EFSE-ն և Արարատբանկը 10 մլն դոլարի վարկային նոր պայմանագիր են ստորագրել

08.06.2011 15:06
EFSE-ն և Արարատբանկը 10 մլն դոլարի վարկային նոր պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը և Արարատբանկը ստորագրեցին 10 մլն դոլարի վարկային երկրորդ պայմանագիրը Հայաստանի միկրո- և փոքր բիզնեսի ֆինանսավորման նպատակով: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, փաստաթուղթը ստորագրեցին Հիմնադրամի խորհրդի նախագահ դոկտոր Կլաուս Գլաուբիթը և Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

«Արարատբանկին տրված առաջին վարկը ծառայեց իր նպատակին, և մենք գոհունակությամբ ևս մեկ անգամ օժանդակություն ենք ցուցաբերում բանկին»,- ասաց EFSE ղեկավարը:

Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, բարձր գնահատելով EFSE-ի հետ համագործակցության մակարդակը, նշեց, որ 10 մլն դոլարի չափով վարկային այս ծրագիրն արդեն թվով երկրորդն է, որ իրականացվում է Հիմնադրամի հետ համատեղ:

«Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ, չնայած կարճ ժամանակահատվածին, մեր բանկի համագործակցությունը Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ երկրներում զգալի փորձ ունեցող հեղինակավոր գործընկերոջ հետ արդեն կարելի է որպես հաջողված որակել»,- նշեց Օսիպյանը:

Նա միաժամանակ ավելացրեց, որ նախորդ տարվա հոկտեմբերին ստորագրած 5 մլն դոլարի պայմանագրի շրջանակներում բանկը միկրո և փոքր բիզնեսի ոլորտի մոտ 110 վարկային ծրագիր է ֆինանսավորել` հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին առաջարկել ավելի հասանելի, մրցակցային պայմաններով տրվող ֆինանսավորում, ինչպես նաև դիվերսիֆիկացրել է վարկային ավանդների պորտֆելը:

Օսիպյանը հավաստիացրեց նաև, որ վարկավորման նոր ծրագիրը զգալի ավանդ է Հայաստանի միկրո և փոքր բիզնեսի զարգացման գործում և նպաստում է բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների բարգավաճմանը բիզնես ծրագրերի իրականացման մեջ:

Նա հայտնեց նաև, որ Արարատբանկը  վարկավորման աշխարհագրության և ծավալների զգալի ընդլայնում է նախատեսում: Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ ակնկալվում է, որ Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ համագործակցությունն արդյունավետ և կանոնավոր կլինի:

Հաղորդագրության համաձայն, Արարատբանկը 2010 թվականի ընթացքում վարկային ավանդների ծավալն ավելացրել է 57 տոկոսով, իսկ 2011 թվականի միայն առաջին եռամսյակում` 15 տոկոսով:

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հիմնադրվել է 2005 թվականի դեկտեմբերին և ուղղված է Հարավարևելյան Եվրոպայի երկրների տնտեսական զարգացման և բարգավաճման խթանմանը: EFSE-ի հիմնադիր բաժնետերերի շարքում են` Եվրոպայի Միությունը, Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի կառավարությունները, ինչպես նաև Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), KfW գերմանական բանկը և հոլանդական FMO հիմնադրամը:

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող Հայկապբանկ-ի վերակազմավորման արդյունքում:

31.03.2011թ. դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմում են 69 միլիարդ 860 միլիոն դրամ, նախորդ եռամսյակի համեմատությամբ աճելով 6 միլիարդ 911 մլն դրամով: Պարտավորությունները 31.03.11 դրությամբ կազմում են 59 միլիարդ 093 միլիոն դրամ, նախորդ եռամսյակի համեմատությամբ աճելով 6 միլիարդ 405 մլն դրամով: Ընդհանուր կապիտալը 31.03.2011թ. դրությամբ կազմում է 10 միլիարդ 766 միլիոն դրամ` նախորդ եռամսյակի համեմատությամբ աճելով 505 մլն դրամով: 31.03.2011թ. դրությամբ «Արարատբանկ» ԲԲԸ ընթացիկ տարվա զուտ շահույթը կազմում է 510 միլիոն դրամ` նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ աճելով 206 մլն դրամով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև