ջանքերով:

Դավթյանը տեղեկացրեց, որ զեկույցն ու դրա քննարկումը հնարավորություն կտան սահմանել հաջորդ տարվա խնդիրները: «Մենք ունենք ցանկություն և պատրաստ ենք խնդիրների լուծման աշխատանք սկսել, որը սպասում է մեզ հաջորդ տարի: Հաջորդ տարի մեզ բավականին մեծ աշխատանք է սպասվում, և ես հուսով եմ, որ ձեռքբերումներ կարձանագրվեն», - հայտարարեց նա:

Հայաստանի ազգային մրցունակության 2010 թ.-ի զեկույցը, որն այս տարի նվիրված է բարձրագույն կրթության մարտահրավերներին, պատրաստվել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև