Մետաղի շուկան կորոշվի ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական նորություններով

15.02.2011 18:47
Մետաղի շուկան կորոշվի ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական նորություններով

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ոսկու գնանշումը նախորդ շաբաթ աճել է 0,52 տոկոսով՝ հասնելով մինչև 1357,10 ԱՄՆ դոլարի տրոյական ունցիայի դիմաց։ Դեղին մետաղի արժեքի հիմնական աճը տեղի է ունեցել շաբաթվա առաջին կեսին։

Դրա պատճառն են դարձել շուկայի մասնակիցների աճող մտահոգությունները Եգիպտոսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև ԴՊԾ Ատլանտա քաղաքի ստորաբաժանման նախագահ Դենիս Լոքհարթի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ում գնաճի տեմպերի շուրջ մտահոգություններն ավելանում են։

Սակայն արդեն նախորդ շաբաթվա վերջին ոսկու գնանշումներն իրենց վերընթաց տրենդը փոխեցին վարընթացի։ Դա տեղի ունեցավ Եգիպտոսում նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի ֆոնի ներքո լարվածության նվազումից հետո, ինչը նվազեցրեց ոսկու գրավչությունը:

Մեր գնահատականներով՝ եվրոպական որոշ երկրների չլուծված պարտքային խնդիրները, ռեկորդային ցածր տոկոսադրույքները և ԱՄՆ-ում քանակային մեղմման շարունակվող ծրագիրը ոսկու միջնաժամկետ հեռանկարները չափավոր դրական են դարձնում։ ԱՄՆ-ի տնտեսության խթանման քաղաքականությունն ուժեղացնում է Նահանգների սպառողական գնաճի տեմպերի աճի վերաբերյալ մտավախությունները երկարաժամկետ հեռանկարում, ինչը կարող է պահպանել ոսկու՝ որպես հակագնաճային ակտիվի ներդրումային պահանջարկը։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու արժեքը կախված կլինի ԱՄՆ-ից և Չինաստանից ստացվող տնտեսական նորություններից, ինչպես նաև Եգիպտոսում տիրող իրավիճակից: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն՝ նոր հիմքերի դրման թվի փոփոխության և հունվարի ընթացքում ԱՄՆ-ում շինարարության համար տրված թույլտվությունների թվի մասին տվյալների ստացումը, ԱՄՆ-ում հունվարի ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխության, ԱՄՆ-ում հունվարի ընթացքում արտադրողների և սպառողների գների ինդեքսի, Չինաստանում հունվարի ընթացքում սպառողների գների ինդեքսի տվյալների ստացումը։

Եգիպտոսում ստեղծված իրավիճակի շուրջ լարվածության նվազման ֆոնի ներքո ոսկին կարող է վերսկսել իր վարընթաց տրենդը։ Դրան կնպաստեն նաև ԱՄՆ-ում հունվարին սպառողական և արտադրական գնաճի տեմպերի ցածր կանխատեսումները։ Համաշխարհային շուկայում ոսկու արժեքը հաջորդ շաբաթ, հավանաբար, կգտնվի 1337,0 – 1382,0 ԱՄՆ դոլարի սահմաններում՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց։

Նախորդ շաբաթ պղնձի գնանշումը ֆյուրչերսային շուկայում նվազեց 0,8 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4,551 ԱՄՆ դոլարի: Երկուշաբթի Լոնդոնի մետաղի բորսայում պղնձի պաշարների նվազման ֆոնի ներքո աչքի ընկնելով վերընթաց մեծ տարբերությամբ՝ պղնձի արժեքը հասավ ռեկորդային նոր առավելագույնի՝ 4,637 ԱՄՆ դոլարի պղնձի մեկ ֆունտի դիմաց։

Սակայն պղինձը չկարողացավ պահել այդ առավելագույն ցուցանիշը։ Մետաղի ցածր պահանջարկը Չինաստանի կողմից, որտեղ երեք օրվա ընթացքում Ամանորն էր նշվել ըստ լուսնային օրացույցի, ինչպես նաև հիմնական տոկոսադրույքների բարձրացման մասին Չինաստանի Կենտրոնական բանկի որոշումը հանգեցրին նրան, որ պղնձի արժեքը նվազեց մինչև նախորդ շաբաթվա վերջ։

Մենք կարծում ենք, որ պղնձի միջնաժամկետ հեռանկարները համաշխարհային տնտեսության վերականգնման և զարգացող երկրների կողմից այս մետաղի նկատմամբ կայուն արդյունաբերական պահանջարկի ֆոնի ներքո դրական են մնում։ Չնայած Չինաստանում դրամային քաղաքականության աստիճանական խստացմանը՝ պղնձի չինական պահանջարկը 2011 թվականին կշարունակի ավելանալ։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան կախված կլինի ԱՄՆ-ից և Չինաստանից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից։ ԱՄՆ-ում ու Չինաստանում հունվարի ընթացքում բնակարանային շուկայի, գնաճի և արդյունաբերական արտադրության դրական տվյալների ստացման դեպքում գունավոր մետաղների, մասնավորապես, պղնձի գինը կարող է վերսկսել բարձրանալ: Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշման կանխատեսվող միջակայքը մեկ ֆունտի դիմաց 4,45 – 4,67 ԱՄՆ դոլարն է:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև