09.06.2011 14:28
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2011թ.-ի կամ կեսին, կամ վերջին Հայաստանում տոկոսադրույքների կայունացում է ակնկալում, ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը (Valeriu Razlog):
«Դա ընդունելի է ինչպես բանկային, այնպես էլ մասնավոր հատվածի համար»,- «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց նա:
Միաժամանակ Ռազլոգը փաստեց, որ անցած տարի և այս տարեսկզբին տոկոսադրույքները նվազել են:
ԿԲ տվյալների համաձայն, ընթացիկ տարվա ապրիլի վերջի դրությամբ, ֆիզիկական անձանց կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները դրամով նվազել են 0,1 տ.կ.-ով` հասնելով 21,8 տոկոսի, իսկ արտարժույթով` 0,6 տ.կ.-ով` հասնելով 18,1 տոկոսի: Ընդ որում, իրավաբանական անձանց կարճաժամկետ վարկերը տրվել են միջինը 12,2-ական տոկոսով` դրամով (տարեսկզբից 1,7 տ.կ. անկում) և 10,8 տոկոսով` արտարժույթով (տարեսկզբից չի փոխվել):
Ֆիզիկական անձանց համար կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը դրամով և արտարժույթով տարեսկզբից մնացել է նույն մակարդակում և կազմել համապատասխանաբար 9,5 տոկոս և 5,5 տոկոս: Միաժամանակ իրավաբանական անձանց համար դրամով դեպոզիտների միջին տոկոսադրույքը բարձրացել է 1,1 տոկոսով` հասնելով 9,3 տոկոսի, իսկ արտարժույթով դեպոզիտներինը` 2,4 տոկոսով` հասնելով 7,1 տոկոսի:
ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշոր ներդրողներից մեկն է, իր ներկայացուցչությունն է բացել 1994թ.-ին: Այսօրվա դրությամբ, Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 400 մլն եվրոն: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: