Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը մայիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում

26.05.2011 14:24
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը մայիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,21 տոկոսով՝ հասնելով 374,0 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առուվաճառքի ծավալը կազմել է 8,3 մլն ԱՄՆ դոլար, ինչը 38,1 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը չի փոխվել և շաբաթ օրը՝ մայիսի 21-ին, կազմել է 376,15 դրամ:

Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է գտնվել 370-380 դրամի սահմաններում և, ամենայն հավանականությամբ, կձգտի դիապազոնի վերին շեմին: Այս ամենի պատճառը ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ բարձր պահանջարկն է: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 22,68 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտավորապես երեք անգամ ավելI է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Ամենայն հավանականությամբ ԱՄՆ դոլարին լրացուցիչ աջակցություն կցուցաբերի առևտրային բանկերի պահանջարկը: ԱՄՆ դոլարի զուտ վաճառքի ծավալի ավելացման ֆոնի ներքո բանկերը պետք է բորսայում արտարժույթ գնեն՝ սեփական արտարժութային դիրքերը հավասարակշռության բերելու նպատակով:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի համար զսպող գործոն կարող են դառնալ ՀՀ ԿԲ-ի գործողությունները: Կարգավորիչի կողմից դրամի արժեզրկումը զսպելու շարժառիթներից մեկը երկրում գնաճի հետ կապված մտավախությունն է, որն առաջին չորս ամսվա ընթացքում արդեն կազմել է 5,0 տոկոս:

Այս ամենի կապակցությամբ մենք ենթադրում ենք, որ Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 373-379 դրամի սահմաններում:

Հայկական արժութային շուկայում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճեց 0,32 տոկոսով՝ հասնելով 1,4160-ի:

Նախորդ շաբաթվա սկզբում եվրոյին հաջողվեց դադարեցնել ԱՄՆ դոլարի ամրապնդումը եվրագոտուց ստացված դրական վիճակագրության և ԱՄՆ-ից ստացված բացասական վիճակագրության ֆոնի ներքո՝ կարողանալով հասնել շաբաթվա առավելագույն ցուցանիշին՝ 1,4345-ի: Եվրագոտում ապրիլին սպառողական գնաճի տեմպերը կազմել են 2,8 տոկոս՝ մարտին գրանցված 2,7 տոկոսի համեմատ, իսկ մարտին օտարերկրյա ներդրողների կողմից ամերիկյան երկարաժամկետ արժեթղթերի գնման զուտ ծավալը նվազել է մինչև 24 մլրդ դոլարի՝ փետրվարին գրանցված 27,2 մլրդ դոլարի համեմատ:

Սակայն եվրոյի գնանշմանն այդպես էլ չհաջողվեց պահպանել առավելագույն ցուցանիշը: Առևտրային շաբաթվա վերջում իրավիճակը բացասաբար փոխեց Fitch վարկանիշային գործակալության հայտարարությունը, որը հերթական անգամ նվազեցրեց Հունաստանի վարկային վարկանիշը՝ հասցնելով «В+»-ի՝ բացասական կանխատեսմամբ: Այս իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց առավելագույն ցուցանիշից, ինչի հետևանքով, շաբաթվա արդյունքներով, այս ցուցանիշը բարձրացավ 0,15 տոկոսով՝ հասնելով 540,18 դրամի:

Այս շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն ԱՄՆ-ում բնակարանների առաջնային շուկայի ապրիլյան տվյալների, երկարատև օգտագործման ապրանքների պատվերների ծավալի ապրիլյան տվյալների հրապարակումը, ինչպես նաև ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ծավալի նախատեսված տվյալները: Եվրագոտուց սպասվող նորություններից հետաքրքիր կլինեն IFO գերմանական ինստիտուտի կողմից հրապարակվող գործարար միջավայրի պայմանների ինդիկատորի տվյալները:

Եթե արդարանան ԱՄՆ ՀՆԱ-ի վերաբերյալ դրական կանխատեսումներն ու ամերիկյան մնացած վիճակագրությունը չհիասթափեցնի, ապա եվրոն կշարունակի անկում ապրել: Այս շաբաթ եվրոյի համար աջակցող շեմ կլինի 1,3850 մակարդակը: Իսկ եթե ԱՄՆ-ից ստացվի բացասական տնտեսական վիճակագրություն, ապա եվրոպական արժույթն աճի հնարավորություններ կունենա: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում եվրոյի համար դիմադրության շեմ կարող է լինել 1,4400-ը: Նման հանգամանքներում այս շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 520-550 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,15 տոկոսով՝ հասնելով 13,58 դրամի: Այս ամենը պայմանավորված էր եվրոպական ծայրամասային երկրներում պարտքային ճգնաժամի ուժգնացման ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու արժեքի նվազմամբ և նավթի գների դադարեցված աճով:

ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքն այս շաբաթ կախված կլինի FOREX շուկայում հիմնական արտարժույթների նկատմամբ դոլարի դինամիկայից, ինչպես նաև նավթի գներից: Եթե համաշխարհային ֆինանսական շուկաներում տիրող անորոշության ուժգնացման ֆոնի ներքո դոլարի արժեքը շարունակի աճի, ապա ռուսական ռուբլին դրամի նկատմամբ կշարունակի նվազել: Հայաստանում առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,40-13,7 դրամի սահմաններում:

Միքայել Վերդյան, FOREX Club վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև