Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մինչև տարեվերջ մտադիր է չիպային քարտեր թողարկել

07.06.2011 14:35
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մինչև տարեվերջ մտադիր է չիպային քարտեր թողարկել

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Մինչև տարեվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն կսկսի չիպային քարտեր թողարկել, տեղեկացրեց բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

«Չիպային քարտերը ժամանակի պահանջն են պաշտպանվածության և անվտանգության մակարդակի բարձրացման տեսակետից: Այս պահին մենք Visa-ի և MasterCard-ի հետ սերտիֆիկացման փուլում ենք, և արդեն 2011թ.-ի վերջից նախատեսում ենք սկսել քարտերի թողարկումը», - մեջբերում է Խաչատրյանի խոսքերը բանկի մամուլի ծառայությունը:

Գլխավոր տնօրենի տեղակալը նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում քարտային բիզնեսը էական զարգացում է ապրել, անկանխիկ վճարումները դառնում են պարտադիր և անխուսափելի Հայաստանի բնակչության համար: «Ես ճիշտ եմ համարում անկանխիկ վճարումներին անցում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումը՝ այդ թվում նաև պլաստիկ քարտերի միջոցով կենսաթոշակների վճարման գծով», - հայտարարել է Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այժմ բանկը սպասարկում է 25 հազար ակտիվ քարտեր և նախատեսում է մինչև տարեվերջ թողարկված քարտերի թիվն ավելացնել 30 տոկոսով, ավելին՝ բանկը մշտապես բարձրացնում է պլաստիկ քարտերի օգտագործման հասանելիությունը: «Մեզ մոտ առցանց ռեժիմով քարտ պատվիրելու ծառայություն է գործում», - ավելացրել է Խաչատրյանը:

Բանկոմատների միջոցով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը 2011թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 4,8 մլրդ դրամ՝ 2010թ.-ի 3,8 մլրդ դրամի համեմատ: Միաժամանակ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալը 2011թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 9,3 մլրդ դրամ՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 7.96 մլրդ դոլարի համեմատ: 2011թ.-ի առաջին եռամսյակում 24-25 տոկոսով ավելացել է բանկի կողմից թողարկված և ակտիվորեն օգտագործվող քարտերի թիվը:

2010թ.-ին, 2009 թ.-ի համեմատ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի քարտերով իրականացված գործարքների փաստացի աճը կազմել է 100 տոկոս՝ կազմելով շուրջ 40 մլրդ դրամ, 50 տոկոսով ավելացել է բանկոմատների միջոցով իրականացված գործառնությունների թիվը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998թ.-ին: 2007 թվականից բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը: Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարային համակարգերի սկզբունքային անդամ է, ինչպես նաև ArCa տեղական վճարային համակարգի անդամ:(1 դոլարը 376,51 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև