Ավտոապահովագրողների բյուրոն և ՀՀ ֆինանսական օմբուդսմենը կհամագործակցեն ԱՊՊԱ-ի ոլորտում

17.03.2011 13:04
Ավտոապահովագրողների բյուրոն և ՀՀ ֆինանսական օմբուդսմենը կհամագործակցեն ԱՊՊԱ-ի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Ավտոապահովագրողների բյուրոն և ՀՀ ֆինանսական հաշտարարը պայմանավորվել են ԱՊՊԱ-ի ոլորտում տուժածների շահերի պաշտպանության հարցում համագործակցելու մասին:

Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը, համագործակցության հաստատումը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով, որ բյուրոն վերահսկում է ԱՊՊԱ-ի գործընթացը, իսկ ֆինանսական օմբուդսմենը քննարկում և լուծում է ֆինանսական կազմակերպությունների և քաղաքացիների միջև ծագած վեճերը:

«Մեր հիմնական խնդիրը սպառողների իրավունքների պաշտպանությունն է: Մենք կհամագործակցենք անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, օրենսդրական դաշտի զարգացման, ԱՊՊԱ համակարգի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման, քաղաքացիների կողմից իրենց իրավունքները հասկանալու ոլորտում, ինչպես նաև կկիսենք իրավասությունները», - նշել է նա:

Սարգսյանը տեղեկացրել է, որ նաև քաղաքացիների և ապահովագրական ընկերությունների միջև ծագած վեճերով զբաղվող ֆինանսական հաշտարարի գրասենյակը ԱՊՊԱ-ի հետ կապված միայն երկու գրավոր բողոք է ստացել, իսկ նմանատիպ բողոքների ընդհանուր թիվը 29-ն է:

Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը նշել է, որ Հայաստանում ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտն արդեն կայացել է, իսկ երկու կողմերի միջև համագործակցությունը հնարավորություն կտա տուժածների շահերի արդյունավետ պաշտպանություն ապահովել:

Ավետիսյանի տվյալների համաձայն, տարեսկզբից բյուրո է ստացվել ԱՊՊԱ-ի հետ կապված վիճելի իրավիճակների մասին 150 զանգ, որոնք օպերատիվ կերպով լուծվել են: Բյուրոյի տնօրենը նշել է, որ նշանակվել է ապահովագրական դեպքերը գնահատող փորձագետների որոշումների կապակցությամբ երեք կրկնակի և 14 ստուգիչ փորձաքննություն:

2011թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է ԱՊՊԱ ինստիտուտը: ԱՊՊԱ-ի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը: Հանրապետությունում գրանցված է շուրջ 430 հազար ավտոմեքենա, որոնցից ապահովագրված է ավելի քան 83 տոկոսը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև