06.05.2011 14:56
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մայիսի 9-ի տոնի նախօրեին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին նվերներ և նյութական օգնություն է հանձնել «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր վետերանի օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:
«Ձեր արիությունը, հերոսությունն ու անձնվիրությունը հաջորդ սերունդների համար կծառայեն որպես հպարտության և ընդօրինակման առարկա: Չկա այն գինը, որով հնարավոր կլիներ հատուցել բոլորիս պարտքը Ձեր առջև: Այս նվերները նվազագույնն է, ինչով կկարողանանք մի փոքր երջանկացնել մեր վետերաններին Մեծ Հաղթանակի օրվա նախօրեին», - նշել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:
Նա վետերաններին մաղթել է խաղաղ երկինք, քաջառողջություն, բարեկեցություն և բարգավաճում նրանց ընտանիքներին:
Եզրափակելով խոսքը` Խանդկարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին` Մեծ Հաղթանակի կապակցությամբ հայ վետերաններին շնորհավորելու հնարավորություն ընձեռելու համար:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախօրեին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը Մեծ հաղթանակի 66-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ:
«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարային համակարգերի սկզբունքային անդամ է;
2007թ.-ի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը։ 2008թ.-ի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ էմիսիա է անցկացրել, որը նույնպես գնվել է Գազպրոմբանկի կողմից, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն աճել է մինչև 94,15 տոկոս։ 2008թ.-ի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնել է Ռայֆֆայզենբանկի մոտ մնացած 5,85 տոկոսը, և այժմ բանկի 100 տոկոսանոց սեփականատերն է։ 2010թ.-ին բանկի դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 820 մլն ԱՄՆ դոլար։--0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: