Հայաստանի գյուղատնտեսության վարկավորման պորտֆելը կազմում է 52 մլրդ դրամ. ԿԲ

12.03.2011 15:56
Հայաստանի գյուղատնտեսության վարկավորման պորտֆելը կազմում է 52 մլրդ դրամ. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի.  /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի վարկավորման պորտֆելն այսօր կազմում է 52 մլրդ դրամ, շաբաթ օրը մամուլի ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը։

Միաժամանակ նա պարզաբանեց, որ խոսքը միայն ֆերմերային տնտեսությունների մասին է՝ առանց հաշվի առնելու վերամշակող արդյունաբերությունն ու գյուղատնտեսության հետ առնչվող այլ ճյուղերը։

Ստեփանյանը համոզմունք հայտնեց նաև, որ այդ միջոցների ծավալները կաճեն։

«Բանկերի հետ քննարկումների արդյունքներով մենք գյուղատնտեսության վարկավորման ծավալների բարձրացման մեխանիզմներ կբացահայտենք՝ ավելի նորմալ պայմաններով»,- ասաց նա՝ հավելելով, որ ֆինանսավորման կոնկրետ ծավալները հայտնի կդառնան հետագայում։

Այս կապակցությամբ Ստեփանյանը քիչ հավանական է համարում գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների բարձրացումը, որոնց մեծ մասը տրամադրվում է ազգային արժույթով։

«Այսօր գյուղատնտեսության ոլորտին պետք է ընդգծված ուշադրություն դարձնել, քանի որ այն շատ կարևոր է գնաճի զսպման տեսանկյունից»,- պարզաբանեց նա։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ նախորդ տարվա դեկտեմբերին մինչև մեկ տարի ժամկետով  գյուղատնտեսական վարկերի՝ դրամով միջին տոկոսադրույքը կազմել է 23,4 տոկոս, իսկ 1-5 տարի ժամկետով՝ 21,9 տոկոս։ Միաժամանակ արտարժույթով վարկերը տրվում էին տարեկան 15 տոկոս միջին տոկոսադրույքով մեկ տարի ժամկետով, իսկ 1-5 տարի ժամկետով՝ 18,3 տոկոսով։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին երկրի տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթություններին նվիրված խորհրդակցության ընթացքում կոչ արեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ ավելի ակտիվ ուղղել բանկերը գյուղատնտեսության ոլորտ ($1 – 368,1 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև