Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները տարբեր ուղղությամբ են ընթացել

07.07.2011 15:42
Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները տարբեր ուղղությամբ են ընթացել

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու գնանշմանը կրկին չհաջողվեց վերականգնել իր դիրքերը վերջերս կայացած մեծ վաճառքից հետո, այն շարունակեց անկում ապրել ռիսկի նկատմամբ ներդրողների միտվածության ավելացման կապակցությամբ: Այնուամենայնիվ, նախորդ առևտրային շաբաթվա սկզբից ոսկու գինն աճեց՝ կարողանալով հասնել շաբաթվա իր առավելագույն ցուցանիշին՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1513,70 ԱՄՆ դոլարի հիմնական մրցակիցների նկատմամբ անկում ապրող ԱՄՆ դոլարի ֆոնի ներքո:

Սակայն այն բանից հետո, երբ Հունաստանի խորհրդարանը չորեքշաբթի՝ հունիսի 29-ին, միջոցառումների ծրագիր ընդունեց և հինգշաբթի՝ հունիսի 30-ին, հավանության արժանացրեց 28,4 մլրդ եվրոյով ծախսերի կրճատման ծրագրի իրագործման օրինագիծը, ինչը թույլ կտա երկրին ստանալ հերթական հինգերորդ տրանշը (12 մլրդ եվրո) ֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում, ներդրողները կրկին լավատեսորեն նայեցին Հունաստանի տեսանելի ապագային՝ նման կերպով նվազեցնելով ապաստան-ակտիվների, մասնավորապես՝ ոսկու նկատմամբ պահանջարկը:

Ոսկու գնանշման վրա լրացուցիչ ճնշում գործադրեց լուրն այն մասին, որ գերմանական և ֆրանսիական բանկերը համաձայնել են վերակառուցվածքայնացնել հունական պարտքը: Այսպիսով, նախորդ շաբաթ ոսկու արժեքը նվազեց 1,0 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1486,97 ԱՄՆ դոլարի:

Այս շաբաթ ոսկու գնանշումը կսահմանվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությամբ: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ADP գործակալության կողմից ԱՄՆ-ում զբաղվածների թվի փոփոխության հունիսյան տվյալների և ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների թվի (Change in Nonfarm Payrolls) փոփոխության տվյալների հրապարակումը:

Եվրագոտուց ստացվող նորություններից հարակվոր է նշել տոկոսադրույքին նվիրված ԵԿԲ-ի հերթական նիստը, որը նախատեսված է հուլիսի 7-ին: Նիստի ավարտից հետո տեղի կունենա ԵԿԲ-ի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեի ավանդական մամուլի ասուլիսը: Եթե հիմնական տոկոսադրույքը բարձրացվի մինչև 1,5 տոկոս, ապա ոսկու հետագա դինամիկան կախված կլինի Տրիշեի մեկնաբանություններից, որոնք, մեր գնահատականների համաձայն, զուսպ կլինեն և հստակ ազդանշան չեն պարունակի տոկոսադրույքի հետագա բարձրացման ժամանակի վերաբերյալ: Այս դեպքում ոսկու արժեքի աճը զուսպ կլինի: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների համար դիմադրության մակարդակ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1513 ԱՄՆ դոլարը:

Հարկավոր է նշել, որ Հունաստանին օգնություն ցուցաբերելու ֆրանսիական ծրագիրը կարող է բացասական արձագանքի արժանանալ վարկանիշային գործակալությունների կողմից: Այսպես, Fitch գործակալության բազմաթիվ հայտարարությունների համաձայն՝ եթե մասնավոր հատվածը համաձայնի հետաձգել երկրի պարտքի դիմաց վճարման ժամկետները, ապա հավանական է, որ այն կճանաչի Հունաստանի դեֆոլտը: Սա կարող է ազդակ դառնալ որպես ապաստան-ակտիվ ոսկու գնումների վերսկսման համար:

Սակայն եթե ԵԿԲ-ի տոկոսադրույքը չբարձրացվի, իսկ ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը դրական լինի, ԱՄՆ դոլարի գինը կարող է բարձրանալ հիմնական արտարժույթների նկատմամբ՝ նման կերպով ճնշում գործադրելով ոսկու վրա: Այս շաբաթ ոսկու համար աջակցության շեմ կլինի տրոյական մեկ ունցիայի դիմաց 1460 ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի  արժեքն ավելացել է 5,25 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4,3015 ԱՄՆ դոլարի: Այս ամենի պատճառներն էին առաջին հերթին հունական պարտքերի կապակցությամբ շուկայի մասնակիցների մտավախությունների թուլացումը, երկրորդը՝ անկում ապրող դոլարը և երրորդը՝ Մետաղների լոնդոնյան բորսայում (ՄԼԲ) կարմիր մետաղի անկում ապրող բորսայական պաշարները:

1

Նախորդ շաբաթ կարմիր մետաղի գնանշման համար լրացուցիչ աջակցող գործոններ էին ապրանքային-հումքային շուկաներում, մասնավորապես՝ նավթի շուկայում վերականգնող գները:

Այս շաբաթ պղնձի արժեքը հիմնականում կսահմանվի ԱՄՆ-ից, եվրագոտուց ստացվող տնտեսական նորություններով և դոլարի դինամիկայով: Եթե ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ հունիսին ոչ գյուղատնտեսական ոլորտում նոր աշխատատեղերի քանակը կանխատեսվածից ավելի շատ լինի և միաժամանակ տոկոսադրույքի հետագա բարձրացման հնարավորության վերաբերյալ ԵԿԲ-ի նախագահ Տրիշեի մեկնաբանությունները չեզոք լինեն, ապա պղնձի գնանշումը աճի լրացուցիչ ազդակ կստանա:

Իսկ եթե ստացվեն տնտեսական բացասական տվյալներ, ապա ամերիկյան տնտեսության դանդաղեցման վերաբերյալ մտավախությունները կուժեղանան, իսկ կարմիր մետաղը կարող է վերսկսել իր անկումն ամրապնդվող դոլարի ֆոնի ներքո: Այս շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշման տատանման ենթադրվող դիապազոնը պղնձի մեկ ֆունտի դիմաց 4,1350–4,4650 դոլարն է:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև