Զարգացման ասիական բանկը 2011 թ.-ին Հայաստանում 7,5% գնաճ է կանխատեսում

13.04.2011 11:39
Զարգացման ասիական բանկը 2011 թ.-ին Հայաստանում 7,5% գնաճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2011 թ.-ին գնաճը կարող է կազմել 7,5 տոկոս, իսկ 2012 թ.-ին՝ 5,5 տոկոս, նշվում է Զարգացման ասիական բանկի «Asian Development Outlook-2011» զեկույցում, որը հրապարակված է բանկի կայքում:

Հայաստանի պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2011 թ.-ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%):

«Տնտեսվարող գործունեության ամրապնդման և հումքային ապրանքների համաշխարհային գների արագ աճի կապակցությամբ գնաճային ճնշումը կպահպանվի 2011 թ.-ին, չնայած ակնկալվում է, որ գնաճը կկրճատվի՝ 2010 թ.-ի բարձր ցուցանիշի համեմատ», - նշվում է զեկույցում:

2010 թ.-ի արդյունքում Հայաստանում 9,4 տոկոսանոց գնաճ է արձանագրվել, ընդ որում պետբյուջեում թիրախային ցուցանիշը նախատեսված էր 4 տոկոսի սահմաններում (±1,5%):

Զեկույցի հեղինակները կարծում են, որ այդ ճնշմանը հակազդելու նպատակով դրամավարկային քաղաքականությունը կխստացվի:

Այս կապակցությամբ զեկույցում նշվում է, որ այս տարվա փետրվարին ՀՀ Կենտրոնական բանկը 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով այն 7,75 տոկոսի:

ՀՀ ԿԲ խորհուրդը մարտի 4-ի նիստի ժամանակ որոշում է ընդունել 0.5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով այն 8,25 տոկոսի:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում Հայաստանում գնաճը կազմում է 5,2 տոկոս, մարտին, 2010 թ.-ի մարտի համեմատ, այն հասնում է 11,2 տոկոսի: 2011 թ.-ի մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,8 տոկոսանոց գնաճ, ինչը հիմնականում պայմանավորված է 0,8 տոկոսով պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլի և ծխախոտի) գների աճով և ծառայությունների ոլորտում 0,9 տոկոսով սակագների աճով:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԿԲ-ի և ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած միջոցառումները թույլ կտան արդեն ամռանից ասել, որ Հայաստանում գների մակարդակը նվազում է: Կառավարության կանխատեսումներով՝ Հայաստանում 2011 թ.-ին գնաճը կկազմի 6 տոկոս, իսկ ՎԶԵԲ-ի և ԱՄՀ-ի գնահատականներով՝ գնաճը կլինի պետբյուջեով նախատեսված ցուցանիշի սահմաններում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև