ՀՀ ԿԲ-ն կրոնական թեմայով չորս արծաթե հուշադրամ է թողարկել

17.02.2011 16:32
ՀՀ ԿԲ-ն կրոնական թեմայով չորս արծաթե հուշադրամ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է չորս արծաթե հուշադրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայությունից, թողարկվել են «Ավետում», «Մոգերի երկրպագությունը», «Համբարձում» և «Մուտք Երուսաղեմ» անվանումով հուշադրամները:

Տեղեկատվության համաձայն՝ ամեն կատեգորիայում թողարկվել է 6-հազարական հուշադրամ՝ ամեն մեկը 1000 դրամ անվանական արժեքով: Հուշադրամները պատրաստված են  999 հարգի արծաթից, չափսը 32×32 մմ-է, զանգվածը՝ 31,1 գրամ, որակը՝ պրուֆ:

Հուշադրամներից յուրաքանչյուրը խորհրդանշում է հայկական մանրանկարչությունում ավետարանական որևէ տեսարան:

Հայկական մանրանկարներում Ավետման տեսարանը հիմնականում ներկայացվում է Աստծո պատգամաբեր Գաբրիել հրեշտակապետի և Մարիամ Աստվածածնի պատկերներով:

«Մոգերի երկրպագություն» հուշադրամը խորհրդանշում է Մարիամի և իր որդու առջև Մոգերի ծնկի իջնելը: Երբ Հիսուս Քրիստոսը ծնվում է Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, նրա աստղը հայտնվում է արևելքում, և մոգերը` առաջնորդվելով աստղով, գալիս են այնտեղ, ուր մանուկն է: Տեսնելով մանկանը իր մոր` Մարիամի հետ` նրանք ծնկի են գալիս, երկրպագում նրան ու նվիրում ոսկի, կնդրուկ և զմուռս:

«Հարություն» հուշադրամի վրա Հիսուս Քրիստոսը պատկերվում է ձվածիր փառապսակի մեջ. աջով նա օրհնում է աշակերտներին, ձախ ձեռքում պահում է գիրք կամ գալարափաթեթ: Երկու կամ չորս հրեշտակներ դեպի երկինք են տանում փառապսակը:  Համբարձումով նշանավորվում է Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության փառավոր ավարտը:

«Մուտք Երուսաղեմ» տոնը համընկնում է գարնան գալու և բնության արթնանալու հետ: Զատկից մեկ շաբաթ առաջ Հիսուս Քրիստոսը իր աշակերտների ուղեկցությամբ հանդիսավոր մուտք է գործում Երուսաղեմ: Հայկական մանրանկարներում այս տեսարանը պատկերվում է ավանակի վրա նստած, քաղաքին մոտեցող Քրիստոսին` օրհնող աջը բարձրացրած: Նրան հետևում են աշակերտները, իսկ առջևում Երուսաղեմի բնակիչներն են, որոնք հագուստներ ու ճյուղեր են նետում ճանապարհին:

Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամները հատվել է   Ֆինլանդիայի դրամահատարանում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև