Armenian Card-ը մրցակցում է հայտնի վճարային համակարգերի հետ

25.03.2011 19:14
Armenian Card-ը մրցակցում է հայտնի վճարային համակարգերի հետ

«Armenian Card» (ArCa) վճարային համակարգի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ». Պրն Մխիթարյան, ի՞նչ է իրենից ներկայացնում ArCa վճարային համակարգը ստեղծման պահից 10 տարի անց:

Ի. Մխիթարյան. Իսկապես, ArCa վճարային համակարգի ստեղծման պահից անցել է արդեն ավելի քան տասը տարի՝ հաշվի առնելով այն, որ ընկերությունը ստեղծվել է 2000 թ.-ի մարտին, իսկ առաջին փոխանցումն իրականացվել է 2001 թ.-ի մայիսին: Անցած տարիների ընթացքում համակարգը կայացել և ապացուցել է գոյություն ունենալու և զարգանալու իր իրավունքը:

Այսօրվա դրությամբ Հայաստանի գրեթե բոլոր առևտրային բանկերը այս կամ այն կարգավիճակով մասնակցում են ArCa վճարային համակարգին: Այսպես, 16 առևտրային բանկերին, որոնք ընկերության լիիրավ անդամ-բաժնետերեր են, տրամադրվում է ծառայությունների ողջ շրջանակը, ՎՏԲ-Հայաստան բանկը համակարգի էկվայեր է և սեփական ցանցում ArCa քարտերի սպասարկման իրավունք ունի:

Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը այս տարեսկզբից ArCa քարտերի էմիսիայի իրավունք  է ստացել՝ ավելացրած սեփական ցանցում դրանց սպասարկումը՝ դառնալով ArCa քարտերի էմիտենտ և էկվայեր: Եվ, վերջապես, ArCa քարտերի էմիտենտի կարգավիճակ ունի նաև Մելլաթ բանկը:

ArCa-ի պրոցեսինգային կենտրոնը բացառիկ է այն առումով, որ մեկ պրոցեսինգի շրջանակներում սպասարկվում են ինչպես ազգային համակարգի, այնպես էլ գրեթե բոլոր հայտնի միջազգային վճարային համակարգերի՝ American Express-ի, Visa-ի, MasterCard-ի քարտերը: Աշխատանքներ են տարվում DainersClub-ի քարտերի սպասարկման ուղղությամբ (գործընկերը Արարատբանկն է):

Մեր ընկերությունը տարբերվում է նաև մեր պրոցեսինգի կողմից գործարկվող սարքավորումների լայն շրջանակով: Այսօր սպասարկող ցանցի նկատմամբ մեր ընկերության բաց մոտեցման շնորհիվ՝ գործում են երեք տարբեր արտադրողների բանկոմատներ (Diebold, NCR, Wincor Nixdorf), արտոնագրման փուլում է գտնվում բանկոմատ արտադրող ևս մեկ ապրանքանիշ:

Միաժամանակ համակարգում գործարկված են ինչպես գումարի տրամադրման, այնպես էլ կանխիկ դրամի ընդունման և արտարժույթի փոխանակման ապարատներ: Վաճառքի և սպասարկման կետերում գործում են Cybernet, Hypercom, Ingenico, Verifone վճարային տերմինալները, գործարկման փուլում են նաև Landi տերմինալները:

Ցանկացած նախաձեռնության դեպքում որոշ ժամանակ անց գալիս է իրավիճակի, մոտեցումների, ձեռքբերումների և հնարավոր սխալների իմաստավորման, վերանայման և վերլուծության պահը: Այն ժամանակ, երբ ստեղծվում էր համակարգը, բոլոր բանկերը սկսում էին գրեթե միանման դիրքորոշումներից: Հայաստանում քարտային բիզնեսը գտնվում էր սաղմնային վիճակում, և խնդիր էր դրվել քարտերով ազգային վճարային միասնական համակարգ ստեղծել:

Բանկերն ու տնտեսվարող սուբյեկտները մուտք էին գործում իրենց համար նոր ոլորտ, որը այն ժամանակվա Հայաստանի պայմաններում (98-99 թթ.) ավելի շատ գիտական ֆանստաստիկայի բնագավառից էր: Բնակչությունը գրեթե պատկերացում չուներ բանկում փոխանցումային հաշիվների մասին, առավել ևս՝ դրանց ամենօրյա գործածման մասին:

Մեր համակարգն այն բանի օրինակն է, թե ինչպես առաջարկը պահանջարկ ծնեց: Սակայն, ինչպես ես արդեն նշեցի, իրավիճակը տասը տարի անց վերանայման կարիք ուներ: Մեկնարկելով գրեթե միանման դիրքորոշումներից՝ անցած տարիների ընթացքում շուկայում հայտնվեցին առաջնորդներ քարտային բիզնեսի ոլորտում: Փոխանցումների ծավալով առաջին չորս տեղերը զբաղեցնող բանկերն իրենց քարտերով ապահովում են համակարգում կատարված փոխանցումների ողջ ծավալի ավելի քան 55 տոկոսը, իսկ սպասարկման ցանցերում իրականացվող փոխանցումների ծավալով՝ ավելի քան 57 տոկոսը: Նմանատիպ թվեր են նաև այլ ցուցանիշներով՝ թողարկված քարտերի քանակի, սպասարկման կետերի, բանկոմատների թվի գծով և այլն:

Անկախ վերը նշված ցուցանիշներից՝ միասնական սակագներ էին գործում համակարգի բոլոր մասնակիցների համար: Այս մոտեցումը էական առավելություններ ուներ համակարգի կայացման փուլում: Սակայն զարգացման այս փուլում անհրաժեշտություն է առաջացել «հարթ» սակագնից անցում կատարել տարբերակված սակագնի՝ կախված փոխանցումների քանակից: Սակագները ուժի մեջ են մտել մարտի 1-ից: Այժմ սպասվում են փոփոխություններ, որոնք կվերաբերեն կորպորատիվ կառավարման, բաժնետիրական կապիտալի ձևավորման սկզբունքներին:

Քարտային բիզնեսը դինամիկ զարգացող բնագավառ է, և ArCa-ի առջև միշտ մարտահրավեր է կանգնած՝ բանկերի բիզնես-կարիքների ապահովում և քարտային գործարքների սպասարկման, անվտանգության որակի բարձրացում:

Դիտարկելով վերը նշվածը որպես մեր ընկերության հիմնական խնդիր՝ մենք մի կողմից աշխատում ենք բիզնես-գործընթացների և համակարգի մասնակիցների հետ տնտեսական հարաբերությունների կատարելագործման և օպտիմալացման ուղղությամբ, մյուս կողմից՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Այս ամենի ուղղությամբ 2010 թ.-ին բազմաթիվ կարևոր որոշումներ են ընդունվել:

Այդ որոշումների հիման վրա վերանայվել է ընկերության կառուցվածքը, ստեղծվել են ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են տեխնոլոգիաների զարգացման և համակարգի մասնակիցների հետ համատեղ նախագծեր վարելու համար, ինչպես նաև՝ ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են ռիսկերի դիտարկման և վերլուծության համար: Ինչպես նշվեց, վերանայվել է գործարքների համար միջնորդավճարների հաշվարկման մեխանիզմը, և մարտի 1-ից գործում է տարբերակված սանդղակ հետևյալ սկզբունքով՝ որքան շատ են գործարքները, այնքան քիչ է միջնորդավճարը: Վերանայվել են նաև բանկերի և ընկերության միջև ծախսերի բաշխման որոշ մեխանիզմներ: Առաջիկայում կմեկնարկեն պրոցեսինգային կենտրոնի ապարատածրագրային հարթակի արդիականացմանն ուղղված աշխատանքները:

Մենք այսօր համագործակցում և շարունակելու ենք համագործակցել բանկերի հետ նրանց կողմից առաջարկված նախագծերի և բիզնես-գաղափարների շրջանակներում: Մյուս կողմից, մենք պետք է մեր մասնակիցներին առաջարկենք տեխնոլոգիական նոր հնարավորություններ՝ նրանց բիզնեսի զարգացման և ընդլայնման համար: Այս բոլոր փոփոխությունները նպատակ ունեն ArCa-ն դարձնել գրավիչ ինչպես տնտեսական, այնպես էլ տեխնիկական և տեխնոլոգիական տեսակետից:

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն էր 2010 թվականն ArCa-ի համար։ Ի՞նչ նախագծեր ներդրվեցին

Ի.Մխիթարյան. Ինչպես նշվեց, 2010 թվականը դարձավ փոփոխությունների սկիզբ ընկերությունում և համակարգում, ընդունվեցին բազմաթիվ կարևոր որոշումներ, որոնց մասին ես արդեն ասացի։ Եթե խոսենք ձեռքբերումների մասին, ապա կանգ կառնեմ դրանցից առավել հատկանշականների վրա։

Մեծագույն ձեռքբերումներից դարձավ տարեսկզբին PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) ստանդարտին համապատասխանության հավաստագրի ստացումը։ Պրոցեսինգային կենտրոնի համապատասխանությունն այդ ստանդարտին վկայում է այն մասին, որ քարտապանի և քարտային օպերացիաների տվյալները չեն կարող հասանելի լինել չարտոնված կողմին ոչ վճարային օպերացիաների կատարման, ոչ տվյալների բազաներին չգրանցված հասանելիության արդյունքում։

Առաջարկվող ծառայությունների շրջանակի ընդլայնման տեսանկյունից մեկ այլ հատկանշական իրադարձություն դարձավ 2010 թվականի նոյեմբերից American Express վճարային համակարգի քարտերի թողարկման և սպասարկման մեկնարկը, այդ համակարգի գործընկերը Հայաստանում դարձավ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը։

Շահագործման է հանձնվել arca.am թարմացված վճարային պորտալը, որը կոչված է բարձրացնել Ինտերնետ-միջավայրում հաճախորդների սպասարկման մակարդակը։

Իրականացվեց SDA (Static Data Authentication) չիպային քարտերով կանխիկացման ժամանակ աուտենտիֆիկացման մեխանիզմից անցում DDA (Dynamic Data Authentication) մեխանիզմի, ինչը բարձրացնում է անվտանգության մակարդակը։

Մենք սերտորեն համագործակցում ենք քարտապաններին առաջարկվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու, ինչպես նաև վերջինների մակարդակը բարձրացնելու կոչված բանկերի և համակարգի այլ մասնակիցների հետ տարբեր նախագծերի շրջանակներում։

«ԱՌԿԱ». Որքա՞ն է այժմ շրջանառության մեջ դրված քարտերի ընդհանուր թիվը, որքա՞ն է ակտիվ քարտերի թիվը, ինչպես նաև ArCa համակարգի սպասարկման կետերի, բանկոմատների և POS-տերմինալների թիվը Հայաստանում։

Ի.Մխիթարյան. 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ համակարգի շրջանակներում թողարկվել է գրեթե 600 հազար քարտ, մեր ցանցում գործում է 686 բանկոմատ և քարտերի սպասարկման մոտ 3000 սպասարկման կետ։

Ներկայում գործում է ArCa վճարային համակարգի ավելի քան 300 հազար քարտ, գրեթե 170 հազ Visa և շուրջ 120 հազար MasterCard համակարգի քարտեր։ Ազգային վճարային համակարգի քարտերի համար գրանցվել է օգտագործման լավագույն ցուցանիշը՝ 71 տոկոս (թողարկված քարտերի հարաբերակցությունն օգտագործողների նկատմամբ)։ Visa քարտերի մասով այդ ցուցանիշը մի փոքր ցածր է՝ 60 տոկոս, իսկ MasterCard համակարգի քարտերի մասով՝ 48 տոկոս։

Այդ տվյալները թույլ են տալիս պնդել, որ Հայաստանի ներքին շուկայում ArCa քարտերը գործնականորեն հավասար են մրցում միջազգային վճարային համակարգերի հայտնի քարտերի հետ։

Դինամիկ տեմպով է աճում նաև քարտերը սպասարկող կետերի թիվը։ Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկոմատների թիվն աճել է 14,3 տոկոսով՝ հասնելով 600 բանկոմատի։ Առևտրի և սպասարկման կետերի թիվն աճել է 36,2 տոկոսով՝ 1991 թվականից ավելանալով մինչև 2711։ Հատկանշական է, որ ինչպես բանկոմատների, այնպես էլ վճարային տերմինալների տեղադրման աշխարհագրությունն ընդլայնվում է՝ դուրս գալով Երևանի սահմաններից։

«ԱՌԿԱ». Որքա՞ն են անկանխիկ գործարքների ծավալներն ու մասնաբաժինը պլաստիկ քարտերով գործառնությունների ընդհանուր թվում։ Մշակվել են, արդյո՞ք, կոնկրետ մեխանիզմներ և արդյո՞ք միջոցառումներ իրականացվում են Հայաստանում քարտային անկանխիկ շրջանառության խթանման ուղղությամբ։

Ի.Մխիթարյան. Ցավոք, առայժմ մեզ մոտ քարտերով կանխիկացման գերակշռող մասնաբաժինը բանկոմատներից կանխիկ դրամ հանելու գործարքներն են։ Թեև վերջին տասնամյակում քարտերով կանխիկացման և առևտրասպասարկման ցանցում անկանխիկ վճարումների ծավալների հարաբերակցությունը փոփոխություններ է կրել, այնուամենայնիվ, այդ ծավալներն առայժմ բավարար չեն։

Բանկերի թվում անկանխիկ վճարային օպերացիաների միջին թիվը տատանվում է 12-13 տոկոսի սահմաններում մեր համակարգի շրջանակներում թողարկած բոլոր կանխիկացումների թվից, ինչը գումարային արտահայտմամբ կազմում է գործարքների ողջ ծավալի մոտ 7 տոկոսը։

Սակայն կան գործոններ, որոնք կարող են խթանել քարտերի լայն ներթափանցումը բնակչության առօրյա կյանք։ Դա կախված է նրանից, որտեղ և ինչպես է կարելի վճարում կատարել քարտով, որքանով են առևտրասպասարկող ձեռնարկությունները հասկանում, որ այդ ծառայությունը պետք է հենց նրանց, թե ինչպես բանկերը, քարտեր թողարկելով, իրենց հաճախորդներին քարտերից օգտվելու սովորություն կսերմանեն, ոչ միայն կանխիկ աշխատավարձ հանել և այլն։

Պետք է նշել Կենտրոնական բանկի և կառավարության քայլերը անկանխիկ վճարումների զարգացման և խրախուսման բնագավառում, մասնավորապես, օրենսդրության և հարկային վարչարարության բնագավառում։ Աշխատանքներ են տարվում պետվճարների և տարբեր տեսակի տուրքերի ու տուգանքների վիրտուալ դաշտ փոխանցելու մասին, մեր օրակարգում կան այդպիսի նախագծեր։

Հաշվիչ-դրամարկղային ապարատների հաջող ներդրումից հետո երկրորդ պլան է մղվել առևտրասպասարկող ձեռնարկությունների իրական շրջանառությունների արտացոլման հարցը, իսկ դա, իր հերթին, պետք է հանգեցնի բանկային հաշիվների միջոցով օպերացիաների անցկացման առջև անջրպետի անկմանը, ինչը նույնպես կհանգեցնի անկանխիկ օպերացիաների որոշակի աճի։ Այդ ուղղությամբ դեռ շատ բան կա անելու։

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն են Web-միջավայրում տրանզակցիայի ցուցանիշները։

Ի.Մխիթարյան. Թեև ինտերնետ-տրանզակցիաների թիվը մեծ չէ, սակայն վերջին ժամանակներում դրանց թիվն ու ծավալը սկսում է աճել։ Այսպես, մարտի 1-ի դրությամբ, նախորդ տարվա մարտի համեմատ, տրանզակցիաների թիվն ու ծավալն աճել են գրեթե 75 տոկոսով։ Եթե այս տվյալները վերածենք թվերի, ապա մարտի 1-ի դրությամբ դա համակարգի մասնակից բանկերի թողարկած քարտերով կատարած 277 609 հազ դրամի 33 426 տրանզակցիա է։

Ինտերնետի միջոցով վճարումներն արագ զարգացող ոլորտ է։ Ժամանակակից աշխարհում ավելի մեծ տարածում է ստանում ապրանքների և ծառայությունների վճարումն ինտերնետով։ Փոխվում է մոտեցումն առևտրի նկատմամբ։ Եթե նախկինում ինչ-որ բան գնելու համար պետք էր գնալ խանութ, ապա այսօր գնումը կարելի է իրականացնել տանից՝ Ինտերնետի և նույնիսկ ավելին՝ փողոցում, տրանսպորտում, և ամենուր, բջջային հեռախոսների միջոցով, այսինքն, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս դա անել։

Հայաստանում այդ ոլորտը դեռ նոր է սկսում զարգանալ։ Էլեկտրոնային ավիատոմսեր տարածելը, հյուրանոցներ պատվիրելը, ավտոմեքենաներ վարձելը, ճանապարհորդություններ պատվիրելը Հայաստանում Ինտերնետ-վճարումների աճի ակնհայտ ուղղություններից է։ Հեռահաղորդակցային օպերատորների, ինտերնետ պրովայդերների, մալուխային հեռուստատեսության օպերատորների ծառայությունների վճարումները, ինտերնետով ապրանքների և ծառայությունների պատվերները, կոմունալ ծառայությունների, ապահովագրությունների, հարկերի, տուրքերի վճարումը կհանգեցնեն համակարգում տրանզակցիայի այդ տեսակի աճին։

Գիտակցելով և կանխատեսելով Ինտերնետ-տրանզակցիաների հետագա աճը՝ մեր ընկերությունը ծրագրում է համակարգի արդիականացման աշխատանքների շրջանակներում նոր տեխնոլոգիաներ ներդնել Ինտերնետ-վճարումների բնագավառում, մասնավորապես, աշխարհում մեծ կիրառում ունեցող 3D Secure վիրտուալ տրանզակցիաների պաշտպանության տեխնոլոգիան։

Այդ տեխնոլոգիայի էությունն այն է, որ այն նախատեսում է էմիտենտ բանկի մասնակցությունը գնման գործընթացում։ 3D Secure տեխնոլոգիայով գնման վճարման ժամանակ քարտապանի պարտադիր ստուգում է անցկացվում։ Այս տեխնոլոգիայով աշխատանքի ժամանակ վաճառողը հաճախորդից պահանջում է քարտի ռեկվիզիտները, ինչից հետո այդ տեղեկատվությունը և վճարի ենթակա գումարը փոխանցում է համապատասխան վճարային համակարգ (VISA, MasterCard և այլն)։ Այն, իր հերթին, տեղեկատվությունը փոխանցում է էմիտենտ-բանկին, որը տեղեկատվություն է տրամադրում էմիտենտ-բանկի պաշտպանած կայքի հասցեի տեսքով լրացուցիչ ստուգման տեսքով։

Ինտերնետ-խանութի ծրագրային ապահովումը հաճախորդի համար այդ կայքը  բացում է web-բրաուզերի առանձին պատուհանում։ Հաճախորդի նույնականացման համար պահանջվում են գլխաբառ և գաղտնաբառ, որոնք հայտնի են միայն քարտապանին։ Միաժամանակ հաճախորդի և էմիտենտ բանկի միջև կապի անվտանգ ուղի է սահմանվում, որը հասանելի չէ ոչ վաճառողին, ոչ Ինտերնետ ցանցի մեկ այլ մարդու։ Էմիտենտ բանկը ստուգում է քարտապանին և ստանում է տրանզակցիայի համաձայնությունը։ Միայն դրանից հետո փոխանցումը կթույլատրվի, և այդ տեղեկատվությունը կուղարկվի վաճառողի կայքին։ Ինչպես տեսնում ենք, քարտի համարը բավարար չէ վճարում կատարելու համար։

«ԱՌԿԱ». Ինտերնետ-խարդախության կասեցման այլ մեխանիզմներ մշակվե՞լ են։

Ի. Մխիթարյան. Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց կեղծ գործարքների մեծամասնության աղբյուրը քարտապանի անուշադրությունն է։ Կորած, գողացված քարտերը, որոնք այլ անձանց են փոխանցվում առանց ստուգման, դրանց օգտագործումը կասկածելի հաստատություններում, անձնական տեղեկատվության տեղադրումն Ինտերնետ-միջավայրում, օրինակ, ի պատասխան թակարդ-նամակին՝ այս ամենը հարստություն է խարդախների համար։

Քարտերից տեղեկատվություն հավաքելու համար չարագործները հատուկ սարքավորում են օգտագործում, սկսած մագնիսային ժապավենը «կարդացող» սարքից մինչև բանկոմատներում քարտընդունիչի վրա դրվող սարքեր ու տեսախցիկներ։ Վիրտուալ միջավայրում թակարդ-նամակներ են օգտագործվում հաղորդագրություններով, որ ձեզ խոշոր շահում կամ ժառանգություն է սպասում, և մնում է միայն հաղորդել քարտի համարն ու մի քանի այլ տվյալներ։

Բայց, կրկնում եմ, եթե քարտապանն ուշադիր է, կորուստներից կարելի է խուսափել։ Ասվածը չի նշանակում, որ քարտապանները միակ պատասխանատուներն են իրենց գործողությունների համար։ Ոչ մի դեպքում։ Քարտային վճարումների բնագավառում մշտապես մշակվում և նոր տեխնոլոգիաներ ու ծառայություններ են ներդրվում, որոնք կոչված են բարձրացնել վճարային քարտերի օգտագործման անվտանգությունը։

Սա և աստիճանական անցումն է սմարթ-քարտերին, որոնք անվտանգության ավելի բարձր աստիճան են ապահովում մագնիսային ժապավենով քարտի համեմատ, և 3D Secure վերոնշյալ տեխնոլոգիան, և խարդախների օպերացիաների կասեցման տարբեր ինտելեկտուալ համակարգերը։

Այժմ ArCa համակարգի շրջանակներում արդեն սկսվել է սմարթ-քարտերի, ընդ որում՝ ինչպես ArCa, այնպես էլ MasterCard և Visa պրոդուկտների թողարկումը։ Հաստատվել և գործում է FraudGuard համակարգը, որը հետևում և գրանցում է նախապես նկարագրված կանոններով կասկածելի գործարքները, ընդ որում՝ զարգացման առաջիկա ծրագրերում նախատեսվում է անցնել կասկածելի օպերացիաների մոնիթորինգի համակարգից դրանք կասեցնելու համակարգի։

Տեղեկատվական ապահովման շրջանակներում հասանելի է քարտապանների SMS-իրազեկման ծառայությունը նրանց քարտային հաշվի հետ կապված բոլոր գործարքների մասին։ Պարբերաբար անցկացվում են որոշակի ընթացակարգեր, որոնք կոչված են ապահովել գործընթացների հուսալիությունը, ամբողջականությունը, անվտանգությունը, մասնավորապես, PCI DSS (Payment Card Industry Data Security Standards) ստանդարտների համապատասխանության ամենամյա աուդիտը տեղեկատվական անվտանգության և վճարային համակարգի խոցելիության գնահատականների ստացման նպատակով։

Այսօր ArCa համակարգի պրոցեսինգային կենտրոնը լիովին համապատասխանում է PCI DSS բոլոր չափանիշներին և պահանջներին։ RAMP (Risk Assessment Management Program) –ը MasterCard վճարային պրոցեսինգային համակարգի ռիսկերի գնահատման կառավարման ծրագիր է։ Դա ենթադրում է առևտրասպասարկող ձեռնարկությունների եռամսյակային մոնիթորինգ ռիսկերի բացահայտման համար և համապատասխանաբար անվտանգության միջոցների բարձրացում սպասարկող անձնակազմի ուսուցման և ծրագրային սահմանափակումների կիրառման միջոցով անօրինական անկանխիկ գործարքներ կատարելիս վնասները կրճատելու համար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև