27.04.2011 16:25
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը բարձր կլինի, ընդ որում իշխանությունները կփորձեն այն կրճատել բյուջեի հաշվին, «ԱՌԿԱ» գործակալության հարցին պատասխանեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընթացիկ տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, Հայաստանում գնաճը կազմել է 11,5 տոկոս: Միաժամանակ 2011թ.-ի փետրվարի համեմատ, մարտին գրանցվել է սպառողական գների 0,8 տոկոսանոց աճ:
Ըստ Բագրատյանի, ՀՀ կառավարությունը երկու փոխկապակցված խնդիրների առջև է կանգնած, և հայտնվել է «ցուգցվանգ» իրավիճակում:
«Բյուջեի կատարման համար 10-12 տոկոսը գերազանցող գնաճ է հարկավոր: Այդ դեպքում բյուջեն հեշտ կլինի կատարել, քանի որ գների աճի դեպքում ավելանում են հարկերը: Եթե գնաճի դեմ պայքար է տարվում, խնդիրներ են ծագում բյուջեի հետ»,- ասաց նա:
Միաժամանակ Բագրատյանը նշեց, որ գնաճի նվազման համար տնտեսական իշխանությունները կբարձրացնեն վերաֆինանսավորման դրույքները, և այդ ցուցանիշը կարող է հասնել 9,5 տոկոսի:
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն ապրիլի 13-ին վերաֆինանսավորման դրույքը 0,25 տ.կ.-ով բարձրացնելու մասին որոշում է կայացրել՝ այն հաստատելով 8,5 տոկոսի չափով:
«ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման դրույքը, իսկ բանկերը՝ վարկերի տոկոսադրույքները, ինչը խթանում է նոր, քառատրոփ գնաճը »,- ասաց նա:
2011թ.-ի պետբյուջեի համաձայն, Հայաստանում նախատեսված է 4% (±1,5%) մակարդակով գնաճ: Կառավարության կանխատեսումների համաձայն, 2011թ.-ին Հայաստանում գնաճը կկազմի 6 տոկոս, ըստ ՎԶԵԲ-ի գնահատականների՝ այն կլինի պետբյուջեում ծրագրված ցուցանիշի սահմաններում, իսկ ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն, գնաճը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նպատակային միջանցք կվերադառնա 2012թ.-ի առաջին կիսամյակում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: