Մետաղի շուկա. ոսկին և պղինձը կրկին պահանջարկ են վայելում

31.05.2011 18:42
Մետաղի շուկա. ոսկին և պղինձը կրկին պահանջարկ են վայելում

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու գնանշումը հերթական անգամ կարողացավ վերականգնել իր դիրքերը վերջերս գրանցված մեծ վաճառքից հետո:

Standard & Poor’s, վարկանշային գործակալության հայտարարության ֆոնի ներքո, որն այս անգամ վերանայեց Իտալիայի ինքնավար վարկային վարկանիշի կանխատեսումը՝ «կայունից» դեպի «բացասական», եվրագոտում պարտքային ճգնաժամի կապակցությամբ շուկայի մասնակիցների աճող մտավախությունները դրդեցին ներդրողներին ոսկի գնել: Բացի այդ, կրակի վրա յուղ լցրեցին Իսպանիայում տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ տարածքային ընտրություններում իշխող կուսակցությունը ծանր պարտություն կրեց:

Թանկարժեք մետաղի գնանշմանը լրացուցիչ աջակցություն ցուցաբերեց դոլարի նվազումը եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական դրական նորությունների ֆոնի ներքո: Մասնավորապես, Գերմանիայում այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճի տեմպերը տարեկան արտահայտությամբ մնացին անփոփոխ՝ 5,2 տոկոսի սահմաններում, իսկ IFO ինստիտուտի կողմից Գերմանիայի գործարար միջավայրի համաթիվն ավելացավ՝ ապրիլին գրանցված 110,4-ից մինչև մայիսին գրանցված 114,2-ի:

Այս ամենի արդյունքում նախորդ շաբաթ ոսկու արժեքն ավելացավ 1,6 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1536,10 ԱՄՆ դոլարի:

Այս շաբաթ թանկարժեք մետաղի արժեքը կսահմանվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությամբ: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ-ից ակնկալվող Chicago PMI-ի գործարար ակտիվության համաթվի մայիսյան տվյալների, ADP գործակալության կողմից զբաղվածների թվի և ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի հրապարակումը: Եվրագոտուց ակնկալվող նորություններից հարկավոր է նշել արտադրական հատվածի համար PMI-ի համաթիվն ու սպառողական գնաճի մայիսյան տվյալները:

Մենք ենթադրում ենք, որ շուկայում նախադրյալներ կան ոսկու արժեքի աճի շարունակության համար: Եվրոպական ծայրամասային երկրների պարտքային խնդիրների կապակցությամբ շուկայի մասնակիցների ուժգնացվող մտավախությունները դրդում են ներդրողներին ոսկի գնել: Սակայն դեղին մետաղի աճին կխոչընդոտեն վերջերս գրանցված դոլարի ուժեղ դիրքերը, քանի որ ամերիկյան տնտեսության դանդաղեցման ռիսկերի կապակցությամբ լարվածությունը դեռ չի մարել:

Եթե ԱՄՆ-ի ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի աճը փոքր-ինչ դանդաղի, իսկ Chicago PMI-ի գործարար ակտիվության համաթիվը նվազի, ապա ոսկին կարող է շարունակել իր աճը: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու համար դիմադրության շեմ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1570 ԱՄՆ դոլարը:

Եթե Նահանգներից ակնկալվող մակրոտնտեսական տվյալները դրական լինեն, ապա ոսկին կարող է ճնշման տակ հայտնվել: Այս շաբաթ ոսկու համար աջակցող շեմ կլինի տրոյական մեկ ունցիայի դիմաց 1500 ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն ավելացավ 1,85 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4,18 ԱՄՆ դոլարի: Այս ամենի պատճառը դարձավ ապրանքահումքային ակտիվների գների վերականգնումը, ինչպես նաև թույլ դոլարը: Նախորդ շաբաթվա ընթացքում կարմիր մետաղի գնանշման աճի զսպող գործոնները Լոնդոնի մետաղի բորսայում (ԼՄԲ) կարմիր մետաղի բորսային աճող պաշարներն էին:

24

Պղնձի գնանշմանը լրացուցիչ աջակցություն ցուցաբերեցին Goldman Sachs-ի վերլուծաբանները՝ բարձրացնելով իրենց կանխատեսումները որոշ ապրանքահումքային ակտիվների, մասնավորապես՝ նավթի և արդյունաբերական մետաղների գների վերաբերյալ: Այդուհանդերձ, պղնձի գնանշումները մնում են համախմբման վիճակում՝ տվյալ մետաղի նկատմամբ չինական պահանջարկի հանդեպ անորոշության ֆոնի ներքո:

Այս շաբաթ կարմիր մետաղի արժեքը հիմնականում կորոշվի ԱՄՆ-ից, Չինաստանից և եվրագոտուց ստացվող տնտեսական մայիսյան նորություններով: Եթե այդ տվյալները, մասնավորապես՝ Չինաստանում արտադրական հատվածի համար PMI համաթիվը, ԱՄՆ-ի աշխատանքի շուկայից ստացվող տվյալներն ու եվրագոտու սպառողական գնաճը կանխատեսվածից ավելի լավ լինեն, ապա մետաղն աճի ազդակ կստանա:

Եթե Նահանգներից և Չինաստանից տնտեսական բացասական տվյալներ ստացվեն, ապա այս երկրների տնտեսությունների դանդաղեցման վերաբերյալ մտավախությունները կուժեղանան, իսկ կարմիր մետաղը կվերսկսի իր անկումը: Այս շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշման տատանման ենթադրվող դիապազոնը կլինի պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,95–4,40 ԱՄՆ դոլարը:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև