NASDAQ OMX Արմենիա բորսայում դեկտեմբերին դոլարով իրականացված արժութային առուվաճառքի ծավալը ավելացել է 2,13%-ով՝ հասնելով 60,3 մլն դոլարի

11.01.2011 19:20
NASDAQ OMX Արմենիա բորսայում դեկտեմբերին դոլարով իրականացված արժութային առուվաճառքի ծավալը ավելացել է 2,13%-ով՝ հասնելով 60,3 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերին ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 60,3 միլիոն դոլար կամ շուրջ 21,8 միլիարդ դրամ:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տեղեկատվության հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն, այս ցուցանիշը նոյեմբերի ցուցանիշի համեմատ ավելացել է 2,13 տոկոսով, այսինքն՝ 1,3 միլիոն դոլարով կամ 440,4 միլիոն դրամով: Միաժամանակ դեկտեմբերին իրականացված գործարքների ընդհանուր թիվը նոյեմբերի համեմատ ավելացել է 35-ով՝ ամսվա արդյունքում կազմելով 499 գործարք:

Դեկտեմբերի ընթացքում NASDAQ OMX Արմենիա բորսայում իրականացված գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է դեկտեմբերի 29-ին՝ 20,5 միլիոն դոլար, իսկ նվազագույն ծավալը՝ դեկտեմբերի 16-ին՝ 200 հազար դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով որևէ գործարք չի գրանցվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն:

2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Դեկտեմբերին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց  360,51 դրամ (1 դոլարը 363,45 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև