Փորձագիտական միությունը Հայաստանի մակրոտնտեսության մասին. կանխատեսումներ, թե՞ իրականություն

24.03.2011 15:20
Փորձագիտական միությունը Հայաստանի մակրոտնտեսության մասին. կանխատեսումներ, թե՞ իրականություն

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի.  /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը շարունակում է անկախ փորձագետների, տնտեսական լրագրողների և բանկային հատվածի հեղինակավոր ներկայացուցիչների շրջանում հարցումներ անցկացնելու՝ անցյալ տարվա փորձը՝ տնտեսական հիմնական ցուցանիշների դինամիկայի և միտումների մասին։

Մենք մեր առջև հատուկ խնդիր ենք դնում Հայաստանում հեղինակավոր փորձագիտական միություն ստեղծել և ապահովել կանխատեսման գնահատման ինստիտուտի առկայությունը, ինչը կօգնի իրական հատվածի խաղացողներին իրական ակնկալիքների ծրագրման, ձևավորման հարցերում, ինչպես նաև ինչպես ներկայում, այնպես էլ հեռանկարում տնտեսական գործունեության իրագործման հարցում։

Ինչպես պարզվեց նախորդ տարվա հարցման արդյունքների ամփոփումից, Հայաստանի տնտեսական աճի, գնաճի և տարադրամի փոխարժեքի ցուցանիշների որոշ կանխատեսումներ եթե ոչ ամբողջությամբ են համընկել 2010 թվականի իրական արդյունքների հետ, ապա բավական մոտեցել են դրանց։

Հայաստանում տնտեսական աճի առավել ճշգրիտ կանխատեսումը, որը 2010 թվականին կազմել է 2,6 տոկոս, ներկայացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը՝ նախորդ տարվա մարտին նա կանխատեսել էր, որ միջին ցուցանիշը կտատանվի 2,5-3 տոկոսի սահմաններում։ Իրականությանը մոտ կանխատեսումներ էին ներկայացրել նաև «Հայոց աշխարհ» և «Ազգ» թերթերի թղթակիցներ Վասակ Թարփոշյանը և Արա Մարտիրոսյանը, ովքեր հայկական տնտեսության 2 տոկոսանոց աճի կանխատեսում էին արել:

Իրականությունից ամենահեռու սպասումներն էր ներկայացրել Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը, ով կանխատեսել էր տնտեսության 2-տոկոսանոց անկում։ Ոչ այդքան իրատեսական էին նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի տնտեսական տեսաբան Հերմինե Բաղդասարյանի և «Գոլոս Արմենիի» օրաթերթի թղթակից, «Բազիս» տնտեսական ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Արամյանի կանխատեսումները՝ համապատասխանաբար 0 և 4,5 տոկոս ցուցանիշներով։

Հայկական տնտեսության երկնիշ աճ հնարավո՞ր է 2011 թվականին

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսական աշխուժության կանխատեսմանը 2011 թվականին, ապա հարցման բոլոր 13 մասնակիցները կասկած չունեն, որ տնտեսության աճ կգրանցվի, իսկ փորձագետների, բանկերի և տնտեսական լրագրողների ակնկալիքների դիապազոնը տատանվել է 3-8 տոկոսի սահմաններում։ Միաժամանակ առավել զգուշություն են ցուցաբերել Բագրատ Ասատրյանը և Արմսվիսբանկը ՀՆԱ-ի 3-4 և 3 տոկոս աճի կանխատեսումներով։

Զգույշ և խիստ կանխատեսումների հեղինակների շարքին կարելի է դասել նաև ՀՀՀ տնտեսական տեսաբան Հերմինե Բաղդասարյանին՝ նա Հայաստանում ՀՆԱ հնարավոր աճի ներքին և վերին շեմերը սահմանել է 2-6 տոկոս մակարդակի վրա, իսկ նրա միջին կանխատեսումը բավական կոռեկտ է և կազմում է 3,9 տոկոս։

Արա Մարտիրոսյանը և «Կապիտալ» տնտեսական թերթի թղթակից Արմենակ Չատինյանը 4,5 տոկոս կանխատեսումներով գործնականում կրկնում են պետբյուջեով նախատեսված ՀՆԱ 4,6 տոկոսանոց աճի ցուցանիշը։ Ընդ որում, վերջինը կարծում է, որ գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակից ելնելով, այդ ցուցանիշը կարող է իսկապես հասնել 4,6 տոկոսի։ Ամբողջությամբ բյուջետային ցուցանիշին է հակված նաև Արարատբանկը։

Ի դեպ, հարցման այս մասնակիցները մոտ են միջազգային այնպիսի ֆինանսական ինստիտուտների կանխատեսումներին, ինչպիսիք են ՀԲ-ն, ՎԶԵԲ-ը և ԱՄՆ-ն։ Այսպես, ՀԲ-ն կանխատեսում է ընթացիկ տարում հայկական տնտեսության 4-5-տոկոսանոց աճ, ՎԶԵԲ-ն ակնկալում է 4,5 տոկոսանոց աճ, իսկ ԱՄՀ-ի կանխատեսումը կազմում է 4,6 տոկոս գյուղատնտեսության ոլորտի վերականգնման հաշվին։

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանը նախանձելի լավատեսությամբ ակնկալում է, որ հայկական տնտեսության աճը կկազմի միջինը 8 տոկոս։ Նա միակն է, ով չի բացառում այն, որ այդ ցուցանիշը կարող է երկնիշ դառնալ և կազմել 10 տոկոս։ Բավական լավատեսական կանխատեսում է ներկայացրել նաև «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը։ Նրա կանխատեսումներով, հայկական տնտեսությունը կկարողանա միջինը 6 տոկոսանոց աճ ցույց տալ։

Աշոտ Արամյանը, «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակից Վասակ Թարփոշյանը, ինչպես նաև Հայբիզնեսբանկը և Հայէկոնոմբանկը վստահ են, որ Հայաստանին միջինը 5 տոկոս տնտեսական աճ է սպասվում։ Նրանք սկզբունքորեն համաձայնել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքին, որ երկրի տնտեսական աճը կրկնակի կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։

2011 թվականին ՀՆԱ աճի կանխատեսում

Միջին կանխատեսում

Կանխատեսում «ից»-«մինչև»

Բանկեր
«Հայբիզնեսբանկ» 5% 4,5 – 5,5%
«Հայէկոնոմբանկ» 5% 4 – 6%
«Արմսվիսբանկ» 3% 2 – 4%
«Արարատբանկ» 4,6% 3 – 6%
Անկախ փորձագետներ
Բագրատ Ասատրյան 3 – 4% 2 – 8%
Էդվարդ Սանդոյան 8% 6 – 10%
Հեղինե Մինասյան 5% 3 – 7%
Մանուկ Հերգնյան 6% 4 – 8%
Տնտեսական լրագրողներ
Վասակ Թարփոշյան 5% 4 – 6%
Հերմինե Բաղդասարյան 3,9% 2 – 6%
Աշոտ Արամյան 5% 4 – 6%
Արա Մարտիրոսյան 4,5% 3 – 6%
Արմենակ Չատինյան 4,5% 4,6%

Ազգային գնաճի առանձնահատկությունները

Մեր հարցման մասնակիցների գնաճային կանխատեսումների և 2010 թվականին 9,4-տոկոսանոց գնաճի պաշտոնական ցուցանիշի համեմատությունը բացահայտում է, որ առավել ճշգրիտ է կրկին Հեղինե Մանասյանը՝ նրա միջին կանխատեսումը տատանվել է 8-10 տոկոսի սահմաններում։ Ոչ պակաս իրատեսական է նաև Մանուկ Հերգնյանն 9 տոկոս կանխատեսմամբ։

Էդվարդ Սանդոյանի գնաճային 2-տոկոսանոց լավատեսական կանխատեսումը նախորդ տարվա արդեն մարտին չհաստատվեց։ Գնաճային ակնկալիքների տեսանկյունից իրավիճակն այդքան էլ դրական չէր, այդ պատճառով հասկանալի է այն, որ հարցման մասնակիցների մեծամասնությունը կանխատեսել է 6-7-տոկոսանոց գնաճ։

Այս տարի գնաճը, թերևս, իշխանությունների ուշադրության կենտրոնում գտնվող ամենասուր հարցն է։ Ընթացիկ ցուցանիշներն այդքան էլ ոգևորող չեն։ Այսպես, փետրվարին 12-ամսյա գնաճը գերազանցել է 12 տոկոսը, և իշխանությունները որոշել են գործի դնել դրա զսպման բոլոր հնարավոր գործիքները։ Կենտրոնական բանկը վստահ է, որ առաջիկայում կհաջողվի դանդաղեցնել գնաճի տեմպը, իսկ երկրորդ կիսամյակից գնաճը կսկսի կտրուկ նվազել և կվերադառնա այս տարվա բյուջեով նախատեսված 4% (±1,5%) նպատակային միջանցքի սահմանները։

Նմանատիպ կանխատեսումներ են հնչեցրել նաև միջազգային փորձագետները։ Այսպես, ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ Հայաստանում գնաճը 2011 թվականին կնվազի և կվերադառնա նպատակային միջանցքի շրջանակներ։ ԱՄՀ-ն գնաճի կայունացում է ակնկալում ընթացիկ տարում մինչև 4,6 տոկոս, իսկ Համաշխարհային Բանկը հնարավոր է համարում  4-5 տոկոսանոց գնաճ։

Արդար լինելու համար հարկ է նշել, որ «ԱՌԿԱ»-ի հարցման մասնակիցներից և ոչ ոք առանձնապես հույսեր չունի, թե գնաճը կվերադառնա ծրագրված ցուցանիշին։

Իշխանությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների լավատեսությունն ամենաքիչն է կիսում Մանուկ Հերգնյանը: Նա ոչ միայն լավացման հույս չունի, այլ նաև տարեկան 12 տոկոս գնաճ է կանխատեսում՝ չբացառելով նաև այն հանգամանքը, որ հնարավոր է՝ այդ ցուցանիշը հասնի 15 տոկոսի: Հեղինե Մինասյանը նույնպես իրավիճակի առանձնահատուկ բարելավման հնարավորություն չի տեսնում, նրա միջին կանխատեսումը 10 տոկոս է:

Հարցվածների մի մասը կարծում է, որ տվյալ ցուցանիշը կարող է հասնել 9 տոկոսի։ Նրանց թվում են ոչ միայն Բագրատ Ասատրյանը, ում միջին կանխատեսումը կազմում է 6,5-7 տոկոս, այլ նաև Հերմինե Բաղդասարյանը, Արա Մարտիրոսյանը, ինչպես նաև Հայբիզնեսբանկը, Արմսվիսբանկը և Արարատբանկը։ Արմենակ Չատինյանը նույնպես չի բացառել 9-տոկոսանոց գնաճ 2011 առաջին կիսամյակում, սակայն հնարավոր է համարում ցուցանիշի նվազում այն դեպքում, եթե համաշխարհային պարենային շուկայում չկրկնվեն 2010 թվականի հայտնի իրադարձությունները։

Էդվարդ Սանդոյանի, Աշոտ Արամյանի և Վասակ Թարփոշյանի միջին կանխատեսումները գործնականորեն համընկնում են և կազմում են 7-7,5 տոկոս համապատասխանաբար։ 6-տոկոսանոց ամենափոքր ցուցանիշ է կանխատեսել Հայէկոնոմբանկը։ Եվ միայն Արա Մարտիրոսյանն ու Հայէկոնոմբանկն իրենց «ից»-«մինչև» կանխատեսումներում չեն բացառում, որ գնաճը կմոտենա 5,5-տոկոսանոց նիշին։

2011 թվականի գնաճի կանխատեսում

Միջին կանխատեսում

Կանխատեսում «ից»-«մինչև»

Բանկեր
«Հայբիզնեսբանկ» 8% 7 – 9%
«Հայէկոնոմբանկ» 6% 5,5 – 8%
«Արմսվիսբանկ» 8% 7,5 – 9%
«Արարատբանկ» 7% 6 – 9%
Անկախ փորձագետներ
Բագրատ Ասատրյան 6,5 – 7% 6 – 9%
Էդվարդ Սանդոյան 7% 6 – 8%
Հեղինե Մինասյան 10% 7 – 13%
Մանուկ Հերգնյան 12% 7 – 15%
Տնտեսական լրագրողներ
Վասակ Թարփոշյան 7,5% 6,5 – 8,5%
Հերմինե Բաղդասարյան 8,7% 7 – 9%
Աշոտ Արամյան 7% 6 – 8%
Արա Մարտիրոսյան 7% 5,5 – 9%
Արմենակ Չատինյան 7% մինչև հուլիս՝ 9%, այնուհետև՝ պակաս

Տարադրամի փոխարժեքի ազատ «լողի» տեսանելի ափերը

Տարադրամի՝ ԿԲ դրամի միջին շուկայական փոխարժեքի հիման վրա հաշվարկված միջին ցուցանիշը 2010 թվականի արդյունքներով, կազմել է 373,8 դրամ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց այն դեպքում, երբ նախորդ տարվա պետբյուջեում դոլարի հաշվարկային փոխարժեքը դրամի նկատմամբ ծրագրված է մեկ դոլարի դիմաց 376 դրամի մակարդակով։ Հաշվի առնելով դա՝ մեր հարցման մասնակիցների թվում առավել ճշգրտությամբ առանձնացել են Արա Մարտիրոսյանի ակնկալիքները մեկ դոլարի դիմաց 370 դրամ կանխատեսմամբ, ինչպես նաև Հեղինե Մանասյանը, ում միջին կանխատեսումը կազմել է 380 դրամ։

Բոլոր կանխատեսումները, թե արտարժույթի փոխարժեքը տարվա արդյունքներով կգերազանցի մեկ դոլարի դիմաց 400 դրամի շեմը, չարդարացան։ Այդ կանխատեսումների հեղինակների թվում են Աշոտ Արամյանը մեկ դոլարի դիմաց 435 դրամ կանխատեսումով, Մանուկ Հերգնյանը (425 դրամ), Արարատբանկը (420 դրամ), Հերմինե Բաղդասարյանը (410 դրամ) և Հայբիզնեսբանկը (400 դրամ)։

Էկոնոմիկայի ներկայիս նախարար Տիգրան Դավթյանը, լինելով ֆինանսների նախարար, խորհրդարանում 2011 թվականի բյուջեի քննարկման ընթացքում հայտարարել է, որ իշխանությունները, այսպես թե այնպես, կհրաժարվեն պետբյուջեում դոլարի հաշվարկային փոխարժեքի ծրագրման պրակտիկայից։ Ի դեպ, այդ ցուցանիշն իսկապես բացակայում է Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված Հայաստանի ֆինանսական գլխավոր փաստաթղթի տեքստում։

Բացի այդ, նախարարության ներկայացուցիչները հրաժարվում են կանխատեսել փոխարժեքը 2011 թվականին, բացատրելով դա նրանով, որ տարադրամի լողացող քաղաքականությունը, որին վերադառնալու մասին ՀՀ ԿԲ-ն հայտարարեց 2009 թվականի մարտի 3-ին, ինքնին բացառում է ինչ-որ արժութային միջանցքի գոյությունը։ Միակը, ինչ հաջողվեց նրանցից իմանալ, հայտարարություններն են այն մասին, որ Հայաստանի Կենտրոնական բանկի վարած քաղաքականության արդյունքում երկրում տարադրամի շուկայի բավականին հանգիստ վիճակ է ակնկալվում։

Սակայն կանխատեսումները, այնուամենայնիվ, հնչեցվում են։ Մասնավորապես, Հերմինե Բաղդասարյանը վստահ է, որ տարադրամն ընթացիկ տարում կգերազանցի մեկ դոլարի դիմաց 400 դրամի շեմը և կկազմի միջինը 420 դրամ։ Մանուկ Հերգնյանը թեև հնչեցրել է 375 դրամ միջին կանխատեսումը, սակայն չի բացառում, որ փոխարժեքը կարող է հասնել 400 դրամի։

Մոտ կանխատեսումներ են ներկայացրել նաև Բագրատ Ասատրյանը, Էդվարդ Սանդոյանը և Արարատբանկը, նրանց միջին կանխատեսումները կազմում են դոլարի դիմաց 380 դրամ, իսկ հնարավոր միջանցքի համատեքստում նրանք նշում են 360-390 դրամի դիապազոն։

Հատկանշական է նաև այն, որ հարցման մասնակիցներից ոչ ոք չի ներկայացրել շատ լայն միջանցք, բոլոր կանխատեսումներն աչքի են ընկնում բավականին բարձր ճշգրտությամբ։ Այսպես, Հեղինե Մանասյանը, Արա Մարտիրոսյանը, Վասակ Թարփոշյանը, ինչպես նաև Հայբիզնեսբանկը և Հայէկոնոմբանկն ակնկալում են, որ Հայաստանի տարադրամի փոխարժեքը կտատանվի մեկ դոլարի դիմաց 350-380 դրամի սահմաններում։

Ամենափոքր ցուցանիշը կանխատեսել է Արմենակ Չատինյանը։ Նա կարծում է, որ երկրում տարադրամի փոխարժեքը կկազմի միջինը մոտ 350 դրամ, ինչպես նաև մատնանշում է դոլարի դիմաց 340-370 դրամի միջանցքի առկայությունը, ինչը կախված կլինի սեզոնայնության գործոնից, մասնավոր տրանսֆերտներից և մետաղների համաշխարհային գներից։ Աշոտ Արամյանը միաժամանակ առհասարակ զերծ մնաց որևէ կանխատեսումից՝ մի շարք «բայց»-երից ելնելով։

Տարադրամի փոխարժեքը 2011 թվականին

Միջին կանխատեսում (AMD)

Կանխատեսում «ից»-«մինչև»

Բանկեր
«Հայբիզնեսբանկ» 366 362 – 370
«Հայէկոնոմբանկ» 370 365 – 375
«Արմսվիսբանկ» 375 370 – 380
«Արարատբանկ» 380 362 – 390
Անկախ փորձագետներ
Բագրատ Ասատրյան 380 360 – 390
Էդվարդ Սանդոյան 380 370 – 390
Հեղինե Մինասյան 370 360 – 380
Մանուկ Հերգնյան 375 360 – 400
Տնտեսական լրագրողներ
Վասակ Թարփոշյան 370 360 – 380
Հերմինե Բաղդասարյան 420 400 – 430
Աշոտ Արամյան կանխատեսում չկա
Արա Մարտիրոսյան 360 350 – 370
Արմենակ Չատինյան շուրջ 350 340 – 370

Շարունակելի...

Շնորհակալություն հայտնելով հարցման բոլոր մասնակիցներին իրենց պատրաստակամության և պատասխանատվության համար, որով նրանք արձագանքեցին «ԱՌԿԱ» գործակալության առաջարկին, հայտնում ենք, որ գործակալությունը հետագայում էլ կշարունակի ամենամյա այսպիսի հարցումների պրակտիկան, ինչը հնարավորություն կտա դիտարկելու գործընթացներն իրենց դինամիկայում։

Նշենք, որ, ի տարբերություն Կենտրոնական բանկի համանման կանխատեսումների, որոնց մենք հետևում ենք և ողջունում, մեր ձևաչափն այլ հարթություն է ընդգրկում և ներկայացնում է փորձագետների, շուկայի անմիջական մասնակիցների, ինչպես նաև տնտեսական թեմաներով գրող լրագրողների գնահատականը։ Դա թույլ կտա ընդլայնել մեր վերջնական նպատակին՝ Հայաստանի տնտեսական դաշտում բարձրակարգ փորձագիտական միավորման ձևավորմանը հասնելու ներուժը։

Հետագայում մենք չենք բացառում առաջարկվող հարցերի ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև ծրագրում ենք նոր մասնակիցներ ներգրավել ինչպես տնտեսական անկախ փորձագետների միջավայրից, այնպես էլ իրական հատվածի և Հայաստանի տնտեսական կյանքն ու զարգացման հեռանկարներն առավել ակտիվ լուսաբանող լրագրողների շրջանից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև