Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գները նվազել են Տրիշեի մեկնաբանությունների ֆոնի ներքո

10.05.2011 19:07
Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գները նվազել են Տրիշեի մեկնաբանությունների ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Անցած շաբաթվա սկզբին ոսկու գնանշումները կրկին թարմացրեցին իրենց ռեկորդային մաքսիմումները՝ հասնելով 1575,15 ԱՄՆ դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Սակայն ոսկուն չհաջողվեց պահել մաքսիմումները։ Շաբաթվա երկրորդ կեսին սկսված մեծ վաճառքները ոսկու արժեքը նրանց երկու շաբաթվա նվազագույներից ներքև իջեցրեցին՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասցնելով 1462,35 ԱՄՆ դոլարի։

Դրա համար մի քանի պատճառներ կային. առաջին հերթին՝ ԱՄՆ-ից ստացվող  անբարենպաստ մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ ապրիլի ընթացքում ADP գործակալության կողմից ԱՄՆ-ի զբաղվածության կանխատեսվող տվյալների հրապարակումը։ Հրապարակված տվյալների համաձայն՝ ապրիլին ԱՄՆ մասնավոր հատվածի աշխատատեղերի թիվը պետք է աճեր 179 հազարով՝ ակնկալվող 200 հազարի փոխարեն։ ԱՄՆ-ի ոչ արտադրական ոլորտի գործնական ակտիվության ցուցանիշի տվյալները նույնպես լավատեսություն չավելացրեցին. ներկայացված տվյալների համաձայն՝ ապրիլին ցուցիչը նվազել է մինչև 52,8՝ մարտի 57,3-ի դիմաց։ Հրապարակված տվյալներն ուժեղացրել են շուկայի մասնակիցների մտահոգությունները՝ ամերիկյան տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման առումով, մասնակիցներին դրդելով ԱՄՆ դոլար գնել, ինչն ուժեղացրել է ոսկու գնանշումների ճնշումը։

Երկրորդ՝ ԵԿԲ տոկոսադրույքների հարցով հերթական նիստը և ԵԿԲ նախագահ պարոն Տրիշեի ավանդական մամուլի ասուլիսը, որոնք տեղի են ունեցել հինգշաբթի՝ մայիսի 5-ին։ Հիմնական տոկոսադրույքը, ինչպես և ակնկալվում էր, անփոփոխ է մնացել՝ 1,25 տոկոս մակարդակում։ Սակայն դրան հետևած եվրոպացի կարգավորիչի նախագահ  Ժան Կլոդ Տրիշեի  ելույթն ավելացրել են շուկայի մասնակիցների՝ իրենց դրամական քաղաքականության հետագա խստացման հեռանկարների վերաբերյալ մտավախությունները։ Տրիշեն պարզ ակնարկել է, որ հունիսին դրույքի բարձրացում չի լինելու։

Այս իրադարձությունների ֆոնի ներքո անցած շաբաթ ոսկու արժեքը նվազել է 4,4 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1495,0 ԱՄՆ դոլարի։

Շաբաթ ոսկու գինը կորոշվի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությամբ: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում  կլինի ապրիլի մանրածախ վաճառքի, մարտի առևտրային բալանսի, ինչպես նաև ապրիլի արտադրողական և սպառողական գնաճի մասին ԱՄՆ տվյալների հրապարակումը։ Եվրագոտու լուրերից կարելի է առանձնացնել առաջին եռամսյակի ընթացքում նախնական ՀՆԱ-ի տվյալների հրատարակումը։

Ըստ կանխատեսումների՝ ապրիլին ԱՄՆ-ի արտադրողական և սպառողական գնաճի տեմպերը պետք է արագացվեն։ Եթե դա իրոք տեղի ունենա, ինչի համար լուրջ խոչընդոտներ չկան, ոսկու գինը կշարունակի իր աճը։ Այս շաբաթ ոսկու գնանշումներին աջակցել նաև կարող են 2011թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում եվրագոտու իրական ՀՆԱ-ի աճի տեմպերի նախնական տվյալները, որոնք ըստ գնահատականների՝ դրական դուրս կգան՝ տարեկան կտրվածքով 2,2 տոկոս մակարդակում։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու համար դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1545,0  ԱՄՆ դոլարի նիշը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղին աջակցություն կլինի  մեկ տրոյական ունցիայի դիմաց 1445,0 ԱՄՆ դոլարը։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազեց 5,3%՝ հասնելով պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,969 ԱՄՆ դոլարի: Նվազման համար մի քանի պատճառներ կային. առաջին հերթին՝ ԱՄՆ-ից անբարենպաստ տնտեսական տվյալների ներքո ամերիկյան և համաշխարհային տնտեսության աճի տեմպերի հնարավոր դանդաղումների վերաբերյալ մտավախության ամրապնդումը, երկրորդ՝ ԵԿԲ նախագահ Տրիշեի մեկնաբանությունների ֆոնի ներքո աճող ԱՄՆ դոլարը, և երրորդ՝ անցած շաբաթվա ընթացքում Մետաղի լոնդոնյան բորսայում (ՄԼԲ) կարմիր մետաղի աճող բորսային պաշարները։

14

Առաջիկա շաբաթում պղնձի արժեքը կսահմանվի ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացվող տնտեսական լուրերով, ինչպես նաև Չինաստանից ստացվող տվյալներով՝ մասնավորապես սպառողական գների ցուցանիշով, արդյունաբերական արտադրության ծավալի և ապրիլի մանրածախ առևտրի շրջանառության ծավալի փոփոխմամբ։

Այն դեպքում, եթե այս շաբաթ ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունը չհաստատի շուկայի մասնակիցների համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման վերաբերյալ մտավախությունները, և եթե Չինաստանից ստացվող տնտեսական  ցուցիչների կանխատեսումներն արդարանան, պղնձի գնանշումները կարող են վերսկսել իրենց աճը։

ԱՄՆ-ից, եվրագոտուց և Չինաստանից բացասական տնտեսական տվյալների ստացման, և համապատասխանաբար ԱՄՆ դոլարի կարճաժամկետ աճի շարունակման դեպքում պղնձի գնանշումները կնվազեն։ Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայի պղնձի գնանշումների տատանումների ենթադրվող միջակայքը մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,85–4,20  ԱՄՆ դոլար է։ -0-

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև