01.07.2011 18:34
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկի» վարկային պորտֆելը 2011 թ. 5 ամիսների ընթացքում աճել է գրեթե 5.8 մլրդ. դրամով կամ մոտ 20 %՝ հասնելով 35.3 մլրդ. դրամի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Ընդ որում միայն ապրիլ-մայիս ամսվա արդյունքներով գրանցվել է վարկային պորտֆելի գրեթե 1մլրդ. դրամի աճ:
«Նշված աճը պայմանավորված է բանկի կողմից շարունակական իրականացվող բիզնես և, վերսկսված, տարատեսակ սպառողական վարկերի տրամադրումով»,- նշեց բանկի վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանը:
Նրա խոսքերով՝ բանկը կրկին տրամադրում է ֆիզիկական անձանց համար նախատեսված վարկային պրոդուկտների ամբողջական սպեկտր` ավտովարկեր, ապրանքների ձեռքբերման ապառիկ վարկեր, հիփոթեքային, ուսանողական և այլ տիպի սպառողական վարկեր:
Ուսանողական վարկատեսակը բանկը սկսել է տրամադրել 2011 թվականի վերջից:
«Հիմա արդեն կարող եմ փաստել, որ նշված վարկատեսակի տրամադրումով բանկը զբաղեցնում է իր ուրույն տեղը բանկային համակարգում, ինչին իհարկե նպաստեց 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին բանկի կողմից իրականացված ուսանողական վարկատեսակի գովազդային արշավը: Այս բանկային պրոդուկտը մենք շատ ենք կարևորում, քանի որ այն, ըստ էության, միտված է ապագային»,- ասաց Գրիգորյանը։
Նա ավելացրեց, որ բանկը չի նվազեցնում բիզնեսի վարկավորումը` վարկային պորտֆելի աճի զգալի մասը պայմանավորված է հենց տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված վարկերի ծավալների մեծացմամբ:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն նախատեսում է 2011 թվականին 11 մլրդ. դրամով ավելացնել վարկային ներդրումների ծավալը` հասցնելով այն 41 մլրդ. դրամի: Անցած ամիսների տեմպը պահպանելու դեպքում, մինչև 2011 թվականի ավարտը, նախատեսված նշաձողին մենք կհասնենք», - նշեց Հայկ Գրիգորյանը։
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։
Անելիք Բանկը միակն է հայկական բանկերից, որն ունի սեփական «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված ՌԴ ԿԲ-ի կողմից։ Բանկը համագործակցում է Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերի հետ:--0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: