ՀՀ արտաքին պարտքը 2011թ. վերջին 3,8 մլրդ-ի կհասնի՝ ավելանալով $420 մլն-ով. պատգամավոր

13.01.2011 17:00
ՀՀ արտաքին պարտքը 2011թ. վերջին 3,8 մլրդ-ի կհասնի՝ ավելանալով $420 մլն-ով. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պարտքը 2011թ.-ի վերջին 3,8 մլրդ դոլարի կհասնի՝ ներկայիս 3,38 մլրդ դոլարի դիմաց՝ ըստ 2010թ.-ի վերջի տվյալների, ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

«Այդ ցուցանիշում ներառված են բոլոր ծրագրերը, այդ թվում 2011թ.-ին կառավարության կողմից նախատեսված ծրագրերի իրականացման համար միջազգային կազմակերպություններից վարկերի ներգրավման ծրագրերը, ինչի կապակցությամբ ՀՀ արտաքին պարտքի մակարդակը, կանխատեսումների համաձայն, երկրի ՀՆԱ-ի շուրջ 42 տոկոսը կկազմի»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը։

Ըստ նրա՝ այդ ցուցանիշով Հայաստանը ցածր կամ միջին պարտք ունեցող երկրների թվում է գտնվում։

Ինչպես նշեց պատգամավորը, իշխանություններն իրենց հերթին կանեն հնարավորինը՝ այդ ցուցանիշը շուտափույթ կրճատելու և այն ՀՆԱ-ի և արտաքին պարտքի հարաբերակցության մինչճգնաժամային մակարդակին հասցնելու համար։

Ինչ վերաբերում է վերջերս Համաշխարհային բանկից 25 մլն դոլարի չափով ներգրավված վարկային միջոցներին, ապա ըստ Մինասյանի՝ դրանք կուղղվեն բյուջետային ծախսերին, մասնավորապես՝ սոցիալական ոլորտ՝ հաշվի առնելով պետբյուջեի հիմնական ուղղվածությունը դեպի սոցիալական ոլորտ։

Նա հիշեցրեց, որ հայկական բյուջեի ծախսային հոդվածի շուրջ կեսը սոցիալական ոլորտի ֆինանսավորման է ուղղված՝ առողջապահություն, կրթություն, մշակույթ, սոցիալական ապահովություն, էկոլոգիա։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի արտաքին պետական պարտքը 2010թ.-ի առաջին ինը ամիսների ընթացքում 8,8 տոկոսով ավելացել է (կամ 262 մլն դոլարով) և 2010թ.-ի սեպտեմբերի վերջին 3228,1 մլն դոլար է կազմել (կամ 1166,3 մլրդ դրամ)։

Ըստ վիճակագրական տվյալների՝  2010թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական աճը 2,6 տոկոս է կազմել (հաշվետու ժամանակահատվածում ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով 3104,5 մլրդ դրամ է կազմել) ($1 – 364,07 դրամ)։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև