Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը մայիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում

10.05.2011 14:43
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը մայիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքըNASDAQ OMX Armenia բորսայում աճել է 0,7 տոկոսով՝ հասնելով 372,48 դրամի: Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում առուվաճառքի ծավալը կազմել է 6,42 ԱՄՆ դոլարը, ինչը 59,62 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից, այս ամենը կապված էր կարճատև տոնական շաբաթվա հետ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը ևս ավելացել է 0,5 տոկոսով և շաբաթ օրը՝ մայիսի 7-ին կազմել է 373,95 դրամ:

13

Հայաստանում դոլարի փոխարժեքը մնում է 370 դրամից բարձր կետում ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ պահպանվող բարձր պահանջարկի պատճառով: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի վաճառքի ծավալը (51.145 մլն ԱՄՆ դոլար) 18,9 տոկոսով ավել է գնման ցուցանիշից (43,016 մլն ԱՄՆ դոլար):

ՀՀ ԿԲ-ն զսպում է դոլարի հետագա աճը: ԿԲ-ի կողմից դրամի արժեզրկումը զսպող դրդապատճառներից մեկը երկրում գնաճի տեմպերի կապակցությամբ գոյություն ունեցող մտահոգությունն է:

Մեր գնահատականների համաձայն, դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը որոշ ժամանակ կմնա 370-380 դրամի սահմաններում: Այս ամենի պատճառը կլինի առաջին հերթին համաշխարհային ապրանքահումքային շուկաներում գների նվազումը, որոնք կթուլացնեն արտաքին գնային ճնշումը, ինչի կապակցությամբ կվերանան ինչպես դրամի հետագա արժեզրկման, այնպես էլ ԿԲ-ի կողմից այդ գործընթացը զսպելու պատճառները: Երկրորդը, մենք մայիսին ակնկալում ենք, որ Հայաստանում փոխանցումային վճարների զուտ ծավալը կավելանա՝ հասնելով 91,56 մլն ԱՄՆ դոլարի, ինչը կարող է թուլացնել արտարժույթի նկատմամբ իրարանցումային պահանջարկը:

Այսպիսով, հաջորդ շաբաթ Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 371 – 376 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ հայկական արժութային շուկայում եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազեց 3,32 տոկոսով՝ հասնելով 1,4313-ի:

Շաբաթվա առաջին կեսին EUR/USD զույգով առուվաճառքն իրականացվում էր բավականին նեղ շրջանակում: Սակայն չնայած այս ամենին, եվրոպական արժույթին հաջողվեց թարմացնել իր բազմամսյա առավելագույն ցուցանիշը՝ հասնելով 1,4939 կետի: Եվրոյին աջակցեցին լուրերն այն մասին, որ ADP-ի համաձայն՝ ԱՄՆ-ի մասնավոր հատվածում աշխատատեղերի թիվն ապրիլին ավելացել է 179 հազարով՝ կանխատեսվող 200 հազարի փոխարեն:

Սակայն շաբաթվա երկրորդ կեսին եվրոյի գնանշումը սկսեց կտրուկ նվազել: Եվրոյի զանգվածային վաճառքի հիմնական պատճառը դարձան տոկոսադրույքներին նվիրված ԵԿԲ-ի հերթական նիստը և ԵԿԲ-ի նախագահ պարոն Տրիշեի ավանդական մամուլի ասուլիսը: Հիմնական տոկոսադրույքը, ինչպես և ակնկալվում էր, մնաց անփոփոխ՝ 1,25 տոկոսի սահմանում, սակայն դրան հետևած ԵԿԲ-ի նախագահ Ժան-Կլոր Տրիշեի ելույթն ուժեղացրեց եվրագոտում դրամային քաղաքականության ապագա խստացման հեռանկարների վերաբերյալ շուկայի մասնակիցների մտավախությունը: Տրիշեն անկեղծորեն ակնարկեց, որ հունիսին տոկոսադրույքի հերթական բարձրացում չի լինի:

Նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 1,1 տոկոսով՝ հասնելով 547,5 դրամի: Մեր գնահատականների համաձայն՝ այս փոխարժեքը փոքր-ինչ ավել է, քանի որ ուրբաթ՝ մայիսի 6-ին, համաշխարհային արժութային շուկայում եվրոյի հիմնական նվազումը տեղի էր ունենում ամերիկյան նստաշրջանի ընթացքում, երբ Հայաստանի բանկային նստաշրջանն արդեն փակ էր: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ երեքշաբթի՝ մայիսի 10-ին, կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կնվազի՝ հասնելով 536,0 դրամի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կորոշվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ապրիլին ԱՄՆ-ում մանրածախ վաճառքների վերաբերյալ, մարտյան առևտրային հաշվեկշռի, ինչպես նաև ապրիլին արտադրական և սպառողական գնաճի տվյալների հրապարակումը: Եվրագոտու նորությունների թվում հետաքրքիր կլինեն առաջին եռամսյակում ՀՆԱ-ի նախնական տվյալները:

Այս տվյալները կարող են խառը լինեն: Մի կողմից, ԱՄՆ-ում ապրիլին գնաճի տեմպերը կարող են ավելանալ, ինչը կաջակցի ԱՄՆ դոլարին: Մյուս կողմից, եվրագոտում ՀՆԱ-ի տվյալները կարող են ցուցադրել տնտեսության աճի շարունակությունը: Արդյունքում, առաջիկա շաբաթվա ընթացքում եվրոյի դինամիկան, հավանաբար,  փոփոխական կլինի: Դիմադրության մակարդակ կարող է լինել 1,4680-ը, աջակցության մակարդակ՝ 1,4150-ը: Այս դեպքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 525 – 555 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն աճեց 0,7 տոկոսով՝ հասնելով 13,66 դրամի: Այս ամենը հիմնականում պայմանավորված էր հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժեքի աճով, այն դեպքում երբ ռուբլու գինը դոլարի նկատմամբ ևս անկում էր ապրում:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուսական ռուբլու դինամիկան կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և նավթի գներից:

Նավթի արժեքի աճի վերականգնման դեպքում ռուսական ռուբլին աճի լրացուցիչ ազդակ կստանա: Առաջիկա օրերին դրամի նկատմամբ ռուսական ռուբլուն լրացուցիչ աջակցություն կցուցաբերի Հայաստանում դոլարի արժեքի չափավոր աճի հավանական շարունակությունը: Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրվա ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,4-13,8 դրամի սահմաններում:–0–

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև