Հայաստանում գնաճը տարեվերջին կգտվնի 4-7,5 % սահմաններում. ԿԲ կանխատեսում

12.05.2011 18:01
Հայաստանում գնաճը տարեվերջին կգտվնի 4-7,5 % սահմաններում. ԿԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը տարեվերջին կգտնվի 4-7,5 տոկոսի սահմաններում, հինգշաբթի ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ խորհրդարանում ներկայացնելով ԿԲ 2011 թ.-ի դրամավարկային քաղաքականության կատարողականը:

«Կանխատեսման համաձայն՝ 72 տոկոսի հավանակությամբ տարեվերջին տասներկուամսյա գնաճը կարող է գտնվել 4-7,5 տոկոսի սահմաններում: Միաժամանակ ավելի քան 31 տոկոսի հավանականություն կա, որ գնաճը տարվա արդյունքներով կգտնվի 4-5,5 տոկոսի սահմաններում», - ասաց Ջավադյանը:

Ինչպես նշեց ԿԲ ղեկավարը, 2011 թ.-ի առաջին կեսին 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակի վրա՝ հաշվի առնելով 2010 թ.-ից մնացած ցնցումները, գյուղատնտեսական ապրանքների աննախադեպ բարձր գնաճը, հումքային և պարենային հիմնական ապրանքների գների միջազգային աճը: Նրա խոսքերով՝ առաջին եռամսյակի արդյունքներով գնաճի կենտրոնական նշանակությունը կկազմի ավելի քան 9 տոկոս:

Ջավադյանի խոսքերով՝ տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացման արդյունքում 2011 թ.-ի երկրորդ կիսամյակից սպասվում է գնաճի տեմպերի նվազում և տարեվերջին տատանման ընդունելի սահմանին նրա վերադարձը:

«Այս ամենին կնպաստի զսպող դրամավարկային քաղաքականությունը, պետական համապատասխան կառույցների կողմից հակաճգնաժամային միջոցառումների իրագործումը», - ասաց Ջավադյանը՝ նշելով որոշակի ռիսկերի առկայությունը, որոնք կարող են շեղել գնաճը նշված ցուցանիշից:

Նա նշեց, որ գնաճի աճի ռիսկերը հիմնականում, կապված են արտաքին ռիսկերի, մասնավորապես՝ հումքային և պարենային ապրանքների՝  նախատեսվածից ավելի բարձր համաշխարհային գների ձևավորման, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի ազդեցության հետ, որը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական կերպով ազդել գնաճի վրա: Նրա խոսքերով՝ ներքին զարգացումները չեզոք կերպով կազդեն գնաճային ճնշման վրա:

Դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ 2011 թ.-ին Հայաստանում տնտեսական աճը նախատեսված է 3,7- 4,8 տոկոսի սահմաններում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլին գնաճը, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 8.9 տոկոսի սահմաններում, ապրիլին, 2010 թ.-ի դեկտեմբերի համեմատ՝ 5 տոկոսի սահմաններում, 2011 թ.-ի հունվար-ապրիլին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 10,5 տոկոսի սահմաններում: Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2011 թ.-ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև