ՎՏԲ-Հայաստան բանկի զուտ շահույթը 2011 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 1,3 մլրդ դրամ

18.05.2011 15:39
ՎՏԲ-Հայաստան բանկի զուտ շահույթը 2011 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 1,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկի զուտ շահույթը 2011 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 1,3 մլրդ դրամ, ասաց ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

«Այս ցուցանիշով մենք դուրս ենք եկել երրորդ տեղ: Առաջին եռամսյակում շարունակվել է բոլոր հիմնական ցուցանիշների աճը, այդ թվում նաև՝ ակտիվների և վարկային պորտֆելի աճը: Մեզ հաջողվեց ամրապնդվել բանկային շուկայում և բարելավել բազմաթիվ դիրքեր, այդ թվում նաև վարկային պորտֆելում, հատկապես մանրածախ հատվածում», - ասաց բանկիրը չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Բանկի տվյալների համաձայն՝ ՎՏԲ-Հայաստան բանկի ընդհանուր ակտիվները 2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 136,9 մլրդ դրամ (2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի համեմատ 7,4 տոկոսանոց աճ), հաճախորդներին տրամադրված վարկերը՝ 99,4 մլրդ դրամ (14,8 տոկոսանոց աճ), ընդհանուր պարտավորությունները՝ 106,1 մլրդ դրամ (8,2 տոկոսանոց աճ), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 64,8 մլրդ դրամ (10,8 տոկոսանոց աճ), ընդհանուր կապիտալը՝ 30,8 մլրդ դրամ (5,2 տոկոս), կանոնադրական կապիտալը՝ 13,8 մլրդ դրամ (աճը՝ 0 տոկոս):

Օվսյաննիկովը նշեց, որ առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՎՏԲ-Հայաստան բանկին հաջողվեց էականորեն ավելացնել մասնաբաժինը ֆիզիկական անձանց վարկավորման շուկայում՝ հասցնելով 12 տոկոսի, բնակչության դեպոզիտների ներգրավման շուկայում մասնաբաժինը կազմում է 8,9 տոկոս, հաճախորդների հաշիվների վրա գտնվող միջոցների գծով՝ 8 տոկոս:

«Բանկի հաճախորդների թիվը վերջին հինգ տարվա ընթացքում ավելացել է 40 հազարով՝ հասնելով ավելի քան 270 հազարի մանրածախ բիզնեսում, քարտապանների թիվն ավելացել է հինգ անգամ, բանկոմատների թիվը՝ յոթ անգամ, POS-տերմինալների թիվը՝ վեց անգամ», - ասաց նա՝ նշելով, որ նման արդյունքը վկայում է բանկի բավականին դինամիկ և կայուն զարգացման, ինչպես նաև զարգացման ռազմավարական պլանի բոլոր հիմնական ցուցանիշների հաջող կատարման մասին:

Գլխավոր տնօրենը նաև նշեց, որ չնայած բանկի ռազմավարության հիմնական նպատակը վերջին երկու տարվա ընթացքում մանրածախ բիզնեսի զարգացումն է, բանկը մեծ ուշադրություն է դարձրել նաև կորպորատիվ հատվածի զարգացմանն ու խոշոր ձեռնարկությունների և միջին բիզնեսի հետ աշխատանքին:

«Վերջին երկու տարվա ընթացքում մենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ ակտիվորեն զարգացրել ենք փոքր բիզնեսի վարկավորման թեման», - պարզաբանեց նա:

Օվսյաննիկովը տեղեկացրեց, որ առաջին եռամսյակի վերջում ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաբաժինը իրավաբանական անձանց վարկավորման շուկայում կազմել է 8,7 տոկոս, իրավաբանական անձանց ներգրաված դեպոզիտներինը՝ 5,1 տոկոս, իսկ իրավաբանական անձանց հաշիվների վրա միջոցների մասնաբաժինը՝ 6,8 տոկոս:

«Բանկում կա շուրջ 6 հազար իրավաբանական անձ, որոնցից 150-ը Հայաստանում գործող խոշոր ընկերություններ են, այդ թվում նաև ռուսական կապիտալով 30 ընկերություն», - ասաց նա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»ՓԲԸ-ն բանկը գործում է 2004թ.-ից (2006թ.-ից` ՎՏԲ ապրանքանիշի ներքո) N64 լիցենզիայի հիման վրա՝ տրված Կենտրոնական բանկի կողմից: ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։

Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ, որոնցից 24-ը գտնվում է Երևանում, 44-ը գործում են երկրի մարզերում: 2010 թ.-ի ընթացքում բանկի բանկոմատների թիվն աճել է՝ հասնելով 59-ի, POS-տերմինալների թիվը հասել է 400-ի: (1 դոլարը 373,74 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև