Մետաղի շուկա. նախորդ շաբաթ ոսկու և պղնձի գներն աճել են G7-ի միջամտության ֆոնի ներքո

21.03.2011 14:13
Մետաղի շուկա. նախորդ շաբաթ ոսկու և պղնձի գներն աճել են G7-ի միջամտության ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ երկուշաբթի՝ մարտի 14-ին, ոսկով կատարված բորսային գործարքները, Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի ֆոնի ներքո, մեկնարկեցին կտրուկ թռիչքով: Սակայն ֆոնդային և ապրանքային հարթակներում հետևած խուճապային՝ ցածր գներով վաճառքն արտացոլվեց նաև ոսկու գնի վրա. երեքշաբթի՝ մարտի 15-ին, ոսկու գնանշումը նվազեց՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց մինչև 1380,68 ԱՄՆ դոլարի:

Սակայն նախորդ շաբաթ երկրորդ կեսին ոսկին կարողացավ մասնակիորեն վերականգնել իր կորուստը: Այս ամենն ուներ մի քանի պատճառ՝ առաջին հերթին ԱՄՆ ԴՊԾ-ն որոշում կայացրեց նույն մակարդակի վրա թողնել իր տոկոսադրույքները և շարունակել դրամավարկային քաղաքականությունը խթանող ուղղվածությունը, երկրորդը՝ մեծ յոթնյակի կենտրոնական բանկերը համաձայնության եկան թուլացնել իենի դիրքերը, ինչի արդյունքում դադարեցվեց համաշխարհային ֆոնդային և ապրանքային շուկաների անկումը, երկրորդ պատճառը Լիբիայում իրավիճակի սրումն է:

Այս ամենի արդյունքում անցած հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գինը աճել է 0,1 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1418,0 ԱՄՆ դոլարի

Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու և իենի հարցում միջամտություն կատարելուց հետո համաշխարհային ֆոնդային բորսաների մասնակի վերականգնման ֆոնի ներքո՝ ոսկին հնարավոր է շարունակի թանկանալ: Թանկարժեք մետաղի արժեքի աճին կարող է խոչընդոտել Ճապոնիայում տիրող իրավիճակի պատճառով համաշխարհային ֆոնդային բորսաներում առկա անորոշությունը: Հաջորդ շաբաթ ոսկու գնանշումը հնարավոր է գտնվի մեկ ունցիայի դիմաց 1380,0 – 1445,0 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Ֆյուչերսային շուկայում նախորդ շաբաթ պղնձի գինն աճել է 2,94 տոկոսով՝ հասնելով 4,3565 ԱՄՆ դոլարի՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց: Արտաքին գործոնները շարունակում են մնալ գլխավոր կողմնորոշիչները արդյունաբերական մետաղների, մասնավորապես, պղնձի շուկայում: Կարմիր մետաղի արժեքի աճի հիմնական պատճառը դարձավ իենի արժեզրկմանն ուղղված մեծ յոթնյակի կենտրոնական բանկերի համատեղ գործողությունը, որը կարողացավ դադարեցնել խուճապային՝ ցածր գներով վաճառքներն ապրանքային շուկաներում:

Պղնձի գնանշմանը լրացուցիչ աջակցություն ցուցաբերեց անկում ապրող ԱՄՆ դոլարը, որը ԱՄՆ-ում շարունակվող քանակական մեղմման ծրագրի և ԵԿԲ-ի տոկոսադրույքի ակնկալվող բարձրացման ֆոնի ներքո շարունակում է էժանանալ հիմնական մրցակիցների նկատմամբ:

Մեր գնահատականով՝ համաշխարհային տնտեսության վերականգնման և զարգացող պետությունների կողմից այս մետաղի արդյունաբերական կայուն պահանջարկի ֆոնի ներքո պղնձի միջնաժամկետ հեռանկարները շարունակում են դրական մնալ: Բացի այդ, աշխարհի երրորդ տնտեսությունն ունեցող Ճապոնիայում իրավիճակի կայունացումից հետո արդյունաբերական մետաղները, այդ թվում նաև պղինձը աճի լրացուցիչ ազդակ կստանան:

Առաջիկա շաբաթ պղնձի դինամիկան կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և Ճապոնիայում տեղի ունեցող իրադարձություններից: ԱՄՆ-ում անշարժ գույքի շուկայի փետրվարյան դրական տվյալների և համաշխարհային ֆոնդային շուկաներում իրավիճակի բարելավման դեպքում պղինձը կարող է շարունակել իր աճը: Պղնձի աճին կարող է խոչընդոտել Լիբիայում միջազգային ռազմական գործողությունների մեկնարկը:

Ֆյուչերսային շուկայում պղնձի արժենշման տատանումների ենթադրվող դիապազոնը կլինի 4,15 – 4,55 ԱՄՆ դոլար՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց:

Միքայել Վերդյան՝ Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև