Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը մայիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում

30.05.2011 12:17
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը մայիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 1,1 տոկոսով՝ հասնելով 378,05 դրամի: Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 19,18 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտավորապես 2,5 անգամ ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը ևս ավելացել է և շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, կազմել է 379,42 դրամ:

1

Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է գտնվել 370-380 դրամի սահմաններում: Հասնելով դիապազոնի վերին շեմին՝ դոլարը, հավանաբար, կդադարի աճել: Այս ամենի պատճառը կարող է դառնալ ՀՀ ԿԲ-ի միջամտությունը, որը կաջակցի դոլարին առավել շատ արժեզրկումից խուսափելու գործում, ինչպես նաև՝ ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ փոքր-ինչ թուլացած պահանջարկը: Իսկապես ՀՀ ԿԲ շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 4,35 մլն ԱՄՆ դոլար, ինչը 80,83 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Այս ամենի կապակցությամբ մենք ենթադրում ենք, որ Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 377 – 383 դրամի սահմաններում:

Հայկական արժութային շուկայում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճեց 1,11 տոկոսով՝ հասնելով 1,4317-ի:

Նախորդ շաբաթ եվրոյին աջակցեցին եվրագոտուց ստացված դրական նորությունները, մասնավորապես՝ Գերմանիայի ՀՆԱ-ի և IFO գերմանական ինստիտուտի կողմից գործարար ակտիվության համաթվի տվյալները: Այս տարվա առաջին եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ի աճի տեմպերը տարեկան արտահայտությամբ մնացել են անփոփոխ՝ 5,2 տոկոս, իսկ IFO ինստիտուտի կողմից Գերմանիայի գործարար միջավայրի պայմանների համաթիվն աճել է՝ ապրիլին գրանցված 110,4-ից մինչև մայիսին գրանցված 114,2-ի: Եվրոյին լրացուցիչ աջակցություն ցուցաբերեցին ապրանքային-հումքային շուկաներում աճող գները: Այս իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,7 տոկոսով՝ հասնելով 543,48 դրամի:

Այս շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ-ից ակնկալվող Chicago PMI-ի գործարար ակտիվության համաթվի մայիսյան տվյալների, ADP գործակալության կողմից զբաղվածների թվի և ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի հրապարակումը: Եվրագոտուց ակնկալվող նորություններից հարկավոր է նշել արտադրական հատվածի համար PMI-ի համաթիվն ու սպառողական գնաճի մայիսյան տվյալները:

Եթե ԱՄՆ-ի ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի աճը փոքր-ինչ դանդաղի, իսկ Chicago PMI-ի գործարար ակտիվության համաթիվը նվազի, ապա եվրոն աճը շարունակելու հնարավորություն կունենա: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում եվրոյի համար դիմադրության շեմ կարող է լինել 1,4550-ը:

Իսկ եթե ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը կանխատեսվածից ավելի լավ լինի, ապա եվրոն կարող է կրկին անկում ապրել: Այս շաբաթ եվրոյի համար աջակցող շեմ կլինի 1,4000-ը: Այս շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 528 – 555 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը ավելացավ 0,15 տոկոսով՝ հասնելով 13,60 դրամի, ինչը պայմանավորված էր հայկական դրամի նկատմամբ դոլարի արժեքի աճով և ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսակա ռուբլու աճով:

ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքն այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և նավթի գներից: Եթե նավթի արժեքը շարունակի աճել, ապա ռուբլին աճի լրացուցիչ ազդակ կստանա: Առաջիկայում դրամի նկատմամբ ռուսական ռուբլուն կաջացի նաև Հայաստանում կանխիկ դոլարի արժեքի չափավոր աճի հնարավոր շարունակությունը: Հայաստանում առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,50-13,75 դրամի սահմաններում:

Միքայել Վերդյան, FOREX Club վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև