16.06.2011 11:41
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում տերեվերջին կգտնվի ծրագրված 4% (±1,5%) սահմաններում, ինչը պայմանավորված կլինի երկրում գնաճային միջավայրի ընդլայնման ցածր հավանականությամբ և ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքներով, ասվում է հունիսի 15-ին տեղի ունեցած ԿԲ Խորհրդի նիստի արդյունքների մասին Կենտրոնական բանկի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ, չնայած վերջին օրերի անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետևանքով առաջացած անորոշություններին, ակնկալվում է նախորդ տարվա համեմատությամբ տեղական արտադրության գյուղմթերքի արտադրության ծավալների աճի պայմաններում դրանց գների նվազում:
Խորհուրդը միակարծիք է, որ գնաճային միջավայրի վրա ներքին տնտեսությունից եկող ազդակները շարունակում են չեզոք լինել. մասնավոր ծախսումների դանդաղ աճը և զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը չեզոքացրել են աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումները, որոնք առաջացել էին մասնավոր հատվածում արտադրողականության աճի համեմատությամբ անվանական աշխատավարձերի փոքր-ինչ առաջանցիկ աճի պայմաններում:
Հաղորդագրությունում նշվում է, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներն առաջիկա ժամանակահատվածի համար մեղմվել են. հիմնական հումքային ապրանքների գները ամսվա սկզբին նվազել են` կայունանալով նախորդ ամսվա նկատմամբ համեմատաբար ցածր մակարդակներում, իսկ պարենային ապրանքների գները հարաբերականորեն կայուն են:
Նիստի ընթացքում ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի մայիս ամսվա զարգացումները, որոնց արդյունքներով՝ մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքն աճել է 0.84 տոկոսային կետով` կազմելով 9.8%, միջին ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքը` 0.21 տոկոսային կետով` կազմելով 14.0%: Ռեպո շուկայում միջին տոկոսադրույքը ապրիլին կազմել է 10.2%, որը նախորդ ամսվա ցուցանիշից բարձր է 0.97 տոկոսային կետով: Միջբանկային ռեպո շուկայում միջին տոկոսադրույքը, ավելանալով 1.17 տոկոսային կետով, կազմել է 9.7%:
Փաստաթղթում նշվում է, որ տարեսկզբից իրականացված դրամավարկային քաղաքականությանը ֆինանսական շուկայի արձագանքման արդյունքում դրամավարկային ցուցանիշների ձևավորված միտումները համապատասխանում են դրամավարկային քաղաքականության վերջին ծրագրում նախանշված միտումներին։
Մայիսին դրամային բազայի 0.3%-ով նվազման պարագայում դրամային զանգվածի աճը կազմել է 3%` պայմանավորված շրջանառվող կանխիկի 3.2% և դրամային ավանդների 2.8% աճերով: Արտարժութային ավանդների աճը կազմել է 0.9%։
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա մայիսին գնաճը 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9 տոկոս։
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 7-ի նիստում որոշում է ընդունել վերաֆինանսավորման 8,5 տոկոսանոց տոկոսադրույքն անփոփոխ թողնելու մասին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: