ՀՀ պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2011 թ.-ին կհասնի գագաթնակետին՝ 41,3%. ֆիննախ

01.07.2011 14:08
ՀՀ պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2011 թ.-ին կհասնի գագաթնակետին՝ 41,3%. ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2011 թ.-ին նախատեսված է 41,3 տոկոսի չափով, հաջորդ տարիների ընթացքում ցուցանիշը կսկսի նվազել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

2011 թ.-ին պետական պարտքի ցուցանիշը նախատեսված է շուրջ 1,6 տրիլիոն դրամ, միաժամանակ արտաքին պարտքը կկազմի 1,4 տրիլիոն դրամ, ներքին պարտքը ՝ 208,9 մլրդ դրամ: Մաիաժամանակ կառավարության պարտքը կկազմի ավելի քան 1,3 տրիլիոն դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումների համաձայն՝ 2012 թ.-ին ՀՆԱ-ի նկատմամբ ընդհանուր պետական պարտքի հարաբերակցության ուղենշային ցուցանիշը կազմում է 41,1 տոկոս, 2013 և 2014 թթ-ին՝ համապատասխանաբար 39,5 և 38,1 տոկոս:

ՀՀ պետական պարտքը 2009-2014թթ. (մլրդ դրամ)

2009 թ.

փաստ.

2010 թ.

փաստ.

2011 թ.

ծրագր.

2012 թ.

ուղենշ.

2013 թ.

ուղենշ.

2014 թ.

ուղենշ.

Պետական պարտք

1,270.7

1,379.3

1,597.9

1,731.9

1,804.3

1,892.5

% ՀՆԱ-ի նկատմամբ

40.4

39.4

41.3

41.1

39.5

38.1

Արտաքին պարտք

1,121.1

1,199.0

1,388.9

1,494.4

1,538.3

1,591.0

Որից` ՀՀ ԿԲ պարտք

189.2

204.5

239.9

248.2

207.7

169.8

Ներքին պարտք

149.6

180.3

208.9

237.4

266.0

301.5

Կառավարության պարտք

1,081.5

1,174.8

1,358.2

1,483.7

1,596.6

1,722.7

% ՀՆԱ-ի նկատմամբ

34.4

33.5

35.1

35.2

34.9

34.7

Տեղեկատվության մեջ նշվում է, որ կառավարության արտաքին պարտքի զգալի հատվածը կազմում են ենթակառուցվածքների զարգացման (մասնավորապես էներգետիկ համակարգ, ջրամատակարարում) նպատակով ներգրավված վարկերը, որոնք ենթավարկավորվել են տնտեսվարող սուբյեկտներին: Այդ վարկերի սպասարկման բեռը չի ծանրացնում պետական բյուջեի ծախսերը, քանի որ իրականում այն կրում են տնտեսվարող սուբյեկտները:

2010թ. վերջի դրությամբ ՀՀ կառավարության արտաքին պարտքի շուրջ մեկ երրորդը կազմել են տնտեսությանը ենթավարկավորած միջոցները:

2011թ. ձեռք է բերվել պարտքի գրանցման և հաշվառման DMFAS 6 էլեկտրոնային համակարգը, որի ներդրման աշխատանքներն ընթացքի մեջ են: Համակարգի ներդրումը հնարավորություն կտա առավել բարձր արդյունավետությամբ վարել պետական պարտքի գրանցման և հաշվառման միասնական բազան:

Համակարգն օժտված է վերլուծական կարողություններով, ինչն էապես կբարելավի կառավարության կողմից իրականացվող պարտքի կայունության վերլուծությունների որակը: Հետագայում այն կհամատեղվի պետական ֆինանսների կառավարման էլեկտրոնային այլ ծրագրերի հետ:

2010 թվականին ներդրվեց և պարբերական բնույթ ստացավ պարտքի կայունության վերլուծությունը, որը հնարավորություն տվեց գնահատել միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում պարտքի կայուն մակարդակը և դրա վրա ազդող մակրոտնտեսական գործոնները:

Նշված վերլուծությունը առավել կենտրոնացված է միջնաժամկետ գնահատականների վրա, իսկ այդ ուղղությամբ կառավարության իրականացվելիք քաղաքականության հստակեցման համար արդեն 2011 թվականին «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան մշակվեց և հաստատվեց ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարությունը՝ որպես Պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) անբաժանելի մաս:

Պարտքի կայունության վերլուծության արդյունքները հիմնականում փաստում են, որ ՄԺԾԾ-ի հիմքում դրված մակրոտնտեսական կանխատեսումների և հարկաբյուջետային քաղաքականության նախատեսված վարքագծի ներքո, չեն լինի պարտքի կայունության լուրջ վտանգներ, և պարտքի բեռը բնութագրող ցուցանիշները կգտնվեն կառավարելիության շրջանակներում:

Չնայած պետական պարտքի բացարձակ ցուցանիշն ունի աճի միտում, սակայն պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը, պայմանավորված ՀՆԱ-ի ավելի արագընթաց աճով, կունենա նվազման միտում:

Ավելին 2012-2014թթ. ընթացքում նախատեսվածից ավել նոր պարտքային պարտավորությունների ստանձնումը մինչև ՀՆԱ-ի 10 տոկոսի չափով չի խաթարի ինչպես պարտքի, այնպես էլ բյուջետային կայունությունը:

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը: Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք էգերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը:

Հայաստանի ընդհանուր պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 1999թ-ի 49.3 տոկոսից նվազեց մինչև 16.4 տոկոս 2008թ-ին, իսկ պարտքի կառուցվածքում գերակշռում էին արտոնյալ վարկերը: Սակայն ճգնաժամային և հետճգնաժամային տարիների ընթացքում արտաքին պետական պարտքը կտրուկ աճեց` 2009 և 2010 թվականներին համապատասխանաբար կազմելով ՀՆԱ-ի 35.7 և 34.2 տոկոսը, այսինքն վերջին տարիներին պարտքն աճեց ավելի արագ, քան երկրում ստեղծված ավելացված արժեքը: Առանց արտաքին պետական պարտքի մեծացման, դժվար կլիներ վերականգնել և խթանել տնտեսական աճը: (1 դոլարը 368,86 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև