Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա՝ փետրվարի 14-18-ի ամփոփումը

21.02.2011 13:11
Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա՝ փետրվարի 14-18-ի ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Armenia բորսայում նախորդ շաբաթ ԱՄՆ-ի դոլարի միջին կշռված փոխարժեքն ավելացավ 0,137 տոկոսով՝ հասնելով 365,25 դրամի:

Հաշվետու ժամանակահատվածում գործարքների ծավալը կազմեց 12,6 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 80,0 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,136 տոկոսով և շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, կազմեց 366,78 դրամ:

Մեր գնահատականներով՝ այս ժամանակահատվածի համար դեպի Հայաստան փոխանցումների ավանդական քիչ քանակի ֆոնի ներքո՝ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը աճի շարունակության հիմքեր ունի: Փետրվարին երկիր կատարված մասնավոր փոխանցումների ծավալը կարող է կազմել ընդամենը 69,55 միլիոն դոլար, ինչը 21,62 տոկոսով և 41,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նոյեմբերի և դեկտեմբերի համեմատ:

Սակայն Հայաստանում հաջորդ շաբաթ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի տեմպերը դժվար թե գերազանցեն 0,2 տոկոսը, քանի որ հնարավոր է, որ դրամին աջակցելու նպատակով կարգավորիչը մտնի շուկա: Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է աջակցել ազգային արժույթին, ինչի մասին վկայում են ոսկու-արժույթի նվազող պաշարները: Այսպես, հունվարին այս ցուցանիշը կրճատվել է 2,26 տոկոսով՝ հասնելով 1817,0 միլիոն ԱՄՆ դոլարի:

Հայաստանում գալիք շաբաթ ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հնարավոր է՝ տատանվի 364,0-370-0 դրամի սահմաններում:

Հայաստանում եվրոյի փոխարժեքը սահմանվում է համաշխարհային FOREX արժույթի շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը աճեց 1,05 տոկոսով՝ հասնելով 1,3685-ի:

Նախորդ առևտրային շաբաթվա սկզբում եվրոպական որոշ երկրների՝ պարտքերի հետ կապված խնդիրների մտավախությունների, ինչպես նաև եվրագոտուց ստացված բացասական մակրոտնտեսական վիճակագրության ֆոնի ներքո եվրոն գնային անկում ապրեց: Մասնավորապես, եվրագոտում չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալի կանխատեսվող փոփոխությունը կազմեց +0,3 տոկոս՝ կանխատեսված +0,4 տոկոսի համեմատ, իսկ Գերմանիայի գործարար միջավայրում տիրող տրամադրությունների՝ ZEW ինստիտուտի ինդեքսը կանխատեսվող սպասումներից ավելի բացասական էր՝ 15,7՝ 20,2-ի համեմատ: Այսպիսով, նախորդ երկուշաբթի՝ փետրվարի 14-ին, եվրոյին հաջողվեց հասնել շաբաթվա իր նվազագույն կետին՝ 1,3426-ին:

Սակայն արդեն փետրվարի 15-ից եվրոն դադարեց անկում ապրել: Այս ամենի պատճառը դարձավ ԱՄՆ-ից ստացված բացասական մակրոտնտեսական վիճակագրությունը: Եվրոյի գնանշմանը լրացուցիչ աջակցություն ցուցաբերեց նաև Եվրոպայի կենտրոնական բանկի վարչության անդամ Լորենցո Բինի Սմագիի հայտարարությունն այն մասին, թե ԵԿԲ-ն կարող է բարձրացնել հիմնական տոկոսադրույքը գլոբալ գնաճի կողմից աճող ճնշման պատճառով:

Այս իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն աճեց 0,4% տոկոսով՝ դառնալով 500,22 դրամ:

Այս շաբաթ աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող լուրերով: Գործակալների ուշադրության կենտրոնում կլինեն ԱՄՆ-ից ստացվող տնտեսական լուրերը, մասնավորապես՝ փետրվարին սպառողական վստահության ցուցանիշը, բնակարանային հատվածի հունվարյան տվյալները, 2010 թ.-ի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալի կանխատեսվող փոփոխությունը և Միչիգանի համալսարանից սպասվող փետրվար ամսվա վստահության ցուցանիշը: Ակնկալվում է, որ այս ցուցանիշների մեծամասնությունը դրական դինամիկա կդրսևորեն, ինչը արաբական երկրներում տիրող լարված իրավիճակի հետ միասին կարող է ավելացնել ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկը և հանգեցնել եվրոյի որոշակի նվազման:

Այս շաբաթ EUR/USD արժութային զույգը FOREX շուկայում կսակարկվի 1,3400-1,3800  միջակայքում: Իսկ Հայաստանում առաջիկա հինգ գործարքային օրերի ընթացքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 495,0 – 505,0 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 0,48 տոկոսով՝ հասնելով 12,67 դրամի: Դա պայմանավորված էր նավթի բարձր գների ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի բարձրացմամբ: Այսպես, նախորդ շաբաթ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն ավելացել է 1,67 տոկոսով՝ հասնելով 103,04 ԱՄՆ դոլարի:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, հայկական դրամի նկատմամբ ռուսական ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի արժեքից և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից: Նավթի բարձր գնանշումները կպահպանեն ռուսական արժույթի արժեքը: Հայաստանում առաջիկա հինգ գործարքային օրերի ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 12,55-12,85 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում իրականացվել են գործարքներ միայն ԱՄՆ դոլարով, այլ արտարժույթներով՝ մասնավորապես եվրոյով և ռուսական ռուբլով, գործարքներ չեն իրականացվել:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև