21.06.2011 11:32
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ-ին բաժին է ընկնում «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության ապահովագրական պորտֆելի 50 տոկոսը, հաղորդեց ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը։
«Ներկայումս «ԻՆԳՈ Արմենիայի» պորտֆելում ԱՊՊԱ-ի և ապահովագրական կամավոր տեսակների մասնաբաժինը կազմում է 50 տոկոս»,- ասաց նա լրագրողներին «Լրագրության դերն ապահովագրական ոլորտում» սեմինարի ընթացքում։
Ալթունյանը նշեց նաև, որ ապահովագրական շուկայում ընդհանուր առմամբ ընկերությունը զբաղեցնում է 22-24 տոկոս, իսկ ԱՊՊԱ շուկայում՝ 17 տոկոս։
Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն՝ կամավոր ապահովագրման պորտֆելի 32 տոկոսը բաժին է ընկնում գույքի ապահովագրությանը, 14 տոկոսը՝ անձնական ապահովագրությանը, 3 տոկոսը՝ հասարակության ապահովագրությանը, իսկ 2 տոկոսը՝ ապահովագրության մնացած ձևերին։
Ալթունյանի խոսքով՝ առաջիկա մեկ-մեկուկես տարիների հեռանկարում ընկերության ռազմավարական նպատակը հաճախորդների սպասարկման բարձր որակի պահպանումն է։
Նա նշեց նաև, որ այսօր ընկերությունն ուն 120 աշխատակից, կան ևս 1500 գործակալներ, մինչդեռ 2007-ին անձնակազմի թիվը կազմում էր ընդամենը յոթ մարդ։ «Մեր հիմնական նպատակն աշխատակիցների այս թիվը «մարսելն է», նրանց ԱՊՊԱ-ի ոգով դաստիարակելը և հաճախորդների սպասարկման շեմը պահպանելը»,- ասաց նա։
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ի, իսկ Լևոն Ալթունյանը բաժնետոսմերի 25 տոկոսի սեփականատերն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 մլն դրամ:–0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: