Հայաստանի առևտրային բանկերի և ՎԿ արտաքին պարտքը I եռամսյակում աճել է 9.5%-ով

03.06.2011 16:25
Հայաստանի առևտրային բանկերի և ՎԿ արտաքին պարտքը I եռամսյակում աճել է 9.5%-ով

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 619.5 մլն դոլար՝ 2010 թվականի չորրորդ եռամսյակի 565.6 մլն դոլարի դիմաց՝ աճելով 9.5 տոկոսով։

Համաձայն 2011 թվականի առաջին եռամսյակի «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի», նշված ժամանակահատվածում առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները 249.2 մլն դոլարի արտաքին փոխառություններ են ներգրավել։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտաքին պարտքի սպասարկմանն է ուղղվել  184.8 մլն դոլար։

Աղբյուրի համաձայն, առաջին եռամսյակի վերջում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Լյուքսեմբուրգը, որի տեսակարար կշիռը ընդհանուր պարտքում կազմել է 12.8 տոկոս (նախորդ եռամսյակի 13.2 տոկոսի դիմաց), Ռուսաստանը՝ 12.6 տոկոս (նախորդ եռամսյակի համեմատ անփոփոխ է մնացել),  Գերմանիան՝ 7.1 տոկոսով 7.9 տոկոսի դիմաց, Նիդերլանդները` 7.1 տոկոս 7.8 տոկոսի դիմաց և Ֆրանսիան՝ 6.9 տեսակարար կշռով նախորդ եռամսյակի 7.6 տոկոսի դիմաց:

Հայկական ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրաված վարկային միջոցների միջին կշռված տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում 2010 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 5.6 տոկոսից մինչև  5,4 տոկոս։ Միաժամանակ արտաքին վարկերի շուրջ 61,6 տոկոսը բաժին է ընկնում լողացող տոկոսադրույքով վարկերին (LIBOR, EURIBOR, ԿԲ պետական պարտատոմսեր) մոտ 4.4 տարի մարման միջին ժամկետով։

Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն աճել է և կազմել ներգրված վարկերի 13.4 տոկոսը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև