Արարատբանկը հայտարարել է 250 մլն դրամ արժողությամբ արժեկտրոնային պարտատոմսերի 4-րդ թողարկման մասին

17.06.2011 15:33
Արարատբանկը հայտարարել է 250 մլն դրամ արժողությամբ արժեկտրոնային պարտատոմսերի 4-րդ թողարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը մտադիր է 250 մլն դրամի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր տեղաբաշխել, ուրբաթ լրագրողներին ասաց Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հունիսի 20-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է տեղաբաշխել 25 հազար պարտատոմս՝ 10 հազարական դրամ անվանական արժեքով, 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով և երկամյա մարման ժամկետով: Միաժամանակ արժեկտրոններով վճարումներն իրականացվելու են եռամսյակը մեկ:

Հարությունյանն ասաց, որ թողարկման ավարտից հետո Արարատբանկը կդիմի NASDAQ OMX Արմենիա բորսային, որտեղ այդ պարտատոմսերը կանցնեն ցուցակում (լիստինգ), իսկ որպես մարկետմեյքեր հանդես կգա «Ռենեսա» ՓԲԸ ներդրումային ընկերությունը, որի հետ երկուշաբթի համապատասխան համաձայնագիր կստորագրվի:

«Թողարկումից ստացված միջոցները կուղղվեն փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանը, մասնավորապես՝ միկրովարկավորմանը, որոնց մեխանիզմներին բանկը տիրապետում է ՎԶԵԲ-ի աջակցության շնորհիվ», - ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ բանկի պորտֆելը միկրովարկավորման գծով կազմում է 8 մլրդ դրամ:

Բանկի արժեկտրոնային պարտատոմսերի նախորդ երեք թողարկումներն իրականացվել են 2007,2008 և 2009 թթ.-ին, որոնց ընդհանուր շրջանառությունը կազմել է 760 մլն դրամ:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին, 1996թ.-ի հոկտեմբերի 31-ին բանկը №4 բանկային արտոնագիր է ստացել։ Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: Մեկ տոկոսից պակասը պատկանում է  փոքրամասնական բաժնետերերին:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ  բանկի ընդհանուր ակտիվները կազմում են 69,9 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 59,1 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 10,8 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 7,1 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 29,2 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 46 մլրդ դրամ, իսկ 2011 թ.-ի առաջին եռամսյակի զուտ շահույթը՝ շուրջ 510.2 մլն դրամ:

Մարտի 31-ի դրությամբ երկրի տարածքում բանկն ունի 34 մասնաճյուղ: (1 դոլարը 375,67 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև