ՀՀ ԿԲ-ն հրապարակել է անցյալ տարվա ՀՀ ֆինանսական կայունության մասին հաշվետվությունը

26.04.2011 16:27
ՀՀ ԿԲ-ն հրապարակել է անցյալ տարվա ՀՀ ֆինանսական կայունության մասին հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երեքշաբթի հրապարակել է «2010թ.-ի ֆինանսական կայունության հաշվետվությունը», որտեղ ներկայացված են ՀՀ ֆինանսական համակարգի կայունության վրա ազդող ռիսկերի և դրանց չեզոքացման գնահատականը։

«2010թ.-ի ընթացքում ՀՀ ֆինանսական կայունությունը պահպանվել է բավարար մակարդակում։ Գյուղատնտեսության ոլորտում նկատվող անկման հետևանքով սպասվածից ցածր տնտեսական աճ է գրանցվել, սակայն մյուս  բնագավառներում աճի միտումներ են պահպանվել»,- նշվում է հաշվետվության մեջ։

Հաշվետվության համաձայն՝ 2011թ.-ին 4,1-5,7 տոկոս մակարդակով տնտեսական աճ է կանխատեսվում, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ ներքին պահանջարկի համեմատաբար բարձր աճի և կանխատեսված տեմպերի սահմաններում համաշխարհային տնտեսության վերականգնմամբ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, գնաճի մակարդակը կարող է պահպանվել ԿԲ-ի հաստատած թիրախային ցուցանիշի սահմաններում՝ միջազգային էներգետիկ և արդյունաբերական ճգնաժամի բացակայության դեպքում։

Պետբյուջեի համաձայն՝ 2011թ.-ին Հայաստանում ծրագրված է 4 տոկոս (±1,5%) մակարդակով գնաճ, իսկ ՀՀ ՀՆԱ-ի աճը՝ 4,6 տոկոսի չափով։

Միաժամանակ, ինչպես հաղորդվում է ԿԲ հաշվետվության մեջ, 2011թ.-ին Հայաստանում նախատեսվում է արտահանման և ներմուծման աճ, ինչպես նաև մասնավոր փոխանցումների հոսքի տեմպերի արագացում՝ համաշխարհային տնտեսության շարունակական վերականգնման և Ռուսաստանում սպասվող բարձր տնտեսական աճի պայմաններում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև