Անելիք Բանկը ԱԶԲ-ի հետ առևտրի ֆինանսավորման պայմանագիր է ստորագրել

14.04.2011 15:32
Անելիք Բանկը ԱԶԲ-ի հետ առևտրի ֆինանսավորման պայմանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հետ միջազգային առևտրի ֆինանսավորման պայմանագիր է ստորագրել, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում կնքված այս պայմանագիրը նախատեսում է բանկային երաշխիքների և ակրեդիտիվների տրամադրում Անելիք Բանկի հաճախորդներին միջազգային առևտրի խթանման նպատակով:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ այս նոր պայմանագրով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ընդլայնում է իր միջազգային գործընկերների ցանկը ևս մեկ հայտնի ֆինանսական կառույցով, ինչպես նաև կայուն գործընկերություն հաստատելով Ասիական Զարգացման Բանկի հետ` լրացուցիչ հնարավորություն է ստանում նվազեցնել Հայաստանի գործարարների ռիսկերը միջազգային առևտրի ոլորտում:

Հաշվի առնելով, որ հետճգնաժամային փուլում զգալիորեն մեծացել է պահանջարկը միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների նկատմամբ` Բանկը որոշում է կայացրել ավելի ակտիվացնել իր մասնակցությունն այս ոլորտում, ինչի մասին է վկայում այս նոր պայմանագրի կնքումը:

«Միջազգային առևտրի բանկային սպասարկումը լայն կիրառվում է ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ունի միջազգային ֆինանսական կառույցների հետ նմանատիպ ծրագրերի բարեհաջող իրականացման երկարամյա փորձ: Այս առումով, նոր պայմանագիրը մենք գնահատում ենք որպես հերթական հաջող համագործակցության վկայական: Համոզված ենք, որ Ասիական Զարգացման Բանկի հետ այս համագործակցությունը կլինի փոխշահավետ բոլոր  կողմերի համար և կկրի շարունակական բնույթ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Ասիական զարգացման բանկը ստեղծվել է 1966 թ.-ին, ունի 67 անդամ-երկիր։ Հայաստանի Հանրապետությունը ԱԶԲ անդամ է 1995 թ.-ի սեպտեմբերի 20-ից՝ միանալով «Ասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագրին»։ Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև մի շարք համաձայնագրեր և փոխհամաձայնության հուշագիր է կնքվել:

2004-2010 թթ.-ի ընթացքում առևտրի ֆինանսավորման ծրագիրը ասիական 14 երկրներում աջակցել է 2433 միջազգային առևտրային գործարքների իրականացմանը, որոնց ընդհանուր գումարը կազմել է 5,2 մլրդ դոլար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև