TUV RHEINLAND GROUP-ը հաստատել է Ամերիաբանկի ISO 9001:2008 համապատասխանության վկայականը

21.03.2011 14:59
TUV RHEINLAND GROUP-ը հաստատել է Ամերիաբանկի ISO 9001:2008 համապատասխանության վկայականը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Գերմանական TUV RHEINLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերությունը կրկին հաստատել է դեռևս 2009թ. ապրիլին Ամերիաբանկին շնորհված ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը։ Այս մասին երկուշաբթի  «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` արդեն երկրորդ անգամ նշված կազմակերպության կողմից Ամերիաբանկում կատարվեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու բանկի գործունեության համապատասխանությունը Որակի կառավարման նշված ստանդարտին:

Ինչպես նշվում է բանկի հաղորդագրության մեջ, TUV RHEINLAND GROUP-ի ներկայացուցիչը բարձր գնահատեց 2010 թվականին բանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը, և վերահաստատվեց բանկին շնորհած ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը:

«Անցած մեկ տարվա ընթացքում, մասնավորապես, բարելավվել են ռիսկերի կառավարման համակարգը, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը, աշխատակիցների գործունեության արդյունավետության գնահատման համակարգը, մշակվել են մի շարք գործընթացներ նոր բանկային ծառայությունների ներդրման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ իրականացվել է գործող գործընթացների շուրջ 80 բարելավում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ բանկի թիմին միացած նոր գործընկերների համար կազմակերպվել են ճանաչողական սեմինար հանդիպումներ` ուղղված որակի կառավարման համակարգի և մշակույթի տարածմանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանկը չի սահմանափակվում ISO 9001:2008 ստանդարտով պահանջվող նվազագույն միջոցառումների իրականացմամբ, այլ իր գործունեության մեջ կիրառում է այնպիսի մեթոդներ և ներդնում այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն են ընձեռում անշեղորեն իրականացնել բանկի ռազմավարությամբ ամրագրված նպատակները:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ներդրումային բանկ է, որն առաջարկում է կորպորատիվ, ներդրումային և որոշակի մանրածախ ծառայություններ՝ համալիր փաթեթի տեսքով։ «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև