ՀՀ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով այն 8,5%-ի սահմաններում

10.05.2011 17:25
ՀՀ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով այն 8,5%-ի սահմաններում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ընթացքում որոշում է ընդունել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ԿԲ մամուլի ծառայությանը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2011 թ. ապրիլին արձանագրվել է 0.2% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է 2.6 տոկոսային կետով և կազմել է 8.9%:

Նիստի ընթացքում նշվել է, որ չնայած անորոշությունների պահպանմանը՝ ապրիլի ընթացքում պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել են գների կայունացման միտումներ:

Խորհուրդն իրատեսական է համարում, որ տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ձևավորված տոկոսադրույքները կնպաստեն 2011 թ. երկրորդ կեսից գնաճի արագ նվազմանը և կանխատեսվող հորիզոնում 4%±1.5 տատանումների թույատրելի միջակայքում ձևավորմանը:

ՀՀ ԿԲ-ն վերջին անգամ 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2011 թ.-ի մարտի 4-ին՝ հասցնելով այն 8,25 տոկոսի: Մինչ այդ ԿԲ-ն 0,5 տոկոսային կետով բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2011 թ.-ի փետրվարի 8-ին՝ հասցնելով այն 7,75 տոկոսի: 2010 թ.-ի ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է հինգ անգամ՝ 5,0 տոկոսից հասնելով 7,25 տոկոսի (հունվարի 21-ին, փետրվարի 16-ին, մարտի 9-ին և ապրիլի 13-ին բարձրացվել է 0,5 տոկոսային կետով, իսկ մայիսի 11-ին՝ 0,25 տոկոսով):

ՀՀ 2011 թ.-ի պետբյուջեի համաձայն՝ հանրապետությունում գնաճը նախատեսված է 4±1,5 տոկոսի սահմաններում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև