13.04.2011 18:59
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2011 թ.-ի առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղում ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրում է (ԱՊՊԱ) անցել ապահովագրման ենթակա շուրջ 12 հազար մեքենաներից ավելի քան 10 հազարը, հաղորդում է ԼՂՀ ֆինանսների նախարարությունը:
Հաշվետու ժամանակահատվածում Ղարաբաղում գրանցվել է շուրջ 110 ՃՏՊ, որոնցից 80-ի դեպքում արդեն փոխհատուցում է վճարվել:
Փոխհատուցման համար սահմանված ընդհանուր գումարը կազմել է 15 մլն 400 հազար դրամ, որոնցից 11 մլն 500 հազար դրամն արդեն վճարվել է: Ապահովագրության նվազագույն գումարը կազմել է 20 հազար դրամ, առավելագույնը՝ 1,5 մլն դրամ:
Ապահովագրություն չանցած ավտոսեփականատերերին տրամադրվում է ևս երկու ամիս՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար, և հունիսի 1-ից կսկսի գանձվել ապահովագրության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի ողջ ծավալը՝ 10-150 հազար դրամ, նշված ժամանակահատվածում ապահովագրություն չանցնելու համար նախատեսված է 50 հազար դրամի տուգանք:
ԱՊՊԱ-ի գործընթացն իրականացվում է Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ:
Լեռնային Ղարաբաղում այս պահին արդեն իրացվել է ավելի քան 8 հազար ԱՊՊԱ պոլիս: Հանրապետությունում գրանցված շուրջ 17 հազար ավտոմեքենաներից ապահովագրման է ենթակա 12 հազարը:
ԼՂՀ-ում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու մասին օրինագիծը հավանության է արժանացրել ԼՂՀ ԱԺ-ի կողմից 2010 թ.-ի նոյեմբերի 10-ին և ստորագրվել է ԼՂՀ նախագահի կողմից նոյեմբերի 15-ին:
ԱՊՊԱ պայմանագիր կնքելու նվազագույն ժամկետ է 3 ամիսը, առավելագույն ժամկետը՝ 1 տարի: ԱՊՊԱ պոլիսի բացակության համար նախատեսված տուգանքը 50 հազար դրամ է:
Ղարաբաղում ԱՊՊԱ պոլիսի իրացմամբ զբաղվում են «Ինգո Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» հայկական ապահովագրական գործակալությունների ներկայացուցիչները:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: