Ամերիաբանկը մտադիր է մինչև տարեվերջ իր բանկոմատների թիվը հասցնել 85-ի

01.04.2011 10:33
Ամերիաբանկը մտադիր է մինչև տարեվերջ իր բանկոմատների թիվը հասցնել 85-ի

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի.  /ԱՌԿԱ/. Մինչև 2011 թվականի վերջը Ամերիաբանկը նախատեսում է բանկոմատների քանակը ներկայիս 69-ից հասցնել 85-ի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Մինչև տարեվերջ Ամերիաբանկը նախատեսում է բանկոմատների քանակը հասցնել ավելի քան 85-ի, միաժամանակ ընդլայնել նաև բանկոմատների աշխարհագրական ընդգրկվածությունը` տեղադրելով դրանք հաճախորդների համար նախընտրելի տարածքներում»,- նշվում է հաղորդագրությունում։

Ինչպես ասվում է մամուլի հաղորդագրությունում, Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցությունը` աշխատավարձային ծրագրերի շրջանակներում: Եվ նրանց աշխատակիցների համար բանկոմատներից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով բանկն ընդլայնում է բանկոմատների ցանցը ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում:  2010թ. սկզբին բանկն ուներ  30 բանկոմատ, իսկ արդեն տարեվերջին դրանց քանակը  հասավ 65-ի: Ներկայումս բանկոմատների քանակը 69-ն է, որոնցից 54-ը՝ Երևան քաղաքում, 2-ը` ԼՂՀ-ում, իսկ 13-ը` ՀՀ մարզերում:

2010թ.-ին Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ աճել է 1.7 անգամ` 2009թ.-ի համեմատությամբ, իսկ կատարված գործարքների քանակն ավելացել է շուրջ 1.8 անգամ:

Բանկի կողմից 2010թ. թողարկված վճարային  քարտերի քանակը՝ 2009թ. Համեմատությամբ, աճել է 140%-ով, ընդ որում բանկի կողմից թողարկված միայն Platinium և Gold քարտերի քանակն աճել է 131%-ով: Ընդ որում քարտերի քանակի աճի 80 տոկոսն իրականացվել է աշխատավարձային ծրագրերի հաշվին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին բանկի ակտիվները կազմել են 153 մլրդ դրամ (երկրորդ տեղը Հայաստանի բանկային համակարգում), պարտավորությունները՝ 120,9 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 32,1 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 25,5 մլրդ դրամ (առաջին տեղ), բանկի համախառն վարկային ներդրումները կազմել են 90,4 մլրդ դրամ (2-րդ տեղ), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 67 մլրդ դրամ (4-րդ տեղ), իսկ 2010 թվականի մաքուր շահույթը՝ 2873,6 մլրդ դրամ (4-րդ տեղ)։ ($1 – 369,68 դրամ է) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև